ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ 2016 թվականի սեպտեմբերի 22-25-ը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր:
Իրականացվել են չհայտարարված այցեր նշված մարզերում տեղակայված ձերբակալման եւ նախնական կալանքի վայրեր, քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաեւ զորամիավորումներ՝ պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ հարկադրական պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների իրացման հնարավորություններն ուսումնասիրելու, առկա խնդիրները վեր հանելու եւ լուծումներ առաջարկելու նպատակով:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հարկադրական պահման վայրերում գտնվող անձանց, ինչպես նաեւ զորամիավորումներում զինծառայություն իրականացնող անձանց հետ: Կատարվել են համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություններ:
Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին բողոք հասցեագրած անձանց հետ: Վեր հանված առանձին խնդիրներ բարձրացվել եւ լուծում են ստացել տեղում:
Առավել մանրամասն քննարկում կամ ուսումնասիրություն պահանջող հարցերը գտնվում են ամփոփման փուլում: Դրանցով սահմանված կարգով պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ