Հարց քաղաքացիներից` հաշմանդամության խմբում ընդգրկվելու համար բավակա՞ն է այն, որ քաղաքացու երիկամը հեռացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաշմանդամության խմբում ընդգրկվելու համար բավակա՞ն է այն, որ երիկամս հեռացված է: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին դիմելու համար:

Հասմիկ Բոյաջյան (62 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին` հաշմանդամության ողջ ժամանակահատվածի համար, հաշմանդամ ճանաչվելու օրվանից: Եթե Դուք ունեք առողջական խնդիրներ, ապա պետք է դիմեք բնակության վայրի տարածքային պոլիկլինիկա, որտեղ հետազոտումից, ախտորոշման ճշգրտումից եւ բուժումներից հետո անհրաժեշտության դեպքում` հաշմանդամություն սահմանելու նպատակով, կտրվի ուղեգիր (ձեւ 88)` տարածքային ԲՍՓՀ ներկայացնելու ու փորձաքննվելու համար: Տարածքային ԲՍՓՀ-ն կկայացնի որոշում` ՀՀ-ում հաշմանդամության սահմանման կարգին ու չափանիշներին համապատասխան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է` ինչու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունում խուսափում ուղիղ պատասխանից` երիկամի հեռացումից հետո անձը ճանաչվում է հաշմանդամ, թե ոչ: Ենթադրում ենք, որ որոշ դեպքերում ճանաչվում է, որոշ դեպքերում` ոչ: Սակայն, ինչպես գիտենք, ԲՍՓՀ-ներում կուզեն` բակլան խաշած կցանեն, կուզեն` հում, կուզեն` ընդհանրապես չեն ցանի:

 




Լրահոս