Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից ամբողջությամբ անտեսվել են, սա այն դեպքում, երբ իրականում իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհը հենց այդ ընտրական գործընթացի միջով է անցնում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին հաջողվել է Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական միտքն անջատել, որպեսզի նրանք իրականության զգացողությունը կորցնեն: Ի վերջո, ինչպես կարող է քաղաքական հույսը իշխանափոխություն իրականացնել, եթե նա հանրապետության բնակավայրերի անգամ 20 կամ 10 տոկոսում գյուղապետի կամ քաղաքապետի թեկնածու չունի: Եթե կուսակցությունը մարզերում չունի այնպիսի անդամներ, որոնց մեջ կլինեն նաեւ տեղական ինքնակառավարման ղեկը ստանձնելու ունակ մարդիկ, ինչպես է այդ քաղաքական ուժը հավակնում այդ մարզերից քվեներ ստանալ, այդ ով է նրա գաղափարները տարածելու, հետագայում նաեւ հետեւելու, որ իր կուսակցության քվեները չգողանան: Թվում է, թե քաղաքական ուժերի համար վերը բերվածը պետք է պարզից էլ պարզ լիներ, եւ նրանք պետք է գիտակցեին, որ քաղաքական գործընթացները սկսում են ՏԻՄ ընտրություններից:
Սակայն մեր իրականությունն այլ բան է փաստում: Հայաստանում վերջին քիչ թե շատ քաղաքական ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել 2002 թվականի աշնանը: Սակայն այդ ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուները ամենուրեք քարոզում էին, որ ՏԻՄ ընտրությունները կարիք չկա քաղաքականացնել, որ գյուղապետը կամ քաղաքապետը քաղաքական գործիչ չէ, այլ մի մարդ, որը պետք է ընդամենն աղբահանության խնդիրներով զբաղվի: Արդյունքում ընդդիմությունն աստիճանաբար ՏԻՄ-երից դուրս մղվեց եւ գյուղապետերի ու քաղաքապետերի պաշտոններն անցան ՀՀԿ-ի եւ նրա հետ տարբեր ժամանակներում կոալիցիա կազմած իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի տրամադրության տակ: Ի դեպ, քանի որ իշխանական ուժերը եւս Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ համաձայնությամբ էին գյուղապետ կամ քաղաքապետ ունենում, կոալիցիայի փլուզվելուց հետո աստիճանաբար նրանց գյուղապետերը եւ քաղաքապետերը եւս դարձան ՀՀԿ-ինը:
Արդյունքում ստեղծվեց մի վիճակ, որ եթե անգամ որեւէ համայնքում գյուղապետի կամ քաղաքապետի պոտենցիալ հավակնորդ էր ի հայտ գալիս, ապա նա նախընտրում էր որպես անկուսակցական հանդես գալ: Միեւնույն ժամանակ այդ անկուսակցականները չէին խորշում ընդդիմության հետ համագործակցել` փորձելով նրանց ստվերային աջակցությունը եւս ստանալ: Եթե անկուսակցականներին հաջողվում էր ՀՀԿ-ականին հաղթել, ապա կարճ ժամանակ անց իրենք էլ էին ՀՀԿ-ին անդամագրվում: Արդյունքում, նրանց ընտրած համագյուղացին կամ համաքաղաքացին փաստի առաջ էր հայտնվում, քանի որ նա քվեարկել էր, որպեսզի փոփոխություն լինի, բայց դա տեղի չէր ունենում: Այս ամենի հետեւանքով տարածում էր ստանում այն գիտակցումը, որ ոչինչ չի փոխվի, ով էլ լինի, նույնը կլինի: Այդպիսով իշխանությունների համար իդեալական վիճակ ստեղծվեց. արդեն 2008-ին համայնքների ղեկավարների մոտ 90 տոկոսը ՀՀԿ-ականներ էին: Իհարկե, ընդդիմությունը մեկ-երկու տեղերում, հիմնականում քաղաքապետի պաշտոնների համար պայքարեց, բայց արդյունքի չհասավ, քանի որ իշխանական ընտրակեղծարարության համակարգը կարողացավ գործող ղեկավարներին պահպանել: Եղան նաեւ նոր անկուսակցականներ, որոնք ՀՀԿ-ական քաղաքապետերի եւ գյուղապետերի «գահընկեց» արեցին, բայց ավանդույթի համաձայն՝ նրանք եւս կարճ ժամանակ անց դարձան ՀՀԿ-ականներ:
Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ ընդդիմությունը արդեն սկսել է ՏԻՄ-երի ուղղությամբ լուրջ դիրքավորվել, եւ ՀՀԿ-ն սկսեց ինքը ինչ-որ լուծումներ փնտրել, որպեսզի առաջնահերթ վտանգի տակ գտնվող համայնքներում իր իշխանությունը պահպանի: Իսկ առաջնահերթ վտանգվածները հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներն էին: ՀՀԿ-ն շատ լավ հասկանալով, որ Գյումրիում եւ Վանաձորում սեփական քաղաքապետ «անցկացնելն» անհնար կլինի, քանի որ նախորդ համապետական ընտրություններում այդ քաղաքներում իշխանությունները պարտվել են, որոշեց փոխել ՏԻՄ կառուցվածքը՝ հույս ունենալով, որ գոնե առաջին ընտրություններում իրենց կհաջողվի այդ քաղաքներում իշխանությունը պահել:
Մի խոսքով, այլեւս ակնհայտ է, որ ՏԻՄ-երի իրական նշանակությունն արդեն չի թերագնահատվում, եւ ընդդիմադիր կուսակցությունները սկսել են գիտակցել, որ իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհն անցում է տեղական ինքնակառավարման մարմիններով:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱԺԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում օրեր առաջ 5-ամյա փոքրիկի ողբերգական մահվան հետ կապված «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 17-ի սահմաններում, 5-ամյա Ռոզա Կ.-ն եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը լցրել է վրան: Ընտանիքի անդամները ո՛չ դեպքի օրը, ո՛չ էլ դրանից օրեր անց ո՛չ շտապօգնություն են զանգահարել, ո՛չ էլ երեխային բժշկի են տարել, չնայած որ վնասվածքները բավականին խորն են եղել: Երեխայի մայրը դեպքից 4 օր անց է միայն զանգահարել շտապօգնություն, հավանաբար այն ժամանակ, երբ երեխան արդեն անշնչացած է եղել: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց մահացած երեխայի մոր՝ Մարիամի հետ, ով չհերքելով վերը նշվածը՝ շտապեց հայտարարել. «Չփորձեք ինձ մեղադրել եւ ոչ մի բանում: Ես տանը չեմ եղել, երեխեն վրեն տաք ջուր ա լցրել, կրեմներով ու դեղերով ամեն ինչ արեցի, բայց 4 օր հետո մահացավ»: Մեր հարցին, թե ինչու հենց նույն օրը շտապօգնություն չի զանգել, այրված փոքրիկի մայրը պատասխանեց. «Գումար չունեի՝ հիվանդանոցին տալու»: Նշենք, որ բացի մահացած փոքրիկից՝ Մարիամն ունի եւս երեք երեխա, որոնք դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են Վանաձորի մանկատուն:
Նշենք, որ Վանաձորում Մարիամի ընտանիքը ապրում է կամուրջներից մեկի տակ՝ «աղբի գարաժներ» կոչվող հատվածում, սոցիալական ու կենցաղային խայտառակ պայմաններում՝ վագոն տնակում, որտեղ, բառիս բուն իմաստով, հակահիգիենիկ պայմաններ են: Մարիամն աշխատում է աղբահավաք ընկերություններից մեկում որպես բանվոր: Ամուսինը տարիներ առաջ սպանություն կատարելու համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Մյուս երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու փաստը Մարիամն այսպես մեկնաբանեց. «Պայմաններ չունեմ պահելու, տարան մանկատուն»:
Մեր տեղեկություններով՝ կատարվածից անմիջապես հետո Վանաձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբաձության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում Մարիամի ընտանիքն ու մանկահասակ երեխաները հայտնվել են մեկ տարի առաջ, երբ Արարատից եկել են Վանաձոր: Հանձնաժողովը պարերաբար նիստ է գումարել՝ մանկահասակ 4 երեխաներին մանկատուն տեղափոխելու նպատակով, սակայն ինքը՝ Մարիամը, որեւէ անգամ չի ներկայացել նիստերին, դեռ մի բան էլ բանավոր սպառնալիք է հնչեցրել հանձնաժողովի քարտուղարի ուղղությամբ՝ ասելով, թե փողոցում կսպանի, եթե փորձի երեխաներին մանկատուն տեղափոխել: Մարիամի ավագ դուստրը 8 տարեկան է՝ դպրոցական, մյուսները՝ 4 եւ 2, 5-ամյա:
Կատարվածից հետո չի բացառվում, որ Մարիամին զրկեն մայրական իրավունքներից:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Այս տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում տեղի կունենա գյուղապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մամիկոն Սմբատյանը, Շատինի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիգրան Խուդոյանը եւ Վահե Մաթեւոսյանը, որը հետ է վերցրել փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ին զանգահարած շատինցիները մտահոգված են, ընտրությունները կեղծվելու են:
Բանն այն է, որ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը հայտարարել է, որ Շատինում գտնվող ռելեի գործարանն ու կարի արտադրամասը կվերագործարկի այն դեպքում, երբ ինքը կընտրվի գյուղապետի պաշտոնում: Իսկ այս հարցում իրեն կաջակցի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված եւ տուժած հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը: Բնակիչները ասացին նաեւ, որ վերջինս հայտարարել է, թե 2 մլն դոլարի չափով ներդրում կանի՝ գործարանները վերագործարկելու նպատակով:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի հետ:
-Պարո՛ն Սմբատյան, ինչո՞ւ եք հավաքել մարդկանց անձնագրերի պատճենները:
-Ես անձնագիր չեմ հավաքել: Ի՞նչ հարցեր եք տալիս: Կոնկրետ օրինակ բերեք:
-Շատինի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ Դուք անձնագրերի պատճենները հավաքում եք՝ առաջիկայում աշխատանքի տեղավորելու նպատակով: Խոսքը Շատինում գտնվող ռելեի գործարանում եւ կարի արտադրամասում աշխատանքի տեղավորելու մասին է:
-Ո՞վ է զանգահարել Ձեզ:
-Մենք տեղեկացանք նաեւ, որ Ձեզ աջակցելու է Փայլակ Հայրապետյանը, ով խոստացել է 2 մլն դոլարի չափով ներդրում անել նշված գործարանները վերագործարկելու նպատակով:
-Փայլակ Հայրապետյանն է վերցրել անձնագրերի պատճենները: Ինչ-որ խումբ կա, իրենք են վերցրել: Ես կապ չունեմ: Զանգեք Փայլակ Հայրապետյանին: Ինքը ընդամենը գնացել ու նայել է գործարանը, կարի արտադրամասը:
-Դուք, որպես գյուղապետ, չե՞ք հետաքրքրվել՝ ինչու են հավաքել Ձեր բնակիչների անձնագրերի պատճենները: Գուցե՞ գյուղապետի ընտրությունների համար են դրանք հավաքվել: Նման մտահոգություններ ունեն շատինցիները:
-Ինքը աշխատատեղ է ստեղծում, իսկ ես դրա հետ կապ չունեմ: Ես չեմ հասկանում անձնագրերի պատճենները ի՞նչ կապ ունեն ընտրությունների հետ: Ես այդքան ժամանակ չունեմ Ձեր հարցերին պատասխանել:
-Իսկ ինչի ժամանակ ունեք. ո՛չ հետաքրքրվում եք Ձեր գյուղի բնակիչներով եւ ո՛չ էլ մեր հարցերին եք պատասխանում:
-Եկեք Շատին, տեսնեմ, Դուք ով եք, նոր Ձեր հարցերին կպատասխանեմ:
Հ.Գ. Գյուղապետի հետ զրույցից կարճ ժամանակ անց խմբագրություն զանգահարեց գյուղապետի աշխատակազմի քարտուղար Լուսինե Գրիգորյանը եւ հայտարարեց, որ իրեն հանձնարարել են հայտարարություն տալ, որպեսզի գյուղացիներ գան եւ կարի արտադրամասում աշխատելու համար հերթագրվեն: «Այդ ցուցակներում պետք է գրվեր նրանց անձնագրային տվյալները: Ես գիտեմ, որ կարի մեքենաներ կան, բայց երբ է վերջնական աշխատելու կարի արտադրամասը, չգիտեմ: Ամեն դեպքում, առայժմ 4 շատինցի է գրանցվել»,- ներկայացրեց Գրիգորյանը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ