Մեկնարկել է Beeline-ի և ՀԳՀՄ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» համատեղ ծրագրի առաջին փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։

«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը կիրականացվի Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում և Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում։ Ուսուցման գործընթացի ժամանակ կկիրառվի եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը: Ընդհանուր թվով շուրջ 200 աշակերտներ ՀԳՀՄ մասնագետների կողմից հատուկ մշակված ուսուցման ծրագրի շրջանակում ձեռք կբերեն ձեռնարկատիրության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ գործնական պարապմունքների, խաղերի և պրակտիկ աշխատանքների միջոցով:

«Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Make Your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։ Համոզված եմ, որ ՀԳՀՄ հետ իրականացվող նոր ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի հայ դպրոցականներին ձեռք բերել այնպիսի գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ողջունում եմ համատեղ ծրագրի սկիզբը և հայտնում իմ երախտագիտությունը Beeline-ին և անձամբ պարոն Անդրեյ Պյատախինին՝ հետևողական և արդյունավետ համագործակցության համար: Համաձայն այս ծրագրի` մենք ցանկանում ենք համատեղ ուժերով միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձևավորել ձեռնարկատիրության մշակույթ և որպես առաջնային օղակ՝ կրթության և կարերիայի պլանավորումը երկու կարևոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կարող են դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան և կարիերան», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում մինչ օրս իրականցվել են շուրջ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպատակ ունեն թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը երիտասարդների շրջանում։

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

 




Լրահոս