«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երեւան-Սեւան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում: Գործարանը գտնվում է Եւեւան-Սեւան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ, ով հաստատեց. «Դա «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի շենքն է: Կոնյակի գործարան եմ կառուցում, վա՞տ բան եմ անում: Ես շատ սիրուն կոնյակի գործարան եմ կառուցելու: Բացումը մյուս տարի կլինի, լրագրողներին էլ եմ հրավիրելու: Մեծ, սիրուն շենքեր են: Իմ գործարանը կսկսի աշխատել մյուս տարի` հուլիսին կամ օգոստոսին: Աշխատում եմ` սիրուն սարքեմ, տեսնենք»: Նկատենք, որ Մելիք Մանուկյանն այն գործարար պատգամավորների թվին է պատկանում, որի ներկայացվածության հարցը ապագա խորհրդարանում բավականին մշուշոտ է: Նախորդ ընտրություններում նա պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով` թիվ 26 ընտրատարածքից:
Բայց եթե նախկինում ՀՀԿ-ական իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ մեծամասնական ընտրակարգով մի քանի գործարարների մանդատ բաժին հանել, նոր ԸՕ-ով ամեն ինչ այդքան հեշտ չէ: Հավանաբար նաեւ առանց մանդատ մնալու հեռանկարն է Մանուկյանին դրդել, որպեսզի նա սկսի իր բիզնեսների զարգացման մասին ավելի խորը մտածել:
Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Երկիր մեդիայի» եթերում վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին ասել էր. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու այդպիսի բան կատարվի, որովհետեւ վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում: Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»: Հետագայում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ ասելու բան չունի: «Ժողովուրդը»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե իրենք, որպես իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին երբ են իմացել: «Դե, հիմա ինչ կարեւոր է… բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք»,- պատասխանեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:
Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու անդամի ընտրությունների քարոզարշավի ընթացքին զուգահեռ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքերը ավելի խոցելի են դառնում: Բանն այն է, որ գյումրեցիները, երբ տեղեկանում են, որ նա ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով է մասնակցում, գործող քաղաքապետի օգտին քվեարկելուց կտրականապես հրաժարվում են: Այսինքն՝ քարոզարշավը ակնհայտ ընդդեմ Բալասանյանի է ընթանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բալասանյանը վերջին օրերին ՀՀԿ-ական ամենատարբեր շրջանակների խնդրում է օգնել իրեն, անգամ փորձել է Հովիկ Աբրահամյանից աջակցություն խնդրել, երբ նա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս է եղել: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Հովիկ Աբրահամյանը մինչեւ քարոզարշավի սկսվելը հրաժարական տվեց իր պաշտոնից: Ըստ լուրերի՝ նախկին վարչապետն արդեն մի քանի օր է՝ Դուբայում է, եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա: Բայց, ամեն դեպքում, մեկ բան ակնհայտ է՝ Բալասանյանն այլեւս չի կարող նրանից օգնություն ակնկալել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այս տարվա սեպտեմբերին տեղաբաշխած պետական նոր պարտատոմսերի ծավալը երեկվա դրությամբ կազմել է 25 միլիարդ 421 միլիոն 200 հազար դրամ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ միայն այս հանգամանքի շնորհիվ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ ավելացել է շուրջ 54 միլիոն դոլարով: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի պետական պարտքը այլեւս հատել է հինգուկես միլիարդ դոլարի սահմանագիծը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը արդեն իսկ կազմում էր 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Ի դեպ, հարկ է նշել, որ պետական պարտատոմսերի վերջին տեղաբաշխումը տեղի է ունեցել երեկ՝ մեկ միլիարդ 749 միլիոն 200 հազար դրամի չափով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նոր վարչապետի` Կարեն Կարապետյանի նշանակումը որեւէ կերպ չի ազդել պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ պետական պարտքի ավելացման սրընթաց դինամիկայի վրա:
ԳԵՐԼԱՎԱՏԵՍ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ անդրադարձել է ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության եւ իշխանության միջեւ ձեռք բերված վերջին երկու համաձայնագրերին: Ուշագրավ է, որ հունիսի 16-ի համաձայնությունը «պատմական» որակած ԵՄ պատվիրակության ղեկավարը գրեթե նույնպիսի գնահատական է տվել արդեն նոր համաձայնությանը՝ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ նախորդ համաձայնության արդյունքում կատարվելիք ԸՕ փոփոխությունները ՀՀ իշխանությունները կանխամտածված կերպով ձախողեցին. «Եվրամիությունը հավատացած է՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, ինչ տեղի ունեցավ մինչ այդ, մեծ համբերատարությամբ ու վճռականությամբ տեղի ունեցած ողջ գործընթացը, մի բան է, որով ՀՀ կարող է հպարտանալ»,- «Ազատությանն» ասել է դեսպանը:
Ինչ վերաբերում է հունիսյան համաձայնության տապալմանը, այստեղ Պ. Սվիտալսկին բավարարվել է՝ իր ափսոսանքը հայտնելով, այն հույսով, որ գուցե թե առաջիկայում այդ համաձայնագիրը կյանքի կոչվի. «Անշուշտ, ափսոս է, որ նախորդ համաձայնագիրն այժմ չի կարող իրագործվել: Ինչպես գիտեք, մենք դրա իրագործմանը շատ էինք սատարում ու պատրաստ էինք տրամադրել ֆինանսավորման զգալի մասը։ Բայց, ինչպես ես եմ հասկանում, հունիսյան համաձայնագիրը պարզապես հետաձգվել է, որովհետեւ սեպտեմբերյան համաձայնագիրը հղում է կատարում առ այն, որ հունիսյան համաձայնագիրը ի կատար է ածվելու ավելի ուշ, մյուս՝ հաջորդող ընտրություններում: Այնպես որ, ես հավատում եմ, որ ոչ մի բան կորած չէ, որ բոլոր ձեռք բերված համաձայնությունները ազնվորեն կիրագործվեն ժամանակին»:
Թե ինչի վրա է հիմնված հարգարժան պարոն Սվիտալսկու նման լավատեսությունը, դժվար է ասել: Պարզ է մեկ բան՝ ՀՀ իշխանությունները դրա համար մինչ օրս հիմքեր չեն տվել: Առավել եւս, որ եթե անգամ կյանքի կոչվի այս համաձայնագիրը, դրանով չեն վերանալու այս ԸՕ-ում դիտորդների եւ լրագրողների գործունեության խայտառակ սահմանափակումները, որոնց մասին, չգիտես ինչու, ո՛չ ԵՄ ներկայացուցիչները, ո՛չ էլ ընդդիմադիր խմբակցություններն առանձնապես չեն խոսում: Ի տարբերություն քաղհասարակության ներկայացուցիչների, որոնց գնահատմամբ՝ անկախ բոլոր փոփոխություններից, եթե դիտորդների եւ լրագրողների նկատմամբ առկա սահմանափակումների դրույթները մնան անփոփոխ, իրենք այս ԸՕ-ն կհամարեն ավելի վատը, քան նախորդը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը երեկ խոսել է նաեւ ՀՀ-ում վստահության պակասի մասին՝ նշելով. «Այն, ինչ Հայաստանին անհրաժեշտ է, վստահությունն է, վստահություն, որ հաջորդ ընտրությունները կարտացոլեն բնակչության իրական կամքը»: Եվ վերստին՝ տարակուսելի է, որ հարգարժան պարոն դեսպանը իր հարցազրույցում որպես առաջիկա ստուգատես չի նշում 2 օրից՝ սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, այլ դա վերապահում է արդեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: