Երկուշաբթի երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի կունենա պատմական իրադարձություն: Առաջին անգամ բանավեճի հարթակում միմյանց կբախվեն Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Հաշվի առնելով նախագահական դեբատների գերկարեւոր ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա` կարելի է չկասկածել, որ առաջին բանավեճը լինելու է պատմական: Ըստ էության, եթե ամերիկացիները բարեբախտություն ունեն վայելելու քաղաքական համակարգի հասունության թերեւս լավագույն դրսեւորումը, հայ ժողովուրդը տարիներ շարունակ զրկված է դրանից, իսկ արդեն նոր Սահմանադրությամբ նույնիսկ դրա տեսական հնարավորություններն են ի չիք դարձել:
Թեեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անց են կացվել 1789 թվականից, նախագահների բանավեճերի պաշտոնական ֆորմատն այս երկրում ի հայտ է եկել 1960թ. սեպտեմբերի 26-ին հանրապետական փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի եւ դեմոկրատ թեկնածու Ջոն Քենեդու միջեւ կայացած բանավեճով: Մինչ այդ, թեկնածուների միջեւ քաղաքական բանավեճերի հատուկենտ օրինակ է համարվում 1858թ. բանավեճը Լինքոլնի ու Դուգլասի միջեւ: Հատկանշական է, որ 1940թ. ԱՄՆ նախագահ Ֆրանքլին Ռուզվելտը հրաժարվել էր հանրապետական թեկնածու Ուենդըլ Ուիլքիի բանավեճի հրավերից: Ինչեւէ, սպասվում է, որ մինչեւ նոյեմբերի 8-ը կայանալիք քվեարկությունը պետք է կայանան երեք բանավեճեր Թրամփ-Քլինթոն ձեւաչափով եւ եւս մեկը` վերջիններիս ներկայացրած փոխնախագահության թեկնածուներ Մայք Փենսի ու Թիմ Քեյնի միջեւ: ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրության շեմին երկու հիմնական կուսակցությունների թեկնածուներ Թրամփի եւ Քլինթոնի ճամբարներում լուրջ անհանգստություն է առաջացել առաջին բանավեճի հետ կապված: Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ այս փուլում նվազագույն իսկ սայթաքումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Մեծ է հավանականությունը, որ առաջին բանավեճում լուրջ կորուստներ կրած թեկնածուն հազիվ թե կարողանա կազդուրվել եւ հաջորդ երկու փուլերում վերականգնել կորցրածը: Այս դասագրքային ճշմարտությունն արդեն իսկ ապացուցվել է ամիսներ առաջ տեղի ունեցած ներկուսակցական բանավեճերի փորձով, երբ Ջեբ Բուշը առաջին իսկ անհաջողությունից այլեւս չկարողացավ իրեն վերգտնել` հնարավորություն տալով Թրամփի հաղթարշավին:
Թեկնածուների նախընտրական շտաբների մտահոգությունները, անշուշտ, տարբեր են: Նախկին պետքարտուղար եւ առաջին տիկին Հիլարի Քլինթոնի շտաբում անհանգստացած են, որ բանավեճը վարողները, գիտենալով Թրամփի կարողություններն ու քաղաքական պատրաստվածությունը, նրան կտան ավելի դյուրին ու պարզունակ հարցեր: Միաժամանակ ելնելով Քլինթոնի փորձառությունից` հավանական է, որ վերջինիս բաժին կհասնեն պետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Այդ դեպքում ակնհայտ է, որ Թրամփն ավելի լայն դաշտ կունենա թե՛ վրիպումներ թույլ չտալու, թե՛ դիմացինին կենցաղային հողի վրա քննադատելու եւ նույնիսկ վիրավորելու համար: Քլինթոնի շտաբի հասարակական կապերի գծով պատասխանատու Ջենիֆեր Փալմիերին հիշատակում էր հենց հանրապետականների ներսում կայացած բանավեճերի փորձը` պնդելով, որ վարողները Թրամփին տալիս էին հարցեր` հաշվի առնելով թեկնածուի կարողությունները տվյալ ոլորտում: Ակնհայտորեն ակնարկվում է, որ Թրամփը պետության առաջ ծառացած հիմնական խնդիրների լուծման հստակ հայեցակարգ չունի, ինչն էլ որոշ իմաստով դրականորեն է ազդում բանավեճերում նրա հաղթանակներին` նաեւ լրագրողների պատճառով:
Հավելենք, որ Հիլարի Քլինթոնը առաջին բանավեճին պատրաստվել է շաբաթներով, դրան նախորդող որեւէ հրապարակային հանդիպում չի անցկացրել: Նրա շրջապատից տեղեկություններ են սպրդում, որ նախկին պետքարտուղարը անցել է քաղաքական բանավեճերի դասագրքային կանոնների ուսումնասիրությանը, բանավեճի փորձերին: Միաժամանակ նա մանրամասնորեն ուսումնասիրել է Թրամփի մասնակցությամբ կայացած նախորդ բանավեճերը` գալով եզրակացության, որ Թրամփը առավելապես հաջող հանդես է եկել բազում թեկնածուների մասնակցությամբ անցկացված բանավեճերում: Քլինթոնի շտաբի համար, սակայն, շարունակում է գաղտնիք մնալ, թե ինչպիսին կլինի Թրամփը բանավեճի բեմում` ագրեսի՞վ, ինչպես մի շարք հանդիպումներում, թե՞ հանգիստ խոսելու պատրաստ: Կարծում ենք՝ Թրամփը փորձելու է, մի քանի հիմնական կետերի վրա ագրեսիվ խաղալով, ջախջախիչ հարվածներ հասցնել Քլինթոնին: Այս մասին է խոսում Թրամփի` բանավեճին ընդհանրապես չպատրաստվելը: Եթե հանրապետական թեկնածուն հանգիստ խոսելու տակտիկայով առաջնորդվելիս լիներ, հաստատապես այս օրերին պետք է զբաղված լիներ դասական կանոնների սերտմամբ, մինչդեռ նա ողջ շաբաթվա ընթացքում անցկացրել է բազմապիսի հանդիպումներ, ունեցել նույնաբովանդակ ելույթներ: Առաջին բանավեճի պես կարեւորագույն փուլի նկատմամբ Թրամփի կեցվածքը հուշում է, որ Քլինթոնին կարող է բաժին հասնել այն նույն վերաբերմունքը, ինչպես Ջեբ Բուշին` մեկ տարի առաջ:
Հայաստանում նախագահական բանավեճերի բացակայության պատճառով հարկադրված ենք հերթական անգամ անդրադարձ կատարել միայն եզակի օրինակին` 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան բանավեճին: Հայկական իրականության ներսում համեմատություն կատարելու հնարավորություն չունենալով հանդերձ` հարկ է նկատել, որ այդ բանավեճում լրագրողները հստակորեն կանխատրամադրված էին Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ:
Ավելին` օգտվելով Դեմիրճյանի փորձի բացակայությունից, նրան ավելի խճճված հարցեր էին տալիս, քան Քոչարյանին: Մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում կլիները հակառակը: Խնդրո առարկա բանավեճի վարողները չունեին նաեւ երկու կողմին հավասարակշռելու եթե ոչ հմտություն, ապա առնվազն ցանկություն: Դա Քոչարյանի ձեւավորած քաղաքական մշակույթի ուղիղ արտահայտությունն էր, հատկապես երբ բանավեճը վարող լրագրողները բացառապես «պատասխանատու» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն էին` աչքի առաջ մեկ խեթ հայացքով աշխատանքից վռնդվելու հեռանկարով:
Ն.Հովսեփյան