Ցավն այն է, որ մեզ լուրջ չեն ընդունում, մտածում են` «խնդցնող», ջրիկ տղերք ենք. Վահագն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ կես տարի առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Թատրոն 32»-ում օր օրի նոր սցենարներ են գրվում, որոնք, սակայն, այդպես էլ մնում են թղթի վրա: Դրանք կյանքի կոչելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, իսկ մասնավոր միջոցներով դա ապահովելը բավական դժվար է: Թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ իրավիճակը չի փոխվել, ավելին` սրվել է: Մենք պարզել ենք` ինչ խնդիրների առջեւ է այսօր կանգնած «Թատրոն 32»-ը, եւ արդյոք այն փակման վտանգի տակ է:

14459722_1152211844859880_929367775_n

-Վահա՛գն, Ձեր թատրոնում առաջիկայում նոր ներկայացում կլինի՞:

-Նոյեմբերին հանդիսատեսի դատին կհանձնենք իմ ու Ռաֆայել Երանոսյանի` սթենդ-ափ ժանրի հումորային շոու-ներկայացումը: Մենք հանդես կգանք ոչ թե դուետով, այլ առանձին-առանձին: Իսկ հիմա թատրոնում ակտիվություն չկա. ֆինանսական ծանր իրավիճակ է: Մենք էլ համապատասխան միջոցներ ենք փնտրում: Սա պետական թատրոն չէ, այլ մասնավոր, ինքնաֆինանսավորվող կառույց: Նմանատիպ թատրոն պահելու համար անհրաժեշտ է դիմել գովազդի օգնությանը, իսկ դա թանկ հաճույք է: Ներկայացումների տոմսերից ստացված գումարն էլ հազիվ հերիքում է դերասանների աշխատավարձերին ու կոմունալ վճարումներին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կրճատումների ես դիմում. եթե առաջին ներկայացման շրջանակում ընդգրկված էր 16-17 դերասան, հիմա ամեն բան մնացել է երկու հոգու` իմ ու Ռաֆայելի ուսերին:

14445345_1152211831526548_234346593_n

-Երբ հիմնում էիք թատրոնը, պատկերացնո՞ւմ էիք, որ նման խնդրի առջեւ կկանգնեք, թե՞ այլ սպասելիքներ ունեիք:

-Այդ խնդիրը միշտ էլ կա, բայց հարկավոր է պայքարել` դրան դեմ-հանդիման չկանգնելու համար: Արվեստն է մեր գործը, մեր խաչը: Մենք չենք կարող թողնել այն ու ասել` դե լավ, հիմա էլ փուռ կբացենք կամ ավտոլվացման կետ: «Թատրոն 32»-ը մենք կայացրինք սեփական ուժերով, ընկերական հիմունքների վրա, բայց այդ ամենը շարունակվել չէր կարող. գալիս է մի պահ, որ ով աշխատում է, պետք է վարձատրվի: Հիմա ավելի լավ է՝ կանգ առնենք, հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, քան վատ որակի, էժան ներկայացում բեմադրենք: Մենք մեզ նման բան թույլ չենք տա, հատկապես այն պարագայում, երբ գիտենք, թե ինչ հնարավորություններ ու ներուժ ունենք:

-Քաղաքական դեմքերի դիմե՞լ եք, հովանավորներ փնտրե՞լ եք: Գուցե այդ առումով պետք է մի քիչ ակտիվանա՞ք:

-Ոչ մեկի դուռը չենք ծեծել: Ով սիրում է այն ամենը, ինչ մենք անում ենք, նա էլ կարող է հովանավոր կանգնել դրան: Ցավն այն է, որ մենք հումորիստ ենք, իսկ մեզ լուրջ չեն ընդունում, մտածում են` խնդցնող, ջրիկ տղերք ենք: Եթե օբյեկտատեր լինեինք, գուցե կարգին մարդ համարվեինք…

-Վահա՛գն, «Թատրոն 32»-ի ամենատիպական կողմը ո՞րն է: Կա՞ ընդհանուր մի գիծ, որ բոլոր ներկայացումների միջով անցնում է:

-Մեր հումորը: Լուրջ ներկայացումների մեջ էլ հումորի տարրեր կան: Մենք ցանկանում ենք լինել 21-րդ դարի թատրոն: Բայց դրա համար անհրաժեշտ է զինվել տեխնիկայով եւ ունենալ այս դարի մտածելակերպով ու հնարավորություններով դերասաններ: Եթե, օրինակ, տանը 3D ֆիլմ ես դիտում, չես կարող գնալ թատրոն ու մութ, անհրապույր ներկայացում դիտել:

-Այլ երկրների փորձն ուսումնասիրե՞լ եք, մասնավոր թատրոն պահելու երաշխիքները որո՞նք են:

-Ոչ, ինչ-որ զուգահեռներ չեմ կարող տանել, բայց կարող եմ ասել, որ որակյալ արտադրանք տալուն զուգահեռ պետք է դիմել կոմերցիայի օգնությանը, այսինքն` ճիշտ չափաբաժնով «չարչիությանը»:

14458950_1152211834859881_344684135_n

– «Թատրոն 32»-ին այսօր փակվելու վտանգ սպառնո՞ւմ է:

-Չէ, դա չի կարելի: Չեք պատկերացնի` որքան ջանք ու եռանդ ենք դրել` թատրոնի կայացման գործում: Փակել այն` կնշանակի համակերպվել դժվարությունների հետ ու պարտվել: Թատրոնը զենք է, որը մի օր անպայման կկրակի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս