Մասնակիցները պետք է իրենք իրենց հեռուստացույցով տեսնեն ու խայտառակ լինեն. Նադեժդա Սարգսյանը ցանկանում է մաքրել ռեստորանային երաժշտությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվ կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նոր նախագիծը` «Ամենակարող երգիչը», որի շրջանակում հարթակ է տրամադրվել ռաբիս երգերի կատարողների: Նրանց գնահատում է ժյուրին, որի կազմում են Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երգչուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ վերոնշյալ ժանրի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Ղեւոնդյանը, նույն ինքը` Սպիտակցի Հայկոն, ով, ի դեպ, կարծիք հայտնելով մասնակիցներից մեկի ելույթի վերաբերյալ, ասել է. «Խաղերդ ավելի վստահ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր…»: Նախագծի հաղորդավարներն են հումորիստ Աշոտ Ղազարյանն ու երգչուհի Անի Քրիստին:
Ծրագիրը նոր է հայտնվել էկրաններին, բայց արդեն իսկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի մասնակիցները պնդում են, որ «Ամենակարող երգիչը» իսկական սպանդ է հայ մշակույթի նկատմամբ:

14518707_1154833544597710_255025093_n

Նրանք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից եւ ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը: «Այն, որ բոլորս էլ հարսանիքների կամ քեֆ-ուրախությունների ժամանակ լսում ենք ռաբիս երաժշտություն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ պետք է ռաբիսը բերենք ու ներկայացնենք որպես մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանին հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանի որ այդ կառույցի գործունեության հիմնական նպատակը հասարակությանը կրթելն ու զարգացնելն է, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար: Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջին, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ կառույցը ֆինանսավորվում է պետական բյուջեից»,-ասված է ստորագրահավաքը նախաձեռնողների հայտարարության մեջ:

Նշենք նաեւ, որ «Ամենակարող երգիչ» նախագծին անդրադարձել են մշակույթի մի շարք ականավոր գործիչներ: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն սպառում է հույսի նշույլը: Եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժողովրդական արտիստներ… Ոտքի, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել… 25 տարի առաջ մենք չէինք էլ կարող պատկերացնել, թե ուր կարող է մեզ հասցնել այս աստիճան թողտվությունը… Ամեն դեպքում հարկավոր է ինչ-որ բան փրկելու գոնե փորձեր անել…»:
Երգիչ, երգահան Վահան Արծրունին էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «25 տարի առաջ էր պետք նման նախաձեռնությամբ հանդես գալ: Իրենց ժամանակն է, իրենք էլ վայելում են, չէ՞ որ նրանք ժողովրդական են եւ լուրջ վաստակներ ունեցող արվեստագետներ, եւ սա, վերջիվերջո, իրենց երկիրն է: Եթե փաստարկներս համարեք թույլ, նորից դիտեք մի քանի օր առաջ ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված մարզահամերգային խրախճանքը»:

14513628_1154833561264375_345288536_o

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Նադեժդա Սարգսյանի հետ. «Ժամանակին մեր ռեստորաններում շատ լավ երաժշտություն էր հնչում, բայց այսօր տեսեք` ինչ է կատարվում: «Ամենակարող երգիչ»-ը նպատակ ունի նպաստելու, որ ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ եւ կատարվեն գրագետ երգեր, որ նույնիսկ ռեստորանային երաժշտությունը մաքրվի: Ժյուրին քննադատաբար է մոտենում ռաբիս երաժշտությանը: Ինչո՞ւ: Որպեսզի այդ երգիչ-երգչուհիները ռեստորաններում երգեն մեր ժողովրդին հարիր երգեր: Պետք է կարողանանք մաքրել այն, ինչ կատարվում է մեր երգարվեստում: Դա է մեր խնդիրը: Իսկ մաքրել հնարավոր է միայն ասելով. «Ո՛չ, դու մի՛ երգիր այդ երգը, որը հայեցի չէ: Դու լավ տեմբր ունես, կարող ես ավելի լավ բան երգել»: Ամեն ինչ է արվում, որ կեղտը մաքրվի: Ամենակարող երգիչ կդառնա նա, ով տարբեր ժանրերում կկարողանա մաքուր ներկայանալ: Առաջին հաղորդման շրջանակում գրագետ երգիչներն իսկույն երեւացին»,-մեկնաբանեց նա:

Երգչուհու խոսքով` ժյուրիի անդամները չեն ուզում, որ հարեւան Ադրբեջանը լսի մեր ռեստորաններում հնչող երաժշտությունն ու ուրախանա. «Մենք այդ լադերից արդեն հոգնել ենք, բայց խոսքով, կռվով չենք կարող դրանց դեմն առնել: Միայն այս կերպ է հնարավոր դրանց դեմ պայքարել: Մասնակիցները պետք է իրենք իրենց հեռուստացույցով տեսնեն ու խայտառակ լինեն, էլ էդպես չերգեն: Ես չեմ ուզում, որ մեր հայտնիները, որոնք երգում են ռեստորաններում, ստիպված լինեն փոխելու իրենց ոճը: Այդ մենք պետք է փոխենք ռեստորաններում տարածված ոճը»,-ասաց նա:
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն էլ մեզ հետ զրույցում մեկնաբանելով նախագծի վերաբերյալ քննադատությունները՝ նշեց. «Դա մրցույթ է, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին ոչ. ես չեմ ուզում գնահատական տվողը լինել: Կարեւորն այն է, որ նախագծի շրջանակներում ժյուրին վատին ասում է վատ, մի քիչ լավին` մի քիչ լավ: Բնականաբար, ոչ մի խրախուսանք չէր կարող լինել»:

Անդրադառնալով Հասմիկ Պապյանի տեսակետին՝ պրոդյուսերն ասաց. «Շատ հարգում եւ սիրում եմ այդ երգչուհուն, բայց քննադատելը հեշտ է. պետք է առաջարկել ինչ-որ բան: Մենք չունենք առաջարկ»:
«Ժողովուրդ»-ը առաջիկայում կներկայացնի թեմայի շուրջ նաեւ Հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ մշակույթի նախարարության մեկնաբանությունները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս