ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Իսակովի պողոտայում

Ամենօրյա խցանումները Երեւանում սովորական երեւույթ են դարձել: Երեկ եւս բացառություն չէր: Լուսանկարներում երեւում է, թե ինչ իրավիճակ է Իսակովի պողոտայում: Վթարների պատճառով առաջացած խցանումները մշտական բնույթ են կրում: Ի դեպ, այս ճանապարհով անցնելիս գրեթե ամեն օր կարելի է նման տեսարանների ականատեսը լինել, դե, իսկ ճանապարհային ոստիկանությունն էլ, մեղմ ասած, իր տեղում չէ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ժամկետում եւ ինչպե՞ս է քաղաքացիական ծառայության խորհուրդը հրապարակում հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ:

Ալիս Վարդանյան (58 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ստանալուց առնվազն 10-օրա ժամկետում Խորհուրդը հրապարակում է հայտարարություն՝ կադրերի կարճաժամկետ (երկարաժամկետ) ռեզերվում գրանցված քաղծառայողների (անձանց) կողմից ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով: Հայտարարությունը հրապարակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում, տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաեւ տեղադրվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղծառության կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո անձին (քաղծառայողին) 5-օրյա ժամկետում տրամադրվում է գրանցման թերթիկ: Գրանցված անձը յուրաքանչյուր շաբաթ կարող է ծանոթանալ ժամանակավոր թափուր պաշտոնների հայտարարություններին՝ ուշադրություն դարձնելով ժամանակավոր թափուր պաշտոնների համար առաջադրված պահանջներին, ժամկետներին եւ դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում անուիտետը: Խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքում է անուիտետը պարտադիր:

Սիրանույշ Եփրեմյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անուիտետը միանվագ փոխանցված գումարի դիմաց ապահովագրական ընկերության կողմից անձին որոշակի ժամանակահատվածում եւ պարբերականությամբ վճարվող գումարն է: Անուիտետի դեպքում պայմանագիր է կնքվում անձի եւ ապահովագրական ընկերության միջեւ, որին էլ փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները:
Եթե անձի կուտակային միջոցների ամսական գումարը՝ հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում, մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա մասնակիցը պարտավոր է ընտրել որեւէ ապահովագրական ընկերություն եւ նրա հետ կնքել անուիտետի պայմանագիր:
Այդ նպատակով մասնակիցը պետք է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնի դիմում: Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցները փոխանցել ընտրված ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին, ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:
Կուտակային միջոցները ստանալուց հետո, անուիտետի պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում եւ պայմաններով ապահովագրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են անուիտետի տեսակը, մասնակցի` կենսաթոշակառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար եւ այլ էական պայմաններ:




Լրահոս