Կենաց-մահու պայքար Սևանում. ի՞նչ է թաքցնում քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Սեւանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին քաղաքում, կարծես, կենաց-մահու պայքար է ընթանում: Կիզակետում է հայտնվել գործող քաղաքապետ, քաղաքապետի ինքնաառաջադրված թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը՝ հանրահայտ Ուդոն, ով հանրությանը հայտնի է կրիմինալ վարքով։

Կարելի էր կարծել, թե քաղաքում ստեղծված իրավիճակը պետք է նախընտրական պայքարով արտացոլվեր, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուդիկ Ղուկասյանին իր հարազատ ՀՀԿ-ն չի աջակցում, իսկ մարզպետը, նույն տեղեկությունների համաձայն, սատարում է ինքնաառաջադրված մյուս երեք թեկնածուներին՝ ՀՀԿ անդամներ Սեւանի նախկին քաղաքապետներ Գեւորգ Մալխասյանին, Աշոտ Ալեքսանյանին եւ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանին: Պարզվում է՝ ամեն բան միանգամայն ուրիշ հարթության վրա է գտնվում:

Սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության:

Նախ պաշտոնապես

Այսպես, երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր 2016 թվականի հուլիսի վերջերին Սեւանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։

Սեւանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կատարելը):

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ծանուցագրով հրավիրվել է որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, եւ քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել։ Ապա Ռ.Ղուկասյանը ներկայացել է քննչական մարմնին:

Նախ նշենք, որ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քաղաքապետը բերման է ենթարկվել Մարտունու քննչական բաժին, որտեղ քննվում է գործ` ստորգետնյա խողովակներ յուրացնելու հետ կապված:

Խոսքը Սեւան քաղաքի հաշվեկշռում գտնվող ջրահեռացման կոլեկտորի երկաթյա խողովակների յուրացման մասին է: Համայնքի պաշտոնատար անձինք, ըստ նախաքննական մարմնի, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, զգալի չափերի հասնող՝ 110 գծամետր, որից 66 գծամետրը՝ 600 մմ տրամագծի, իսկ 44 գծամետրը՝ 1000 մմ տրամագծի խողովակներ են յուրացրել: Ռ. Ղուկասյանը չի ընդունում իր պատասխանատվությունն այս մասով:

Ի՞նչ է թաքցնում քաղաքապետը

Պարզվում է՝ սա քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի անվան հետ շոշափվող միակ անօրինական դրվագը չէ: Ի դեպ, հարցաքննությունից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը լրատվամիջոցներով նոր հայտարարությամբ հանդես եկավ: Նրա խոսքով՝ իրեն բերման ենթարկելը շոու է՝ կազմակերպված Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի կողմից. «Շոու ա կազմակերպել, որ պիտի գան 4 հոգով գործող քաղաքապետին աշխատավայրից տանեն»,- հավելել է Ռ. Ղուկասյանը: Ի դեպ, նրա խոսքով՝ ընտրությունների ավարտից հետո ինքը կդիմի ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ընդդեմ Սեւանի ոստիկանապետի գործողությունների:

Ոստիկանապետի պարզաբանումը

Քաղաքապետի հայտարարության հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանից: Մեր հարցին՝ ճի՞շտ են Ռուդիկ Ղուկասյանի հայտարարությունները ոստիկանապետը բառացիորեն պատասխանեց հետեւյալը. «Հարուցվել է քրեական գործ 179 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով: Քննությունը վարում է Մարտունու քննչական բաժինը: Ղուկասյանին ծանուցում է ուղարկվել, որպեսզի ներկայանա Մարտունու քննչական բաժին, սակայն նա չի ներկայացել: Քննիչը պաշտոնապես որոշում է կայացրել, որպեսզի ես Ղուկասյանին բերման ենթարկեմ Մարտունու քննչական բաժին: Իսկ ես պարտավոր եմ կատարել քննիչի որոշումը: Եվ նրան բերման եմ ենթարկել:

Հ.Գ. Թե որքան կձգվի այս կծիկը, եւ ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դեռեւս վաղ է ասել, սակայն մի բան ակնհայտ է՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Հավելենք, որ Սևանի քաղաքապետի անվան հետ կապված բազմաթիվ ուշագրավ պատմություններ կան առկա, որոնց կանդրադառնանք հետագայում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս