Թշնամու կողմից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը խնդիրների առաջ է կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին զինծառայող Նարեկ Դարբինյանը 2014թ. ինժիներական աշխատանքներ կատարելիս հրազենային վիրավորում էր ստացել հակառակորդի կողմից: Նարեկը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից է: Նրա հայրը նույնպես պայմանագրային զինծառայող է, տան միակ աշխատողը:
Նարեկի վիրավորվելուց հետո ծնողներն որդուն բուժման ուղարկելու նպատակով ունեցվածքը վաճառել են, կուտակել մեծ քանակությամբ պարտքեր:

ArmLur.am-ի հետ զրույցում  Նարեկ Դարբինյանը նշեց, որ պետք է վերականգնողական բուժում ստանար Կարմիր խաչում:

«Նախ՝ Սոթքից Մուրացան՝ բաց վերքերի բուժման համար եմ եկել: Այստեղից ասեցին, որ վերքերն այնքան փոքր են, որ Կարմիր խաչում կընդունեն,  խորհուրդ տվեցին, որ ինչ-որ դեղամիջոցներ քսեմ, կանցնի»,-նշեց նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝  Կարմիր խաչը հրաժարվել է ընդունել նրան` ուղարկելով Հանրապետական հիվանդանոց՝ անալիզներ հանձնելու:

«Հանրապետական հիվանդանոցը հրաժարվեց  անվճար ընդունել անալիզներս` պահանջելով 9000 դրամ: Զանգեցինք հոսպիտալ, խնդրեցինք, որ միջնորդեն: Ասեցին թող գա՝ ուղեգիր վերցնի (Նարեկը 2-րդ կարգի հաշմանդամ է և դժվարությամբ է քայլում): Ստիպված որոշեցինք վճարել անալիզների գումարը, վերադառնալ Սոթք»,-ասաց նա:

Այստեղ Վարդենիսի բժիշկները կրկին նշանակել են սրսկումներ՝ ասելով, որ դեղ քսելով չի անցնի: Նարեկը  վճարել է դեղորայքի և սրսկումների համար:

Այնուհետև Նարեկը` 20 օր անց, երբ գնացել է Կարմիր խաչ, նրան ասել են, որ հաշմանդամության ժամկետը լրանում է, ուստի ինքը չի կարող 1 ամսվա բուժումը ստանալ, քանի դեռ չի երկարացրել հաշմանդամության ժամկետը:

«Ստիպված զանգեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ, որտեղից ասեցին, թե պետք է դիմում գրեմ, ինչին կպատասխանեն մի քանի օրից:

«Տեղ չունենալու պատճառով վերադարձա Սոթք: Այնուհետև Սոթքում հաշմանդամության հանձնաժողովը հրաժարվեց երկարացնել հաշմանդամությանս վկայականը՝ ասելով, որ հետ գնամ Մուրացան, քանի որ այդտեղ ուրոլոգ չկա: Այս անգամ զանգահարեցինք թեժ գիծ և պահանջեցինք, որ հարցը լուծեն, քանի որ էլ վիճակի չեմ  ո՛չ ֆինանսապես, ո՛չ ֆիզիկապես ենթարկվել այդ քաշքշուկներին»,-եզրափակեց Նարեկ Դարբինյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Դարբինյանը պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս