Հայաստանում գրեթե ցանկացած պաշտոնյայի փոփոխություն նրա մերձավոր շրջապատում ստեղծում է անորոշությունների սրտատրոփ մթնոլորտ: Բնական է, որ ցանկացած նորանշանակ պաշտոնյա նախընտրում է աշխատել իր ճանաչած մարդկանց հետ եւ այդ առումով առանցքային փոփոխությունները օրինաչափ են թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում: Այդուամենայնիվ, մեզ մոտ նկատվում է մի բացասական միտում, երբ հատկապես վարչապետի փոփոխությունից հետո ողջ կառավարությունն անկանխատեսելիությունից ասես փշերի վրա է հայտնվում:
Հաշվի առնելով նոր Սահմանադրության իրողությունները` փորձենք հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը խորհրդարանական կառավարմամբ երկրներում: Ավելի քան 11 տարի է, ինչ Գերմանիայում Անգելա Մերկելի կառավարությունը չի փոխվում, սա նկատի ունենալով՝ հարկ է հայացք ձգել պառլամենտարիզմի դասական ավանդույթներ ունեցող Մեծ Բրիտանիայի օրինակին, որտեղ երկու ամիս առաջ տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն: Հատկանշական է, որ այս երկրում պահպանողականները հաղթել էին մեկ տարի առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում եւ Քեմերոնը կրկին բազմել էր վարչապետական աթոռին: Սակայն 2016թ. ամռանը կայացած հանրաքվեի արդյունքները ուղիղ հակադրության մեջ մտան Մեծ Բրիտանիայի ապագայի մասին Քեմերոնի ունեցած տեսլականի հետ: Արդյունքում վարչապետը հայտարարեց իր հրաժարականը: Մեծ Բրիտանիայի այս վարչապետափոխությունը քաղաքական ճգնաժամի անմիջական ծնունդն էր: Միաժամանակ, Քեմերոնի հրաժարականով իշխանությունը մնաց պահպանողականների ձեռքում: Այս առումով Հայաստանի հետ նմանություններ, այդուամենայնիվ, կարելի է գտնել, երբ վարչապետի պաշտոնում նշանակվում է միեւնույն կուսակցության արդեն մեկ այլ ներկայացուցիչ:
Հետաքրքիր է, որ նոր նշանակված վարչապետ Թերեզա Մեյը անմիջապես փոխեց երկրի արտաքին գործերի նախարարին: Սա լիովին տրամաբանական քայլ էր՝ հաշվի առնելով, որ Քեմերոնի հրաժարականի պատճառը բացառապես արտաքին քաղաքականության տիրույթում էր: Անձամբ կողմ լինելով ԵՄ-ի կազմում Բրիատանիայի մնալուն` Մեյը հրապարակավ հայտարարեց, որ քաղաքացիներն արտահայտել են իրենց կամքը, իսկ իր պարտականությունն է ընթացք տալ դրան: Իրականում, Թերեզա Մեյի վարչապետության մեկնարկը համարվում է Մեծ Բրիտանիայում կառավարության ներսում կատարված փոփոխությունների մասշտաբով ամենամեծը: Քեմերոնի կառավարության 6 անդամներ միանգամից փոխվեցին, ինչը արտակարգ իրադարձություն էր Մեծ Բրիտանիայում: Նորանշանակ նախարարների թվում էին Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ն լքելու մեծագույն ջատագով Բորիս Ջոնսոնը, որ նշանակվեց արտգործնախարար, ինչպես նաեւ Միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոսքը, ԵՄ-ն լքելու հարցերով քարտուղար Դեյվիդ Դեյվիսը եւ այլք: Փաստորեն պահպանողականների ներսում տեղի ունեցած տեղաշարժերը իրենց անմիջական արտահայտությունը գտան կառավարության ներսում տիրող դասավորության վրա, թեեւ հանուն արդարության հարկ է արձանագրել, որ Մեծ Բրիտանիայի կառավարության 25 անդամներից ընդամենը 7-ն են սատարում ԵՄ-ն լքելու քաղաքականությունը, մինչդեռ 18-ը մնալու կողմնակիցն են: Ըստ էության, եթե նույն կուսակցության կառավարությունում 6 նախարարի փոփոխությունը արտառոց մի բան է Մեծ Բրիտանիայում, ապա այդ փաստը խոսում է կառավարման համակարգի ինստիտուցիոնալիզացված լինելու մասին, երբ պաշտոնների նշանակումը հիմնված է ոչ թե վարչապետի անձնական նախասիրությունների, այլ գործչի արհեստավարժության եւ նրա առջեւ դրված առաջադրանքի կատարման ունակության վրա: Կարելի է չկասկածել, որ եթե փոխված նախարարները ԵՄ-ի անդամության ջատագով լինեին, հաստատապես շարունակելու էին իրենց պաշտոնավարումը:
Ի տարբերություն Հայաստանի` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ ժողովրդավարական այլ երկրներում կառավարությունները գերազանցապես փոփոխվում են ոչ թե ինչ-որ մեկի նախատրամադրվածությամբ կամ արտաքին միջամտությամբ, այլ բացառապես ընտրական գործընթացի արդյունքում: Պարզ է, որ իշխող կուսակցության պարտության պարագայում հիմնական նախարարները պետք է հեռանան, ինչը որեւէ արտառոց իրարանցում չի կարող առաջացնել: Հատկանշական է, ի դեպ, ԱՄՆ-ի օրինակը, որտեղ կառավարություն ձեւավորվում է 4 տարին մեկ` նախագահի ընտրությամբ: Գերազանցապես հաշվի առնելով միջկուսակցական հակադրության աստիճանը այս երկրում` օրինաչափ է, որ հանրապետական նախագահը կառավարությունում առանցքային պաշտոններ պիտի տա ոչ թե դեմոկրատներին, այլ իր կուսակցության ու թիմի ներկայացուցիչներին եւ հակառակը: Բայց կրկին ելակետը պաշտոնյայի արհեստավարժությունն է, ինչը դրսեւորվեց 2008թ., երբ նախագահ ընտրվելով` Օբաման պաշտպանության քարտուղար, հանրապետական Ռոբերտ Գեյթսին պահեց նույն պաշտոնում:
Այս ամենին հակառակ` Հայաստանում վարչապետի փոփոխությունը առաջացնում է անորոշությունների մի հսկայական տարափ, երբ բրգային կառավարման համակարգում բարձրագույն օղակի պաշտոնյան ունի իր անձնական հովանավորությունը վայելողների մի խումբ, որոնք պաշտոններ են ստանում առանց պրոֆեսիոնալիզմի մակարդակը հաշվի առնելու: Պարզից էլ պարզ է, որ եթե բարձրագույն օղակներում է պաշտոններ բաժանելիս գերակայում անհատական հովանավորչությունը, ապա ստորին շարքերում խնդիրն ավելի խրթին է, հաճախ էլ հասարակության ու ԶԼՄ-ների ուշադրությունից լիովին դուրս: Եվ պատահական չէ, որ այդօրինակ կադրերը պաշտոններից զրկվում են անմիջապես նոր ղեկավարի, տվյալ դեպքում` վարչապետի նշանակումից հետո, մինչդեռ պաշտոնաթողությունը պետք է հիմնված լինի հստակ քաղաքականության վրա: Հետաքրքիր է, որ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով պաշտոնաթողությունները եզակի բնույթ են կրում, որոնց ամենախոշոր դրսեւորումը եղել էր 1998թ.` հանձին նախագահի ու նրա թիմի հեռանալու: Թեեւ Հայաստանում գործադիր իշխանության բնագավառում նախագահի ու վարչապետի լիազորությունների հստակության խնդիր կա, այնուամենայնիվ, առողջ քաղաքական համակարգի պարագայում այդ բարդությունը կարելի է վերածել ոչ թե ճգնաժամերի հարուցիչի, այլ մրցակցության ազդակի: Մինչդեռ ելնելով քաղաքական անառողջ համակարգի պայմաններից, երբ վարչապետը Սերժ Սարգսյանի կամակատարն է, այլ ոչ թե քաղաքականություն մշակողն ու իրականացնողը, ամենեւին տարօրինակ չէ ամեն անգամ վարչապետափոխության արդյունքում կառավարությունում սկսվող մոլեգին աժիոտաժը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՍԱԼԻԿԱՊԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի Թումանյան փողոցում իրականացվում է հատուկ գոգավոր ծածկույթով դեղին սալիկների տեղադրման աշխատանքները: Նշենք, որ դրանք տեսողական խնդիրներ ունեցող անձանց նախազգուշացնելու համար են նախատեսված, որ առջեւում առկա են որոշակի խոչընդոտներ՝ աստիճաններ, մայթի ավարտ եւ այլն: Որպես փորձնական ծրագիր, մի քանի հասարակական կազմակերպությունների հետ քննարկելով՝ քաղաքապետարանը որոշել է «Կույրերի մշակույթի տան» մուտքի աստիճանավանդակն ու Թումանյան փողոցի մի հատվածն էլ կահավորել նման սալիկներով:
«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ գոգավոր, դեղին այս սալիկները հետագայում տեղ կգտնեն նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հետագայում կստեղծվեն նաեւ հատուկ արահետներ, որոնցով փայտիկով շարժվողները եւ ընդհանրապես տեսողություն չունեցողները կարող են առաջ շարժվել իրենց ցանկացած վայրը:
«Մենք սա սկսել ենք՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, ուսումնասիրել ենք նաեւ միջազգային փորձը: Ի դեպ, դրանցից տեղադրված կա նաեւ «Կույրերի մշակույթի տան» դիմաց: Դրա պիլոտային տարբերակը գործարկել ենք Թումանյան փողոցում. աշխատանքները ընթացքի մեջ են, եւ կարծում եմ, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը կավարտենք»,-ներկայացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: Վերջինս փոխանցեց, որ ծրագրվել է նաեւ Մաշտոցի պողոտայից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածը նույնպես տեղադրել: Առաջիկա տարիներին նմանատիպ նախազգուշացնող սալահատակներ տեղադրվեն նաեւ բոլոր վարչական շրջաններում:
Զրույցի ավարտին Մերթարջյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ որքան գումար է հատկացվել Թումանյան փողոցում սալիկի տեղադրման աշխատանքների համար: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցը թիվ չնշեց՝ պատճառաբանելով, որ պիլոտային ծրագիր է, եւ այս պահին հնարավոր չէ թիվ նշել: Ապա հուսադրեց՝ ասելով, որ ամբողջական կներկայացվի առաջիկայում՝ տարեվերջին: Մեզ մնում է սպասել՝ հուսալով, որ տհաճ անակնկալներ չեն լինի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՐԵՎԱՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ
Էջմիածնի տարածաշրջանի բնակիչ Ռոբերտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նպատակ ունենալով մեկնել Վրաստանի Հանրապետություն եւ գիտակցելով, որ իր ՀՀ անձնագրի օտարերկրա պետություններում վավերականության ժամկետն անցել է, դրանով չի կարող հատել ՀՀ պետական սահմանը, դիմել է այլ միջոցի: Նա համագյուղացի Վիրաբ Քամալյանի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է նրա ՀՀ քաղաքացու անձնագիրը, որի միջոցով 2016թ. ապրիլի 5-ին փորձել է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված անձնագիրը չի պատկանում այն ներկայացրած անձին: Ռ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելը) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ԳՈՂԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Բաղանիս-Ջուջեւան հատվածում, 6 տեղ բետոնյա կառույցներ էին սարքվել, որոնց մեջ տեղադրել էին չժանգոտող մետաղից աղբամաններ: Դրանից հետո երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներն աղբը նետում էին ոչ թե միջպետական ավտոճանապարհի եզրին, այլ նշված աղբամանների մեջ: Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը եւ դրանց կափարիչները գողացել էին: Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ոստիկանները գողերին հայտնաբերելու համար երկար ժամանակ դարանակալել էին: Օգոստոսի լույս 21-ի գիշերը ոստիկանները բռնել էին աղբամանի գողին՝ Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ Տ.Մ.-ին: Նա պոկել էր աղբամանը եւ տեղավորել «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենա: Ներկայումս միջպետական ավտոճանապարհի եզրից հեռացրել են չժանգոտվող մետաղից աղբամանները, հիմա երթեւեկողները աղբը թափում են բետոնե կառույցների մեջ: Ջուջեւանից հայտնեցին, որ նոյեմբերյանցի ոստիկանները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանին հայտնել են, որ իրենք չեն կարող շուրջօրյա ռեժիմով գողերից պաշտպանել աղբամանները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ