ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՏԱԲՆ ԱՆՁԱՄԲ ԿՂԵԿԱՎԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու: Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից` ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը:
Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձեւական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից եւ ոչ մեկին պարտական լինել:
ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ` արդեն որոշվե՞լ է` Սերժ Սարգսյանն անձա՞մբ է ղեկավարելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ՀՀԿ ընտրական շտաբը: Ի պատասխան՝ նա ասաց. «Ժամանակը կգա, կուսակցությունը կորոշի, պետք չէ ժամանակից առաջ ընկնենք, մենք դեռ ՏԻՄ ընտրություններ ունենք, համագումար ունենք»: Ճշտող այն հարցին, թե փաստորեն նման տարբերակը քննարկվում է, Թադեւոսյանը պատասխանեց. «Կորոշենք, մի անհանգստացեք, կորոշենք եւ Ձեզ կներկայացնենք»:

 

 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձեւավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարների: Մնացածին ինքն է ընտրելու: Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարները անձեռնմխելի են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի: Ռիտա Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի համար է միջնորդել: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչեւ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»: Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների եւ օգնականների ընտրության հարցում:

 

 

 

Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը նախկինում եղել են ՀՅԴ անդամներ: «Ժողովուրդ»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ ինչու էին իրենց նախկին կուսակիցները նման ծայրահեղ քայլի դիմել եւ ինչ արդյունքի հասան: «Ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ. կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին: Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Տղերքը խաբվեցին»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

 

 
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երեկ Սերժ Սարգսյանը ներկայացրել է դատախազության աշխատակիցներին: Ու թեեւ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը օգոստոսի 4-ին առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում ներկայացրեց, այնուամենայնիվ, ողջ-առողջ մասնակցել է իր նախկին պաշտոնի հանձնման ընդունելությանը: Կոստանյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դատախազին` համոզվածություն հայտնելով, որ այսուհետ եւս նույնպիսի սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ կշարունակվեն մեր երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները: Նկատենք, որ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում իսկապես սկզբունքայնություն դրսեւորեց մի շարք հարցերում` սկսած ՌԴ սահմանադրական դատարանի ու ՌԴ դատախազի հետ իրավական բախումներից, որպեսզի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «դատվի» Հայաստանում, վերջացրած համակարգում տարիներ շարունակ բուն դրած կաշառակերության ու հովանավորչության դեպքերին, որը բավականին լայն տեմպերով փորձ արվեց արմատախիլ անել: Եւ պատահական չէր, որ երբ Կոստանյանը հեռացավ համակարգից, շատ աշխատակիցներ, իրավապահ տարբեր կառույցների ղեկավարներ միմյանց շնորհավորում էին հաղթանակի առիթով:

 

 

 
ԵԼՔԸ՝ ՆԵՐՍԻՑ
Սեպտեմբերի 21-ի զորահանդեսից առաջ, երբ տեղեկություններ հայտնվեցին «Իսկանդեր M» հրթիռների՝ հայկական զինանոցը համալրելու մասին, շատերը սկսեցին դրանից ամենատարբեր եզրահանգումներ անել: Ոմանք դա բացատրում են ներկայիս հակառուսական տրամադրությունների ֆոնին Ռուսաստանի ռեաբիլիտացվելու ձգտմամբ: Մյուսները դա պայմանավորում են նոր էսկալացիայի հավանականությամբ, որի զսպման հարցում «Իսկանդեր»-ը կարող է ունենալ կարեւոր դեր: Եղան անգամ տեսակետներ, թե նման կայանքներ առհասարակ հայկական զինուժը չունի, եւ եթե նույնիսկ զորահանդեսին այդպիսիք ցուցադրվեն էլ, ապա դրանք իրականում ռուսական բազայի սեփականությանն են փոխանցվելու: Եվ տարօրինակ է, որ այս տարատեսակ քննարկումների ընթացքում «Իսկանդեր M»-ի ձեռքբերումը որպես նորմալ, օրինաչափ ռազմական գործարք որեւէ մեկը չի դիտարկում:
Իրականում դժվար է ասել, որն է ավելի մեծ վտանգ՝ նման զինատեսակների քանակով ադրբեջանական զինուժի հնարավոր առավելությունը, թե մեզանում հետզհետե ավելի խորացող թերահավատությունը մեր պետության հանդեպ, այդ պետության ռազմական, քաղաքական ինստիտուտների բնականոն գործունեության հնարավորության հանդեպ: Անշուշտ, այդ թերահավատության եւ մեր՝ որպես երկրի, ցավալիորեն չափազանց մեծ անկում ապրած ինքնագնահատականը հենց այնպես չի ձեւավորվել, եւ դրանում ահռելի մեծ դերակատարություն ունեն վերջին 20 տարիների իշխանությունները: Սակայն անվերջ ինքնանվաստացմամբ եւ արդյունքում՝ ինքնաոչնչացմամբ զբաղվելու միտումներն առավել ցցուն են դարձել հատկապես վերջին տարիներին, երբ կասկածի տակ է դրվում բառացիորեն ամեն ինչ, ամեն ոք, ամեն քայլ ու ամեն խոսք: Եվ այս իրավիճակում մեզ որեւէ հրթիռային կայան, որեւէ զինատեսակ չի կարող պաշտպանել, քանի որ մենք ինքներս մեզ ներսից ենք դարձրել անպաշտպան:
1999 թ. երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանն առաջին անգամ ոչ զինվորական համազգեստով էր ներկա Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսին, լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք նա տպավորված է զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինությամբ: Ի պատասխան՝ Սպարապետը մի փոքր վիրավորված եւ տարակուսած ասաց. «Իսկ միթե Դուք կարծում եք, որ ես այստեղ եմ տեսնում այդ սպառազինությունը, որ տպավորվեմ: Ես յուրաքանչյուր թնդանոթ, յուրաքանչյուր տանկ հատ առ հատ շոշափել եմ…»: Այսօր մեր բանակի սպառազինությունը որեւէ գեներալ դժվար թե անձամբ շոշափի, եւ դա հնարավոր էլ չէ, թերեւս:
Վստահաբար. վաղվա զորահանդեսը լինելու է շատ ավելի հզոր ու ազդեցիկ, մնում է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, թոթափենք մեր ներսի թերահավատին եւ հպարտությամբ ու գորովանքով, ներքուստ շոշափելով ամեն մի տանկ եւ ամեն մի թնդանոթ՝ հպարտանանք, որ ունենք ազատ եւ անկախ հայրենիք: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, եւ շնորհավոր բոլորիս երազանքների անկախ Հայաստանի 25-ամյակը:




Լրահոս