Հայ-ռուս-իրանական փողերի լվացման գործով կան մի շարք հետախուզվողներ. «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի դատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006 թվականից մինչև 2013 թվականի հոկտեմբերին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ նշանակված լինելու տարիներին Արա Կիրակոսյանը, մեղադրվում է խոշոր չափերի գումարների լվացման մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում Կիրակոսյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը չի ընդունում և համարում է դրանք անհիմն. «Հաջորդ նիստին արդեն հանդես կգանք ճառերով, մեղադրող դատախազին ևս ժամկետ է տրված, որ իր ճառը ներկայացնի, որից հետո ես իմ ճառը կասեմ, Արան իր վերջին խոսքը, և դատավորը որոշում կկայացնի»:

Արա Կիրակոսյանն արդեն երեք տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ, գործին են ներգրավված նաև մի շարք այլ անձիք, որոնց շարքում է նաև բանկի վարչության նախագահի տեղակալ Մելիք Եսայանը: Բացի այս` գործով ներգրավված մի շարք անձինք դեռևս գտնվում են հետախուզման մեջ:

Ըստ մեղադրանքի Արա Կիրոկսյանը, Մելիք Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանցի, Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ նախնական համաձայնությամբ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր ու վճարման հանձնարարականներ, խարդախությամբ հափշտակել, ապա օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր բիզնես բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ՓԲԸ միջոցով, «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուրը՝ 10 միլիոն 980 հազար եվրո գումարը:

Ըստ մեղադրանքի՝ վերոհիշյալ գումարները պահվել են ՀՀ կենտրոնական բանկում՝ «Հայբիզնեսբանկի» թղթակցային հաշվին՝ իբր՝ մինչև գումարի շահառուի պարզաբանումը:

Սուրեն Գաբրիելյանը, Վահիկ Մանուկյանը, Մաջիդ Նազիֆը ու Բեհրուզ Բեհնամը, տեղեկացված լինելով իրանական բանկի համար փոխանցված գումարների ու «Հայբիզնեսբանկի» հաշվին անորոշ վիճակում դրանք պահելու մասին, Մելիք Եսայանի միջոցով կապ են հաստատել Արա Կիրակոսյանի հետ ու համատեղ ձեռնամուխ են եղել գումարները հափշտակելուն:

Լուսանկարը՝ hetq.am-ի




Լրահոս