ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո խոսակցություններ տարածվեցին, որ նորանշանակ վարչապետին տրվել է լիարժեք ազատություն կառավարության կազմում փոփոխություններ կատարելու: Այսինքն՝ Կարեն Կարապետյանն ազատ է լինելու կադրային քաղաքականության հարցում: Այդպես հայտարարեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նման խոսակցություններ կային նաեւ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո: Մասնավոր զրույցներում ասում էին, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին թույլատրել է կառավարությունը սեփական ցանկությամբ ձեւավորել, բացի արտաքին քաղաքականության եւ ուժային ոլորտներից: Սակայն եղավ այն, ինչ եղավ, ու չնայած խոստմանը եւ քաղաքական կուլիսներում ծավալվող զրույցներին` բոլոր քաղաքական որոշումները կայացվեցին նախագահականում, ինչպես միշտ: Ու այս ամենը թույլ տվեց կատարել մի եզրահանգում` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը այնքան էլ «իրենը» չեղավ:
Այնուհանդերձ, նորանշանակ վարչապետի քաղաքական ունակությունների վերաբերյալ տարածվող խոսակցությունները անգամ իրենց` նախարարների համար են ահուսարսափ դարձել: Ոչ ոք իր հետագա ճակատագրի մասին տեղյակ չէ, չգիտի՝ արդյո՞ք շարունակելու է զբաղեցնել նախարարի` այդքան «բաղձալի եւ հարմարավետ» աթոռը, եւ արդյո՞ք ինքը ապահովագրված է ազատումներից: Մարդիկ կան, որ վաղեմի ծանոթ-բարեկամներին են խառնել «գործին»` ամեն գնով իրենց պաշտոնն ամուր պահելու համար:
Թեեւ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո, լրագրողների հետ ունեցած զրույցում Կարեն Կարապետյանը նշել էր, որ արդեն իր համար պարզ է, թե որ նախարարները չեն լինելու նոր ձեւավորվող կառավարությունում, այնուամենայնիվ, նա կարծես չի շտապում նոր կառավարություն ձեւավորել. այդ հայտարարությունից անցել է հինգ օր: Մինչ այս Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններ է սկսել հայեցողական հաստիքներից` աշխատանքից ազատելով խորհրդականների եւ օգնականների: Ինչո՞ւ է «ուշանում» նոր կառավարության ձեւավորումը, եւ արդյո՞ք դա կլինի մինչ սեպտեմբերի 21-ը, փորձեցինք պարզել կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանից: Վերջինս ի պատասխան մեր հարցմանը` նշեց. «Որեւէ ուշացում չկա, քանի որ ըստ Սահմանադրության` Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին: Նշանակումից անցել է յոթ օր, քսանօրյա ժամկետը լրանալուն մնացել է 13 օր:
Եւ, ահա, յոթ օր անց, երբ անգամ խաղից հեռացողների անունները պարզ են, նշանակումներ չկան: Ըստ էության, ինչպես Հովիկ Աբրահամյանին, այնպես էլ Կարեն Կարապետյանին տրված ազատությունների շրջանակն այդքան էլ լայն չէ: Ու թերեւս Կարեն Կարապետյանը հենց այդ պատճառով է դեռ հապաղում: Կարծես նույն սցենարով է ընթանում նաեւ նրա քաղաքական ապագան:
Ինչպես հայտնի է՝ 19 նախարարներից երկուսի` Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի քաղաքական ապագան Սերժ Սարգսյանի ձեռքերում է, համենայն դեպս այդպես է եղել նախնական պայմանավորվածությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեք դաշնակցական պորտֆելները «ապահովագրված են», ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանի պահանջով դաշնակցական նախարարներն իրենց տեղում կմնան: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնավարման հարցը եւս լուծված է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջամտությամբ, քանի որ այդ պորտֆելը մշտապես Գագիկ Ծառուկյանի «սեփականությունն է» համարվում:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին օգնության է հասել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, նախարարի որդու հարսանիքի կնքահայր Սամվել Կարապետյանը: Նա նորանշանակ վարչապետին ասել է, որ պետք է Բեգլարյանը մնա իր պաշտոնում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համար իրեն սատարող ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն է օգնության հասել, որպեսզի շարունակի պաշտոնավարել: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար իր ընկերուհին` առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է ակնարկել մինչեւ ընտրություններ «մնալու» անհրաժեշտությունը:
Որոշված է նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի եւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի ճակատագիրը: Նրանց «փրկիչը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով դիմել է Սերժ Սարգսյանին` նրանց պաշտոնավարումը մինչեւ ապրիլյան ընտրություններ երկարաձգելու խնդրանքով:
Այսպիսով, ըստ էության, Կարեն Կարապետյանին տրվող ազատությունը իրականության սահմաններում չէ, որն էլ կարող է հանգեցնել նորանշանակ վարչապետի հիասթափությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանն արդեն սկսել է իր դժգոհությունը հայտնել, որ այսպես ճիշտ չէ. ասում են ազատ ես, արի, հետո ամեն մեկի համար առանձին զանգահարում, խնդրում են:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՍԿՍԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 16-ի համարում հրապարակել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատասխանը, ըստ որի՝ նրանք պարտավորվել էին ստուգել մեդիա գովազդի շուկան՝ կենտրոնացվածության տեսանկյունից: Հիշեցնենք, որ նշված շուկայում տիրող մենաշնորհի խնդրի մասին Ազգային ժողովում բարձրաձայնել էր «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Երեկ ՏՄՊՊՀ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ հոդվածը մուտքագրվել է հանձնաժողովի համապատասխան բաժին` բարձրացված հարցն ուսումնասիրելու նպատակով: Մի քանի օրից արդեն պարզ կլինի` խնդրի հայտնաբերման դեպքում լուծումը հանձնաժողովում է տրվելու, թե ուղղորդվելու է այլ պետական կառույցի:

 

 

ԽՈՒՍԱՓՈՒՄ Է
Սեպտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանը պարգեւներ ու շքանշանները էր հանձնել Ռիո-2016-ի հայ մարզիկներին այդ թվում՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: 2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀԿ-ի խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հանրահայտ ելույթից հետո նա Գագիկ Ծառուկյանին առաջին անգամ պարգեւատրեց: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նրան հռչակել էր որպես չարիք: Դրանից հետո ՀՀԿ-ականներն միմյանց հերթ չտալով՝ հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա: Հարձակվողներից մեկն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն էր, որն ասել էր. «Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր: Երկար ժամանակ մեզ արգելվել է խիստ գնահատականներ հնչեցնել…»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Կարեն Ավագյանից պարզել՝ արդյոք Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրելով՝ փորձում է նրա նկատմամբ մեղքերը քավել, քանի որ դաժան է վարվել: Սակայն ՀՀԿ-ականը պատասխանեց, թե զբաղված է եւ անջատեց հեռախոսը:

 

 

«ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ»
«Ժամանակ» օրաթերթը գրել է, որ Կարեն Կարապետյանը չի հավանել կառավարության՝ Հովիկ Աբրահամյանի ճաշակով վերանորոգված «ոսկեզօծ» դահլիճները եւ հրահանգել է դրանց հարդարանքը փոխել: Նորանշանակ վարչապետն ավելի հակված է դահլիճները տեսնել նախնական տեսքով` մինիմալիստական լուծումներով: Արդյո՞ք մեկնարկել են վերանորոգման աշխատանքները, եւ իսկապե՞ս վարչապետը չի հավանել իր նախորդի «ճաշակով» կատարված վերանորոգումները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կառավարությունում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում»: Իսկ այն հարցին՝ իսկապե՞ս նորանշանակ վարչապետին դուր չեն եկել ոսկեզօծ պատերը, Տոնոյանը պատասխանեց. «Ես, իսկապես, բացարձակ տեղեկություն չունեմ»:

 

 
ԼԱՎ ՉԵՆ ՀԱՇՎՈՒՄ
2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2002 թվականին անչափահաս մուրացիկ եւ թափառաշրջիկ հաշվառվածների թիվը կազմել է 111 հոգի, 2005-ին՝ 46, իսկ 2010 թվականին՝ 20: 2015 թվականի վերջում հաշվառված 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասներից 4-ը հաշվառված են Երեւանում, որոնցից 2-ը՝ մինչեւ 14 տարեկան, 1-ը՝ 14-15 տարեկան, մեկն էլ՝ 16-18 տարեկան: Լոռու մարզում հաշվառված են անչափահաս 3 մուրացիկ եւ թափառաշրջիկ, որոնցից 2-ը՝ մինչեւ 14 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան: Շիրակի մարզում հաշվառվել է մինչեւ 14 տարեկան մեկ անչափահաս մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա: Հաշվառված 8 անչափահասն էլ տղաներ են:

 

 

ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները երեկ եւս փորձել են փակել գլխավոր մայրուղին՝ պահանջելով գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարը: Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանի խոսքով, սակայն, գյուղացիներն իրենք են փոշմանել եւ հետ կանգնել այդ մտքից: «Մենք հետո արդեն չուզեցինք փակել, ոչ թե ոստիկանները չթույլատրեցին»,-վստահեցնում է գյուղապետը՝ ընդգծելով, որ իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու, քանի դեռ իրենց բարձրացված հարցին լուծում չեն տվել: Հիշեցնենք, որ գյուղացիներն իրենց խաղողը հանձնել են «Վեդի Ալկո» ընկերությանը, որն անցած տարվանից գյուղացիներին պարտք է 140 մլն դրամ: Մեկ ամիս առաջ աղավնաձորցիների խնդիրը խոստացել էր լուծել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն, փաստորեն, չհասցրեց կամ չկարողացավ: Իսկ կարճաժամկետ փոփոխություններ խոստացած նոր վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առայժմ որեւէ կերպ չի արձագանքում:

 

 

ՉԵՆ ՎՃԱՐԵԼ
Երեկ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Հրազդան քաղաքի՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Հրազդանմեքենա» արտադրական միավորման տարածքում գործող գազաբալոնների արտադրամասի 30-ից ավել աշխատակիցներ պահանջել են տարիներով կուտակված իրենց աշխատավարձը։ Հրազդանում տարածված լուրերի համաձան՝ գազաբալոնների արտադրամասի տնօրեն Մեխակ Գաբրիելյանն աշխատակիցներին խոստացել է վճարել, սակայն չի վճարել: Նշենք, որ աշխատակիցների պարտքը մոտավորապես կազմում է 10-15 մլն դրամ, իսկ միայն վերջին ամիսներին գործարանը մոտ 150 միլիոնի գազաբալոններ է արտահանել։ Այս առնչությամբ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ArmLur.am-ին ասել է. «Ինչքան գիտեմ, այդ հարցը պետք է արդեն լուծված լիներ: Իրենք ինձ ներկայացրել էին, որ աշխատավարձ չեն ստանում, բայց արդեն պետք է վճարված լինեին: Ես հիմա կզբաղվեմ, տեսնեմ՝ ինչն է պատճառը, որ չեն վճարել»:
 

ԱԿԱՆԱԶԵՐԾԻՉ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը երեկ ժամանել է Հայաստան: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ այցի ընթացքում կքննարկվեն ինժեներական ապահովման եւ ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:




Լրահոս