Երևանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կողմից Ծերացման հարցերով Մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխանակել տարբեր երկրների կողմից ծերացման հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող ծրագրերը:
Գիտաժողովի ավարտին՝ քննարկումների ընդհանրացման արդյունքում առաջարկվելու են ծերացող բնակչություն ունեցող երկրների առջև ծառացած նմանատիպ մարտահրավերները հաղթահարելու լուծումներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով Ծերացման հիմնահարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը Հայաստանում, նշել է, որ Հայաստանը աշխարհի շատ երկրների նման չի շրջանցել երկրի բնակչության ծերացմանն առնչվող և դրանից բխող հիմնախնդիրները լուծելու մի շարք մարտահրավերներ:
«Ստորագրելով Ծերացման Մադրիդյան Ռազմավարությունը, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր երկրում իրականացնել այդ փաստաթղթի դրույթները, մասնավորապես` 10 հանձնառությունները, որոնք էլ հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության համար մշակելու իր ազգային ռազմավարական ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը սոցիալական ծառայությունների տրամադրումն է գնահատված կարիքների սկզբունքի հիման վրա, որը իսկապես կարևորագույն մոտեցում է: Այսօր մենք չենք սահմանափակվում միայն պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ, այլև փորձում ենք սոցիալական ծառայությունները մոտեցնել դրա կարիքը ունեցող մարդկանց, որտեղ լրջագույն դերակատարում ունի սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
Նախարարը, անդրադառնալով միջազգային փորձին, կարևորել է գիտաժողովին ներկա արտերկրյա ներկայացուցիչների մասնակցությունը և նշել, որ տարեցների ոլորտում նմանատիպ խնդիրներին լուծումներ տալու՝ արտերկրյա գործընկերների օրինակելի փորձը նոր հեռանկարներ կստեղծի ոլորտի զարգացման համար:
Գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգում ներկայացված նոր մոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրության տվյալների վերլուծությունը:
Հետազոտությունն իրականացվել է ողջ հանրապետությունում՝ ըստ թիրախային խմբերի և կարիքների գնահատման մեթոդաբանության: Հետազոտության միջոցով վեր է հանվել տարեցների ոլորտում առկա կարիքները՝ ուղենշելով դրանց լուծման համար անհրաժեշտ գործուն ծրագրեր ու մեխանիզմներ:
Գիտաժողովի ընթացքում տարեցների ոլորտում ունեցած իրենց փորձն ու մոտեցումներն են ներկայացրել նաև մի շարք երկրների ոլորտի պատասխանատուներ: Գիտաժողովի կազմակերպմանը աջակցում են ՄԱԿ բնակչության հիմնադրամը, Կարմիր Խաչի Հայկական և Շվեյցարական ընկերությունները և Հայկական Կարիտասը: