Վալերի Օսիպյանի ցուցմունքը Մանուկյանների կալանքը երկարացնելու հիմք է հանդիսացել. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի և Պավել Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդության հիմքում եղել է Վալերի Օսիպյանի ցուցմունքը: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշելով, որ իրենց ցուցմունքի ամբողջական տարբերակը չեն տրամադրել. «Մեզ հատկացված մասում նշվում է միայն, որ հանդիպել են Պավել Մանուկյանի հետ ու զրուցել, բայց թե դա ինչպես կարող է կալանավորման հիմք հանդիսանալ`պարզ չէ»:

Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են որոշումները բողոքարկել:

Նշենք նաև, որ Պավել Մանուկյանն իր գործով դատական նիստին, քննիչի միջնորդությունը լսելուց հետո, նյարդայնացել է և խնդրել, որ իրեն դուրս բերեն դահլիճից, իսկ Արամ Մանուկյանն ընդհանրապես չի ներկայացել նիստին:

Հիշեցնենք, որ Մանուկյանները մեղադրվում են Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Լիլիթ Շաբոյան




Լրահոս