Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում կայացավ զորահանդես, սակայն ինչպես նկատեցինք, զորահանդեսին ներկա լինելու հնարավորություն ՀՀ օրենսդիրներից ոչ բոլորին էր ընձեռվել:
ArmLur.am-ն արդեն գրել էր, որ զորահանդեսին մասնակցելու հրավիրատոմսեր, բացի Ազգային ժողովի նախագահից եւ փոխնախագահներից, ստացել էին միայն խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները, իսկ մյուս պատգամավորները ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի համար էին հրավերներ ստացել:
Եվ, ահա, այս փաստը շատ զայրացրել է մի շարք օրենսդիրների, որոնք բոյկոտել են եւ չեն մասնակցել համալիրում կայանալիք համերգին:
«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց զորահանդեսին մասնակցելու հրավեր չստացած Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ:
-Պարո՛ն Մովսիսյան, ինչո՞ւ Ձեզ չէին հրավիրել Անկախության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին:
-Ո՞վ չի հրավիրել, հրավիրատոմսը մոտս ա:
-Բայց տեղեկություն կար, որ ԱԺ բոլոր պատգամավորներին չեն հրավիրել, միայն ղեկավար կազմին՝ հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ:
-Ես գնացել էի, տրիբունայի մոտ էի, ուղղակի չբարձրացա վերեւ, որովհետեւ փողկապ չէի կապել:
-Միայն դա՞ էր պատճառը:
-Հա՛, էդ պահին հա, որովհետեւ բոլորը փողկապով էին, սիրուն չէր:
-Ձեզ հաստատ հրավիրե՞լ էին:
-Հա՛, երկու հրավիրատոմս էր՝ մեկը համերգի, մեկը՝ էդ հրապարակի միջոցառման:
-Մարզահամերգային համալիրի՞ համերգի մասին է խոսքը:
-Հա, հա՛:
-Բայց շատ ազատամարտիկներ, պատգամավորներ անտեսվել են ՀՀ նախագահի նստավայրի կողմից: Չեն հրավիրվել նաեւ այնպիսի մարդիկ, որոնք լուրջ ներդրում են ունեցել մեր երկրի անկախության գործում՝ իրենց արյունը թափելով:
-Ճիշտն ասած, երեւի ինձ էլ շփոթվել, որ ուղարկել են: Մնացածին էլ չեն տվել: Ես զգացի էդ պահը, դրա համար չբարձրացա տրիբունա:
-Այսինքն՝ Ձեր հրավերը շփոթմունք եք համարո՞ւմ:
-Դե, հա՛, շատերին չեն տվել, դրա համար ես չգնացի:
-Պարո՛ն Մովսիսյան, ի վերջո, մասնակցե՞լ եք զորահանդեսին, թե՞ ոչ:
-Գնացել եմ, քանի որ ոչ մեկին հրավիրատոմս չէին տվել՝ տրիբունա բարձրանալու համար, ինձ տվել էին, դրա համար չբարձրացա ես: Ես ասեցի, որ բոլորին պետք ա տային, դաժե ֆրակցիայում էլ եմ էդ հարցով խոսել, թե խի բոլորին չեք տվել, դրա համար էլ չբարձրացա:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ բոլորին չեն հրավիրել:
-Ես հասկանում եմ, երեւի հյուրերը շատ են, դրա համար:
-Շատ ազատամարտիկներ, պատգամավորներ նեղացել եւ մերժել էին հրավերը, նույնիսկ մարզահամերգային համալիր չէին գնացել:
-Իզուր են նեղանում: Սա մեր երկիրն ա, եթե տենց բաներից պտի նեղանան, ուրեմն պիտի խռովենք, պատերազմ էլ չգնանք: Սխալ ա: Ուրեմն տենց ա պետք եղել, տենց են արել: Ու ասեմ քեզ, որ ուզում ես ճիշտ իմանաս, ինձ էլ չեն տվել հրավեր, ես գնացել եմ, բայց չեմ մոտիկացել:
-Հա՞, այսինքն՝ Ձեզ էլ, ամեն դեպքում, զորահանդեսին մասնակցելու հրավեր չեն տվել:
-Հա, իհարկե, չեն տվել, բայց ես չեմ նեղանում, երեւի տենց ա պետք եղել:
-Բայց Դուք եւս Ձեր արյան գնով նվաճումներ ունեք՝ անկախ այսօր ունեցած կարգավիճակից եւ ծավալած գործունեությունից: Ինչո՞ւ Ձեզ էլ անտեսեցին: Կարծես թե իշխող թիմի համար էլ օտար մարդ չեք:
-Էլի եմ անելու, 4 երեխա ունեմ, էս երկրում պիտի ապրեն: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հայ ազգի երեխեքը իրենց լավ զգան մեր երկրում:
-Այսինքն՝ նեղացած չե՞ք:
-Ես երբեք չեմ նեղանում:
-Պարո՛ն Մովսիսյան, մեզ տեղեկություններ հասան, որ մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ ցուցակներ են ներկայացրել ՀՀ նախագահի նստավայր, որպեսզի իրենց ազատամարտիկ թիմակիցներին ՀՀ նախագահը պարգեւատրի, սակայն որեւէ մեկը չի պարգեւատրվել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
-Մի հատ խելոք բան ասե՞մ: Մեր բոլոր ընկերներն էլ՝ մարտական, կռվել են, ժամանակին իրենց մեդալները բոլորն էլ ստացել են, բոլորս իրար հետ ենք ստացել: Ես հիմա կամաչեմ, որ ինձ մեդալ տան: Հասկացա՞ր: Մենք կամաչենք, որ մեզ մեդալ տան էսօր: Ես չգիտեմ՝ ով ա ուրախանում, որ իրենց մեդալ են տալիս, բայց տենց ա: Իհարկե, դա ծառայող տղերքին չի վերաբերվում: Թող զինվորներին տան, սպաներին տան: Ի՞նչ են հելնում, թե կռվել ենք, մեդալ տվեք: Եկեք թողենք մեր զինվորների հայեցողությանը, ինչ արել ենք, էլի կանենք, ինչքան կարանք, կօգնենք: Նեղանալ պետք չի:
-Շատ հետաքրքիր էր Ձեր խոստովանությունը, որ սկզբում ասացիք՝ հրավեր եք ստացել, բայց հետո ճշմարտությունը բացահայտեցիք:
-Դե, ինչ անեմ, չուզեցի խաբեմ: Բայց պարզ ասեմ՝ ես չեմ նեղանում: Ջղայնանում եմ, բայց չեմ նեղանում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՈՐՔԱՆՈ՞Վ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆԿԱԽ ԿԼԻՆԵՆ
ՀՀ նախագահի՝ 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը պարգեւատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպիսի ճանապարհ են անցել պարգեւատրված դատավորները:
Կարեն Մաթեւոսյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ է նշանակվել 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով: ՀՀ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Այս դատարանի դատավորների մեծ մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Հատկանշական է, որ նա Էջմիածին քաղաքի նախկին ոստիկանապետ Բաղիշ Մաթեւոսյանի որդին է: Ուստի այս պայմաններում դժվար է խոսել դատարանի անկախ լինելու մասին:
2008-ին «Հայ ազգային կոնգրեսը» հրապարակեց «Խիղճները կորցրած դատավորների» ցուցակը, որտեղ ընդգրկված էր նաեւ Սամվել Մարդանյանը: Այս դատավորը շատ ավելի նշանավոր դարձավ բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատալսումների ժամանակ:
Սամվել Գրիգորյանը 2008 թվականի հունվարի մեկից աշխատում է որպես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` բացի դատավորի աշխատանքից, զբաղվում է նաեւ գյուղատնտեսությամբ, իսկ դատավորի մայրը՝ Համեստ Գրիգորյանը՝ ջերմոցային տնտեսությամբ: 2016 թվականի փետրվարի 11-ին ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարում ունեցել է 65.977.00 եվրո եւ 40.000.00 ԱՄՆ դոլար եկամուտ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 8.752,907.00 ՀՀ դրամ: Իսկ 2015 թվականի փետրվարի 14-ին ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ այդ հաշվետու տարում նրա տարեկան աշխատավարձն ավելի քիչ է կազմել` 7.867.737.00:
Մամիկոն Դրմեյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է նշանակվել 2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով։ Ունի բավականին պատկառելի ունեցվածք: Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2015թ. հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա հաշվետու տարում ունեցել է ընդհանուր առմամբ 13.571.603.00 ՀՀ դրամ:
Այնուամենայնիվ, թե իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ո՞ր ավանդի համար են այս դատավորները պարգեւատրվել, այդպես էլ անհասկանալի է մնում, քանի որ պարգեւատրման ոչ մի արարողության ընթացքում կամ հետո հրապարակայնորեն չի նշվում, թե որ արժանիքի համար են նրանք արժանանում «Մխիթար Գոշ» հուշամեդալին: Սակայն ամենակարեւորի մասին. հաշվի առնելով այս հանգամանքը՝ հետաքրքիր է` որքանո՞վ դատավորները այսուհետ անկախ կլինեն, օրենքի տարրին համապատասխան վճիռներ կկայացնեն եւ չեն կաշկանդվի հետագայում նախագահականից ստացված «հեռախոսազանգերից»:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԽԱՐԴԱԽ ՍԱՐՔԸ
Երեկ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը դիտելու համար Նալբանդյան-Հանրապետության խաչմերուկի հարեւանությամբ այգում հավաքված քաղաքացիների մի մասը զայրացած էր, քանի որ քաղցրավենիք եւ հյութեր գնելու համար նախատեսված ավտոմատ սարքը գումարը ընդունում էր, բայց ապրանքը չէր տալիս: Ավտոմատի վրա անսարքության մասին որեւէ գրություն չկար: «Ժողովուրդ»-ը փորձեց ավտոմատի սեփականատերերից պարզել՝ արդյոք իրենք տեղյակ են իրենց սարքի չգործելու մասին: Պարզվեց՝ նրանք առաջին անգամ էին այդ մասին լսում եւ վստահեցնում էին, թե ամենօրյա ռեժիմով իրենց ավտոմատները ստուգում են: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ էին քաղաքացիների հեռախոսազանգերը անպատասխան մնում, մեր հարցերին պատասխանող աշխատակիցն ասաց. «Գուցե սխալ հեռախոսահամարով են զանգահարել»:
14-Ի ՓՈԽԱՐԵՆ 1 ՄԼՆ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով եւս մեկ վճիռ է հրապարակվել: Ինչպես հայտնի է՝ 2012 թվականին սպանվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` Կարեն Եսայանը: Նրա սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը: Սպանվածի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել էր մեղադրյալից բռնագանձել14 մլն դրամ՝ որպես փոխհատուցում: Գործը Շիրակի մարզից տեղափոխվել էր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սեպտեմբերի 16-ին այս գործով դատավոր Հայարփի Զարգարյանը մասամբ բավարարել է Անահիտ Իսկանդարյանի պահանջը՝ վճռելով, որ նրան պետք է վճարվի 1 մլն դրամի փոխհատուցում:
ԿԵՐԿԱՐԱՑՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորված անձանց կալանքի ժամկետները երկարացնել: Ասել է, թե սեպտեմբերի 25-ին հանցավոր խմբի գործով անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու է: Իսկ երկու ամիս անց կլրանա աղմուկ հանած այս պատմության նախաքննության մեկ տարին: Ի դեպ, մինչ այդ ԱԱԾ-ն պետք է քրգործն ուղարկի դատարան կամ դիմի վերահսկողություն իրականացնող դատախազին` գործի բացառիկությունը հաշվի առնելով՝ նախաքննության ժամկետը երկարաձգելու համար:
ՀԱՄԵՐԳԻ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կառավարությունից խնդրել է 89 մլն 617 հազար դրամ` ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մարզերում եւ Երեւանում կազմակերպվելիք համերգների, ցուցահանդեսների եւ տոնական հրավառությունների ֆինանսավորման համար: Համապատասխան նախագիծը նախատեսվում է քննարկել ՀՀ կառավարության այսօրվա նիստում: