ՀՀԿ-ի համագումարն աննախադե ՞պ է լինելու. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող հանրապետական կուսակցությունը պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: ՀՀԿ-ականներն արդեն մասնավոր զրույցներում քչփչում են, թե իբր այն աննախադեպ է լինելու: Իրականում առավել հավանական է, որ առաջիկա համագումարը լինի նախորդի կրկնությունը` մի փոքր «պլպլացրած» տարբերակով:

ՀՀԿ-ում այլեւս ավանդույթ է դառնում համագումարից առաջ նոր կառավարություն ձեւավորելը: Բանն այն է, որ ՀՀԿ-ի վերջին` 15-րդ համագումարը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 24-ին: Դրանից ընդամենը մեկուկես ամիս առաջ` ապրիլի 3-ին, հրաժարական էր ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ապրիլի 13-ին նրան փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը: Այնուհետեւ մայիսի 19-ին խորհրդարանին էր ներկայացվել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որը խորհրդարանի կողմից հաստատվել էր մայիսի 22-ին` ՀՀԿ-ի համագումարից ընդամենը երկու օր առաջ: Այս անգամ էլ, ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ` սեպտեմբերի 8-ին, հրաժարական ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը, եւ սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ:

Մինչեւ հոկտեմբերի 3-ը պետք է նոր կառավարություն ձեւավորվի, իսկ դրանից հետո քսանօրյա ժամկետում էլ` մինչեւ հոկտեմբերի 23-ը, նոր կառավարությունը խորհրդարարանին պետք է ներկայացնի ծրագիրը, որը հինգօրյա ժամկետում պետք է ընդունվի կամ մերժվի: Հասկանալի է, որ նոր կառավարության ծրագրի չհաստատվելու տարբերակը գրեթե անհնար է: Ուստի կարելի է ակնկալել, որ ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոր կառավարության ծրագրի հաստատումից մոտ երեք շաբաթ անց: Այսինքն՝ ինչպես 2014-ի մայիսին, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը կարող է նոր կառավարության կազմավորումով պայմանավորված ինչ-որ խոստումներ հնչեցնել` գիտակցելով, որ առնվազն մի քանի ամիս պետք է լինելու, որպեսզի հնչած խոստումների փուչ լինելու հարցում մարդիկ փաստացի համոզվեն:
Օրինակ՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում Սերժ Սարգսյանն այսպիսի խոստում էր տվել. «Առաջիկա տարիները լինելու են խիստ կարեւոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի եւ կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք եւ դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում»: Այս խոսքերին հաջորդած երկուսուկես տարիներին Հայաստանի տնտեսությունը հետեւողականորեն քայքայվեց, պետական պարտքը մեկ միլիարդով ավելացավ, շուրջ 100 հազար մարդ արտագաղթեց Հայաստանից եւ այսպես շարունակ: Կարելի է կարծել, որ հենց այս «աշխատանքը եւ արդյունքն» է նա նկատի ունեցել իր ելույթում:

Նախորդ կառավարության ծրագրի մասին էլ Սերժ Սարգսյանը 2014-ի մայիսին ասել էր. «Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ արդար աշխատանքը խրախուսելուն»: Թե ինչ եղավ հետո, բոլորի աչքի առաջ է: Անցած երկուսուկես տարիներին Հայաստանում տեղի չի ունեցել գեթ մեկ իրադարձություն, որը այսօր կարելի է մատնանշել եւ ասել, որ այսպիսի դրական բան է տեղի ունեցել: Բայց կասկած չունենք, որ ՀՀԿ-ի առաջիկա համագումարում եւս Սերժ Սարգսյանը նույնատիպ ինչ-որ խոստում կտա, այս անգամ էլ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հետ կապված:

Սերժ Սարգսյանի վերը նշված ելույթից եւս մեկ հատված մեջ բերենք. «Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում եւ ունի մեր բոլորի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությունը»: Հատկապես գործարարների, աշխատավորների եւ գյուղացիների վրա ՀՀԿ-ի աջակցությունը վայելող կառավարության գործունեության ազդեցությունը, կարծում ենք, բոլորի համար ակնհայտ է. մարդիկ գնալով ավելի են աղքատանում, իսկ երկրից հեռանալու մասին մտորողների թիվն էլ հաստատուն աճում է:

Սակայն, կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի նախորդ ելույթի գոհարը հետեւյալ միտքը կարող է լինել. «Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման եւ մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում»: Այս խոսքերի պատասխանը տվել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր վիճակում է գտնվում:

Մի խոսքով, տեսնենք՝ այս անգամ Սերժ Սարգսյանը ինչ սին խոստումներով է հանդես գալու:

Հ.Գ. ՀՀԿ-ի գալիք համագումարը նախորդից կտարբերվի թերեւս միայն նրանով, որ նախկինում նախագահությունում նստածներից մի քանիսը, եթե անգամ կրկին իրենց տեղերում բազմեն, ապա այլեւս որպես պաշտոնաթողներ են ներկայացած լինելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս