ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄԵԼ «ՄԱՆՐ ՁԿՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով «խոշոր ձկները» դեռ չեն հայտնվել ուռկանում: Համենայնդեպս, մինչ այս պահը հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում չեն նշվել այն անձանց անունները, որոնք երեւում են օրվա տեսանյութերում եւ համարվում են գործընթացի ակտիվ նախաձեռնողները:

Խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (Նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի, Տիգրան Մելոյանի եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարների մասին է:
Ովքեր են «մանրները»
ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ` նշված օրը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն եւ խոչընդոտել օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ապա հիշյալ անձինք հարձակվել են Գալստյանի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, իսկ Վ. Մխիթարյանը օպերատորի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին եւ սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել նրան: Այնուհետեւ նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին` դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով: Այսպիսով՝ Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 164-րդ հոդվածի 1-ին մասով: Այս քրեական գործից անջատված մասի՝ խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Ի դեպ, մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ինչպես հայտնվեցին Սարի թաղում
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, թե ինչպես են օպերատորին ծեծի ենթարկած անձինք հայտնվել իրադարձությունների կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել մեղադրյալների նախաքննական ցուցմունքների որոշ մանրամասներ: Այսպես՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ սույն անձինք քննիչին ասել են, թե շատ պատահաբար լսել են Սարի թաղում տեղի ունեցող դեպքերի մասին եւ որոշել գնալ, տեսնել` ինչ է այնտեղ կատարվում:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ սա այն օրն էր, երբ բուն բախումներից ժամեր առաջ արդեն իսկ ոստիկանական ուժերը փակել էին Գլինկա փողոց մուտք գործելու բոլոր հնարավոր ճանապարհները: Ու խաղաղ երթի մասնակից քաղաքացիները ստիպված էին փոխել ճանապարհային քարտեզը, քանի որ նշված հատվածում խոչընդոտներ էին առաջացել: Սակայն շատ տարօրինակ պատահականությամբ բռնարարներին հաջողվել էր հայտնվել հենց այն վայրում, որտեղ իրադարձություններն աննախադեպ արագ էին զարգանում:
Ինչեւէ, շարունակելով «մանր ձկների» պատմությունը` նշենք, որ նրանք իրենց ցուցմունքներում գրել են, որ Սարի թաղում վիճաբանության են բռնվել անհայտ ինչ-որ մարդկանց հետ, ապա նկատել, որ ընթացքը նկարահանվում է: Մոտեցել են իրենց նկարահանող օպերատորին (խոսքը Ալբերտ Գալստյանի մասին է) եւ պահանջել են, որ ջնջի իրենց վերաբերող հատվածները: Բացասական պատասխան ստանալուց հետո անցել են ձեռքի ուժի:
Եվ ինչպես պաշտոնապես հաղորդվեց` տեսնելով դեպի իրենց եկող ոստիկաններին` փախուստի են դիմել:
Պատասխան չստացած հարցերը
Թե որքանով է մեղադրյալների ներկայացրածը ճշմարտանման, դեռեւս վաղ է ասել: Այդուհանդերձ, կան որոշ դրվագներ, որոնք հարցերի տեղիք են տալիս: Բանն այն է, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը հուլիսի 29-ին չէ, որ սկսվել են: Այլ հուլիսի 17-ից, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից գրավվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպեցին` ի նշան աջակցության: Ակցիաներն ավելի մարդաշատ եւ լարված էին դառնում, իրադրությունն էլ` անվերահսկելի: Իսկ արդեն հուլիսի 30-ին, երրորդ ոստիկանի սպանությունից հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն վերջնաժամկետ էր ներկայացրել խմբավորմանը` խոստանալով կտրուկ քայլերի դիմել պահանջը չկատարելու դեպքում:
Եվ զարմանալի զուգադիպությամբ մի խումբ քաղաքացիական հագուստով մարդիկ հենց այդ օրն են որոշել գնալ Սարի թաղ եւ «ձեռքի հետ ծեծել» իրենց վիճաբանությունը նկարահանած լրագրողներին:
Հուսով ենք՝ դատաքննության ընթացքում կստանանք բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ իմանաս, գուցե նրանց «ականջին շշնջացե՞լ են», որ հենց հուլիսի 30-ին է պետք հայտնվել այնտեղ…
Ինչ է պատմում տուժած օպերատորը
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այս գործով որպես տուժող անցնող օպերատոր Ալբերտ Գալստյանի հետ: Մեր զրուցակիցը ներկայացրեց նույն իրավիճակը, ինչ պատմել էին մեղադրյալները. ինքը նկատել է վիճաբանող անձանց, մոտեցել է` նկարահանելու, ապա իրեն ծեծի են ենթարկել: Նրան քննիչները երկու անգամ են հարցաքննության հրավիրել:
Եվ այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ օպերատորին ծեծի ենթարկողները բռնություն չէին գործադրել միմյանց նկատմամբ` վիճաբանելիս, այլ ուժերը փորձել են օպերատորի վրա. նշանակում է` նրանք չեն էլ վիճաբանել, այլ ինչ-որ բան են բեմադրել, որը օպերատորը «ֆիքսել» է:
Իսկ մյո՞ւս բռնարարները
Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ենթադրաբար տուժել է 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրող:
Նրանցից 63-ը ճանաչվել է տուժող, իսկ 11 անձ հարցաքննվել է որպես վկա: Հարցաքննվել են նաեւ զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել են ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Եվ այսպես՝ դեպքից անցել է արդեն մոտ երկու ամիս, սակայն բացահայտված է համարվում դեպքերից միայն մեկը:
Վերջում հարկ ենք համարում հիշեցնել, որ մեդիադաշտի ներկայացուցիչների ներկայացրած վերջնաժամկետը` ուղղված ՀՀ իշխանություններին կատարվածը հանգամանալից բացահայտելու պահանջով, լրանում է հոկտեմբերի 10-ին:
Հուսով ենք` հերթական հիասթափությունն ապրելու առիթ չի լինի: Քանի որ, ինչպես հայտարարել են ԶԼՄ ներկայացուցիչները, քայլերը կոշտ են լինելու:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆՎԵԼ Է «ՍԵՐՎԻՍԻ» ՏԵՐԸ
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանում հերթական սպանությունն է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 18-ին կրծքավանդակի հատվածում ստացած դանակի հարվածի հետեւանքով սպանվել է 42-ամյա Հարություն Գալստյանը:
Նախնական քննության տվյալներով՝ Հ. Գալստյանին, ով առավել հայտնի է Կոնդեցի Հարութ անունով, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
«Ժողովուրդ»-ին սպանվածի մասին մանրամասներ հայտնի դարձան: Այսպես, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների` Հարություն Գալստյանը «Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է: Կատարվածը նրա մերձավոր շրջապատի համար առեղծված է դարձել:
Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Հ. Գալստյանը ֆինանսական խնդիրներ երբեք չի ունեցել, որեւէ մեկի հետ երբեւէ պարտք ու պահանջի հարց չի եղել: Հարազատներն այս պահին կասկածներ չունեն` ով կարող էր նման բան անել:
Սպանվածի առանձնատուն այցելած մեր թղթակցին հաջողվել էր զրուցել նրա մորեղբայրը ներկայացած տղամարդու հետ, ում խոսքով` իրենք շատ ծանր հոգեվիճակում են եւ դեպքի հանգամանքերին ծանոթանալու ցանկություն այս պահին չունեն:
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց տեղեկանալ, որ թեեւ Կոնդը հայտնի է որպես քրեական տարրերով բնակեցված շրջան, սակայն Հարություն Գալստյանը երբեք նրանց հետ սերտ շփումների մեջ չի եղել: Ըստ երեւույթին, կատարվածը միջանձնային անհասկացվածության պատճառով է եղել:
Ըստ չհաստատված տեղեկությունների` դեպքի ժամանակ մասնակիցներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Խոսակցություններ կան, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Կոնդեցի Հարութի եւ քրեական աշխարհում հայտնի Խռամի որդու միջեւ: Նա եւս Կոնդի բնակիչ է: Այս տեղեկության հավաստիությունը պաշտոնապես պարզել չհաջողվեց:
Հավելենք, որ Հարություն Գալստյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա: Նա նախկինում դատապարտված չի եղել:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

370 ԿՐԱԿՈՑ
ԼՂ ՊՆ տեղեկացմամբ՝ հանգստյան օրերին Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:

 

 

 
ԱՐԹԻԿՈՒՄ ՀՀԿ-ԱԿԱՆ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ է

Արթիկի քաղաքապետի ընտրությունները շարունակում են տարօրինակ զարգացումներ գրանցել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում է նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն առաջադրվել է նաեւ ՀՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը, ով շարունակում է պնդել, որ ՀՀԿ-ն իրեն է սատարում:

Ինչպես տեղեկացնում են Արթիկի մեր աղբյուրները՝ Մխիթար Վարագյանը բավական հաճախ հանդիպումներ է ունենում Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, ինչը կարող է նշանակել, որ թերեւս փորձ է արվում մարզի երկրորդ քաղաքում կազմակերպել ՀՀԿ-ի պարտությունը:
Ավելին՝ լուրեր կան, որ Արթիկում տեւական ժամանակ չբնակվող Մխիթար Վարագյանն առաջադրվել է՝ ունենալով իր վաղեմի հովանավորյալի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի համաձայնությունը, ըստ այդ պնդումների՝ ՀՀԿ-ի ներսում նման անիշխանության հեղինակը հենց Հովսեփյանն է, ով մտերիմ հարաբերություններ ունի Մխիթար Վարագյանի եղբոր՝ Ղազախստանում բնակվող գործարար Դավիթ Վարագյանի հետ:
Այս իրավիճակից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն Շիրակում այնքան է թուլացել, որ նույնիսկ պաշտոնապես իր կողմից սատարվող թեկնածուի դեմ ազատ գործում է թե՛ ՀՀԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ քննչական կոմիտեն՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի: Ակնահայտ է նաեւ այն, որ ՀՅԴ այսօրվանից փորձ է անում համալրել իր կողմնակիցների թիմը՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:




Լրահոս