«Սասնա ծռեր» խմբի անդամ` ներկայումս կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի վերաբերյալ մի դրվագով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած` հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Արման Առաքելյանը: Նա ևս նույն օրը զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը:
Հիշյալ գործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին: