ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ ՕՏԱՐ, ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է լուծել այն խնդիրը, որն իր նախորդների` Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի համար անհաս մնաց: Նա փորձում է պետական կառավարման համակարգը վերաձեւելով՝ այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ: Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական համակարգի խաղացողներին, այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման համակարգում որոշումների միակ կայացնողն ինքն է:
Բայց այս տեսանկյունից ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ժամանակ Կարեն Կարապետյանը այդպես էլ չէր ընկալվում իբրեւ իշխանական թիմի անդամ: Առավոտյան Եռաբլուրում, իսկ երեկոյան էլ մարզահամերգային համալիրում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողնեը նկատել էին, որ իշխանական վերնախավի ներկայացուցիչներից շատերը նորանշանակ վարչապետին չեն մոտենում եւ ձեռքով չեն բարեւում, ինչպես սովորաբար ընդունված է, կամ ինչպես լինում էր Հովիկ Աբրահամյանի դեպքում: Այսինքն՝ ակնհայտ է եղել, որ նորանշանակ վարչապետը շատերի համար «ցանկալի» անձ չէ: Ինչպես հայտնի է՝ նոր կառավարությունը կազմավորելուց հետո Կարեն Կարապետյանը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը: Նախկինում կառավարության ծրագրերը, որպես կանոն, խորհրդարանում ընդունվել են առանց լուրջ խոչընդոտների, քանի որ իշխող ՀՀԿ-ն մեկ մարդու պես մասնակցել է համապատասխան նիստին եւ սեղմել «կողմ» կոճակը: Ուստի ուշագրավ է, թե այս անգամ իշխող ՀՀԿ-ի պատգամավորներն իրենց ինչպես կպահեն քվեարկության ժամանակ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե նրանցից քանիսը կհամարձակվի կառավարության ծրագրի քննարկմանը չմասնակցել, օրինակ` անհետաձգելի գործերով արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը եւ այսօր այն ներկայացնել իրեն: Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու` եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՞ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում: Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին` հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր: Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարությունում մարզպետների մասնակցությամբ պետք է տեղի ունենա եկող` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նման քննարկումները սովորաբար փակ ռեժիմով են տեղի ունենում, եւ դրանց մասին հանրությունը տեղեկանում է միայն հաղորդագրություններից: Սակայն մարզպետներից շատերն այս քննարկմանն առանձնապես ոգեւորված չեն մասնակցելու: Բանն այն է, որ մարզպետներից մի քանիսը, ականջալուր լինելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորներին, այս ընթացքում կառավարության աշխատակազմին են ներկայացրել թվեր, թե իրենց հատկացված պետական միջոցներից որքան գումար են «խնայել»: Եւ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ոչ թե խրախուսել խնայողություն արած չինովնիկներին, այլ կրճատել մարզպետարաններին տրվող գումարները՝ թողնելով խնայվածի չափ: Ասել է թե՝ տեղավորվեք նախորդ տարվա «թվերի մեջ»: Ու եթե մարզային իշխանիկներն իմանային, որ այսպես է լինելու, ապա բյուջետային միջոցները չէին խնայի եւ ամբողջությամբ կծախսեին:

 

 

 

Երեկ ավարտվեց հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը: Ըստ այդմ, Գյումրիում կպայքարեն 11 քաղաքական ուժերը` «Ալյանս», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «ԳԱԼԱ», «Համախմբում» ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը: Վանաձորում թեկնածու կուսակցություններն են` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Համախմբումը», «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ), «Լուսավոր Հայաստանը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը»: Նշված քաղաքներում իշխանությունը պահպանելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է լինելու իր օգտին ապահովել առնվազն 15 հազար քվե եւ այնպես անել, որ նույնքան քվե փոշիանա` տրվի նվազագույն 6 տոկոսի շեմը չհաղթահարած մասնակիցների: Ավելի ցածր արդյունքի դեպքում ՀՀԿ-ն ստիպված է լինելու կոալիցիա կազմել` համայնքային իշխանությունը պահպանելու համար, ինչը 2017-ի ԱԺ ընտրություններից վեց ամիս առաջ դժվար կլինի իրագործել:

 

 

 
ՄՐՑԱՎԱԶՔԱՅԻՆ
Նախօրեին Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսն առնվազն արտաքին լսարանին ուղղված իր ուղերձով, կարելի է ասել, խփել է ճիշտ նշանակետին: Երեւանի Հանրապետության հրապարակում ցուցադրված գերարդիական սպառազինություններն ու հատկապես «Իսկանդեր» համալիրները հարուցել են ադրբեջանական նոր հիսթերիա, որն անթաքույց կերպով դրսեւորվել է նաեւ այդ երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրատապ արձագանքով:
Մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով զորահանդեսից անմիջապես հետո այդ երկրի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը՝ խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ամրապնդմանը՝ «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց նշանակության գնահատման եւ դրանց ոչնչացման հաջորդականությունը որոշելու համար»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ հրամայել է «ուժգնացնել թշնամու ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ոչնչացնել այդ օբյեկտները»:
Ինքնին հասկանալի է, որ այս խորհրդակցություններն ու հանձնարարականները առաջին հերթին նպատակ ունեն ներքին լսարանին հանգստացնելու եւ մեղմելու այն քարոզչական շոկը, որը շարքային ադրբեջանցիներն ապրեցին՝ լսելով հայտարարություններ, թե Բաքուն գտնվում է հայկական զինուժի նշանակետում: Մյուս կողմից էլ միամտություն է մտածել, որ նման հայտարարությունները կարող են էական ազդեցություն ունենալ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարների կայացնելիք որոշումների վրա: Բնականաբար Ալիեւի կամ Հասանովի համար ամենեւին նորություն չէր, որ Ռուսաստանը Հայաստանին դեռ ամիսներ առաջ է փոխանցել «Իսկանդեր» համալիրները:
Այլ խնդիր է, որ հիմա՝ դրանց ցուցադրությունից հետո, Բաքվում պետք է սեփական ժողովրդին հանգստացնելու ձեւ գտնեն: Իսկ դա կարող է լինել երկու եղանակով. 1. Ռազմական հռետորաբանության նոր պոռթկումների տեսքով, 2. «Իսկանդերին» համարժեք սպառազինության ձեռք բերմամբ: Առաջին տարբերակն այլեւս շատ էֆեկտիվ չէ: Թեեւ՝ ապրիլյան պատերազմից հետո այն որոշակիորեն սկսել է աշխատել՝ հայկական կողմից 800 հեկտար տարածքի կորստյան արդյունքում, սակայն, այդուհանդերձ, ժամանակավոր էֆեկտ կունենա: Ուստի Ադրբեջանի ղեկավարությունն առաջիկայում ամեն կերպ պետք է փորձի երկրորդ եղանակով խնդիրը լուծել եւ Ռուսաստանից գնել «Իսկանդեր» համալիրներ: Ահա, այստեղ է, որ պարզ կդառնա, թե իրականում ինչպիսի խնդիր էր փորձում լուծել Ռուսաստանը՝ Հայաստանին տրամադրելով «Իսկանդեր» համալիրները:




Լրահոս