«Իրենց ձևափոխված, հնարած մեղադրանքներն են». Արարատ Խանդոյանի կողմից ոստիկանի վահանը վերցնելու գործը մտել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատ Խանդոյանի կողմից ոստիկանի վահանը խլելու մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրանքը, և քրգործն արդեն դատարանում է:

ArmLur.am-ի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում. «Քանի որ առաջադրված մեղադրանքի ապացույցները դեռևս չեն քննվել, ելնելով նախաքննական գաղտնիքից, այժմ այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ դեռևս նիստի օրը նշանակված չէ:

Իսկ Արարատ Խանդոյանի մայրը` Ռիտա Խանդոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ մեղադրանքներն անհիմն են. «Իրենց ձևափոխված, հնարած մեղադրանքներն են, այս ամենը կատարվում է, որպեսզի կալանքի ժամկետը երկարացնեն»:

Առաջադրված մեղադրանքին համաձայն չէ նաև Խանդոյանի կինը՝ Սոնա Խանդոյանը. «Ոստիկանը ցանկացել է նրա գլխին հարվածել, նա էլ պաշտպանվելու համար ձեռքը բարձրացրել է և պահել վահանը, ի՞նչ է իրավունք չունի պաշտպանվի: Արարատը ոչ մի բանում էլ մեղավոր չէ»:

Նշենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած  բախումների ժամանակ «բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը»:

 




Լրահոս