Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երրորդ անգամ Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատեց պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: 2014թ.-ից ի վեր մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են երեք բաժնից հիսուներեք հարցից բաղկացած հարցաշարով:
2016թ.-ի արդյունքները ներառում են 2015թ.-ի սեպտեմբերի 28-ից 2016թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։
Այս տարի ինդեքսն ունի երկու հիմնական առանձնահատկություն. նախ, երեք տարիների ընթացքում առաջին անգամ կան գերատեսչություններ, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի հարցաշարը, երկրորդ՝ ի տարբերություն նախորդ տարիների եւ ՏԱ իրավունքի զարգացման պրակտիկային հակառակ՝ այս տարի մարմիններն ընդհանուր առմամբ վատացրել են իրենց ցուցանիշները:
Հարցաշարին չպատասխանած մարմիններին կանդրադառնանք քիչ հետո, իսկ այժմ նշենք, որ 2016թ.-ի ինդեքսի համաձայն՝ գնահատման ենթարկված բոլոր մարմինները վատթարացրել են իրենց նախորդ տարվա ցուցանիշը հիմնականում այն պատճառով, որ տեղեկություն տնօրինողները վատացրել են իրենց աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու հարցում: Օրինակ, 2015թ.-ին առաջատարների տասնյակում հայտնված Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արարատի մարզպետարանները ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել էին լիարժեք եւ ժամանակին ու ստացել տվյալ բաժնում ամենաբարձր՝ 25 միավոր: Այնինչ 2016թ.-ին Կոտայքի եւ Արմավիրի մարզպետարաններն այս նույն (ՏԱ հարցումների պատասխանները գնահատող բաժնում, որը ինդեքսի 1-ին բաժինն է) ունեն 20 միավոր, Արարատն ու Լոռին՝ 21 միավոր, Սյունիքը 17, իսկ Վայոց Ձորը 13 միավոր: Իսկ օրինակ գյուղատնտեսության նախարարությունը 2015թ.-ի 20 միավորի փոխարեն 1-ին բաժնում հավաքել է 25 միավոր եւ ընդհանուր 85 միավորով զբաղեցրել 2-րդ տեղը: Հատկանշական է, որ այս առաջընթացը նախարարությունն արձանագրել է միայն հարցումների պատշաճ պատասխանելու հաշվին, իսկ ինդեքսի մնացած բաժինների ցուցանիշը նախարարության համար նույնն է, ինչ 2015թ.-ին:
Ընդհանուր տվյալներ
Այսպես, հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի 2016թ. գնահատման արդյունքում տեղեկություն տնօրինող որևէ մարմին չի կարողացել հավաքել 100 միավոր: Նույն պատկերն էր նաև նախորդ երկու տարիներին: Ավելին, եթե 2015թ.-ին Կոտայքի մարզպետարանը հավաքել էր 89 միավոր, ապա այս տարի առաջատար Առողջապահության նախարարության հավաքած միավորների շեմն ավելի է հեռացել 100 միավորից՝ կազմելով միայն 86 բալ։
Առաջատարները
2016թ.-ին հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի լավագույն հնգյակը կազմում են.
ՀՀ առողջապահության նախարարություն` 86 միավոր,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 85 միավոր,
ՀՀ արդարադատության նախարարությունը և Կոտայքի մարզպետարանը՝ 84 միավոր,
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ Տավուշի մարզպետարանը` 83 միավոր,
ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Վայոց Ձորի մարզպետարանը՝ 81 միավոր:
Եթե եւ 2014 եւ 2015թ.թ.-ին Ինդեքսում պետական կառավարման մարմիններից լավագույն ցուցանիշը արձանագրվել էր մարզպետարաններում, ապա 2016թ.-ին պատկերը փոխվել է եւ լավագույնները նախարարություններն են. արդյունքում ամենաբարձր 5 միավորներ հավաքած 8 մարմիններից 5-ը նախարարություններ են:
Սա պայմանավորված է մի կողմից նրանով, որ նախարարություններից շատերը կատարելագործել եւ տեղեկությամբ հարստացրել են իրենց կայքերը, մյուս կողմից՝ մարզպետարանները գնահատվող ժամանակահատվածում թերություններ են ունեցել ՏԱ հարցումներին պատասխանելիս։
Ետնապահները
Ինչպես նշվեց, 2016թ.-ին կան մարմիններ, որոնք չեն պատասխանել հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի հարցաշարին: Ուստի հետնապահների ցուցակն այս տարի գլխավորում են այդ մարմինները: Դրանք են.
ՀՀ Ազգային ժողովը,
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը,
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Այս երեք մարմիններն էլ հավաքել են 0 միավոր: Սակայն հարկ է անդրադառնալ այս մարմիններին առանձին-առանձին, քանի որ միայն հարցաշարն անպատասխան թողնելու հանգամանքը դեռ ամբողջությամբ չի խոսում այս մարմիններում հրապարակայնության եւ թափանցիկության վիճակի մասին:
Այսպես, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ետնապահն էր նաեւ 2015թ.-ին՝ 29.5 միավորով: 2016թ.-ին գնահատման իրականացման ընթացքում, երբ հարցաշարին պատասխանելու ժամկետները լրացել էին, կոմիտեն ԻԱԿ-ի աշխատակիցներին հայտնել էր, որ պատրաստվում են պատասխանել եւ հարցաշարը կուղարկեն: Սակայն պատասխանն այդպես էլ չստացվեց:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը նույնպես 2015թ.-ին ետնապահներից էր 33.5 միավորով: ԱԱԾ-ն, սակայն, հարցաշարին չի պատասխանել այլ պատճառով. հարցաշարը տեղեկություն տնօրինողներին ուղարկվում է ավտոմատ կերպով՝ foi.am/rating կայքի միջոցով՝ տեղեկություն տնօրինողի պաշտոնական էլեկտրոնային հասցեին: ԻԱԿ-ի աշխատակիցներին ԱԱԾ-ն հայտնել է, որ հարցաշարն անհրաժեշտ է ուղարկել թղթային տարբերակով: Այս պատճառաբանությունը տարօրինակ է, քանի որ մի կողմից եւ 2014, եւ 2015թ.թ.-ին ԱԱԾ-ն պատասխանել է հենց էլեկտրոնային տարբերակով ներկայացված հարցաշարերին, մյուս կողմից էլ “Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավարության՝ 2015թ.-ի հոկտեմբերի 15-ի որոշման համաձայն՝ «էլեկտրոնային փոստով ուղարկված կամ տեղեկություն տնօրինող մարմինների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների) պաշտոնական կայքերի միջոցով առցանց ուղարկված տեղեկություն ստանալու հարցումները համարվում են գրավոր հարցումներ եւ դրանց պետք է ընթացք տալ եւ պատասխանել ճիշտ այնպես, ինչպես թղթային տարբերակով ներկայացված հարցումներին»: Արդյունքում, ԱԱԾ-ի պահանջ-պատճառաբանությունը ԻԱԿ-ը հիմնավոր չի համարել:
ՀՀ Ազգային ժողովը 2015թ.-ին նույնպես ետնապահներից էր եւ ուներ 51 միավոր: Հրապարակայնության եւ թափանցիկության տեսանկյունից թերեւս վերոնշյալ մարմիններից ամենախնդրահարույցը ԱԺ-ի՝ 2016թ.-ի հարցաշարին պատասխանելու մերժումն էր: Երբ ԻԱԿ-ի աշխատակիցը զանգահարել էր ԱԺ ճշտելու համար ստացել են արդյոք հարցաշարը, ԱԺ-ից պատասխանել են, որ ստացել են, սակայն չեն պատրաստվում դրան պատասխանել: Սա հրապարակայնության եւ թափանցիկության վատագույն ցուցանիշն է: