ՄԻ՞ԹԵ ՍԱ Է ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասին մենք կարողանալու ենք կայացնել Հայրենիք, որը մրցունակ կլինի նաեւ իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն ապահովելու հարցում, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որեւէ ցանկություն եւ արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»,- այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, մեջբերումը՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրից: Թե ինչքանով են իրականություն դարձել այս խոսքերը, կարող է դատել յուրաքանչյուր ընթերցող՝ իր շրջակա միջավայրի օրինակով:

Եւ ամենեւին պետք չէ վիճակագիր լինել՝ հասկանալու եւ վերլուծելու համար այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանի խոսքերը, իր իսկ բնորոշմամբ, «քամի տատանելու» նման մի բան են: Ինչպե՞ս, բացատրենք. նշված հայտարարությունից անցել է 3 տարի: Ու այդ տարիները աչքի չընկան ոչ միայն երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացվածությամբ, այլեւ հայ ժողովրդին դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհի սահունությամբ: Համենայն դեպս, եթե փորձենք վերլուծել անցած երեք տարիների ընթացքում իշխանության ծավալած գործունեությունը, ապա առավել ակնառու կլինի բացասականն ու դրա հետեւանքով դատարկվող երկրի պատկերը: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի առանցքը ապահով Հայաստանի տեսլականն էր, որը դեռեւս հեռու է իրականության սահմանագծից: Չի կարող մի երկրում քաղաքացին լինել ապահով, երբ ոտնահարված են «տարրական» իրավունքները: Բերենք ընդամենը մի քանի օրինակներ, որոնք կլինեն վերոշարադրյալի վառ վկայությունը:
Մոտ տասը տարի առաջ կառավարությունը որպես գերակա շահ ճանաչեց Երեւանի Կոնդ թաղամասի տարածքը եւ այնտեղ ապրող բնակիչներին դուրս հանեց իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում, սակայն մինչեւ այժմ չի կատարել պայմանագրային պարտավորությունը։ Բնակիչներն ապրում են վարձով եւ փոխհատուցում պահանջում: Ու երբ բնակիչները սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի տան դիմաց, կտրելով նրա ավտոշարասյան ճանապարհը, հանդիպում պահանջեցին, ապահով Հայաստան խոստացած ՀՀԿ առաջնորդը արդեն զայրացավ. «Իմ սեփականություննա՞, որ որոշում կայացնեմ»:
Ստացվում է, որ 2007թ., երբ մարդկանց տներն ու հողերը «գերակա շահ» ճանաչվեցին՝ անտեսելով բնակիչների սեփականության իրավունքը, դուրս հանեցին իրենց տներից, այդ ժամանակ որոշում կայացնելու իրավասություն ՀՀ նախագահն ուներ, իսկ հիմա, երբ գործընթացը քաոսի է վերածվել, չունի:
Հիշեցնենք, որ այդ ճակատագրին են արժանացել Երեւանի Բուզանդի, Ֆիրդուսի եւ այլ թաղամասերի բնակիչներ: Սա տեղի է ունենում այն թեկնածուի նախագահության տարիներին, ով իր նախընտրական ծրագիրն ամբողջությամբ նվիրել է ապահով Հայաստան ունենալու «ձգտումներին»:
Սերժ Սարգսյանը մի երկարաշունչ հատված էլ իր նախընտրական ծրագրում նվիրել էր հայ ընտանիքին` վստահեցնելով, որ վերանայվել է մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ: «Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը»,- խոստացել է ՀՀԿ թեկնածուն: Սակայն տարեցտարի ավելացող գործազրկության ցուցանիշը այդ խոսքերի միֆականության փաստացի ապացույցն է:
Ըստ վիճակագրական ծառայության` 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 55973, 2014-ին` 65874, իսկ 2015-ին` 77004: Սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը 2013 թվականի իր նախընտրական ծրագրում հայտարարել էր. «Զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու միջին եւ բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսությունում արտադրողականության բարձրացումը»:
Բայց սա դեռ ամենը չէ. արդար պետություն ունենալու հստակ ծրագիր էր առաջարկել ՀՀԿ նախագահը, անգամ այդ ծրագրում սահմանել, թե որը կարող է կոչվել արդար պետություն. «Արդար պետություն նշանակում է քաղաքացիների հետ կարեւոր հարցերը քննարկելու եւ արդարացի որոշումներ ընդունելու կարողություն»: Բոլոր բնագավառներում արդարության հասնելու, հիմնավոր, արմատական բարեփոխումներ իրականացնելու, արդարադատության մատչելիությունը, դրա իրական անկախությունն ու արդյունավետությունը ապահովելու համար էլ նախագահը ծրագիր ուներ: Բայց ու՞ր է այդ ծրագիրը:
Ինչո՞ւ գործի չդրվեց 2015 թվականի հուլիսի 23-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ծեծուջարդի ժամանակ, որտե՞ղ էր այդ ծրագիրը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների եւ թաղային խուժանի կողմից իրականացված բռնություննների ժամանակ, քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարությունների ընթացքում…
Ու այսքանից հետո Սերժ Սարգսյանը Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նախօրեին վստահորեն հայտարարում էր. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ եկել է»: Բայց ո՞ւմ համար կեցցե:

 

 

ՀԵՏՆԱՄՈՒՏՔՈՎ ՀԵՌԱՑՈՂ ԼՌԱԿՅԱՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով` փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»: Չնայած նրանց «փախուստի» փորձերին՝ «Ժողովուրդ»-ը հետամուտ եղավ եւ անձամբ նրանցից ստացավ այս օրերին առավել հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, թեեւ նախընտրել էր կառավարությունից հեռանալ հետնամուտքով, սակայն չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.
-Պարո՛ն Լոքյան, տեղեկություններ կան, որ նորանշանակ վարչապետը կառավարության անդամներին եւս հրահանգել է դուրս գալ կառավարության գլխավոր մուտքից, ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս:
-Չի եղել այդպիսի հրահանգ: Սա մուտք չի՞:
-Այնուամենայնիվ, գլխավոր մուտքի մոտ են մշտապես հավաքվում լրագրողները, ինչպես նաեւ՝ կառավարությունից պահանջ ունեցող քաղաքացիները, որոնք հավաքվում են այնտեղ` իրենց խնդիրները ներկայացնելու համար:
-Պարզապես ինձ ավելի հարմար է ոտքով գնալու համար: Ազնվորեն, չի եղել նման հրահանգ:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի մեկնաբանությունները մեր հարցերի առնչությամբ հստակ չէին, բայց լակոնիկ էին: Կարծես սեպտեմբերի 17-ի կառավարության նիստում լակոնիկ խոսելու մասին վարչապետի հորդորից տիկին նախարարը հետեւություններ է արել:
-Տիկի՛ն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով Ձեր ընկերուհին է, միջնորդել է՝ նոր ձեւավորվող կառավարությունում Ձեզ ընդգրկելու համար:
-Գիտեք ինչ կա, ինձ ուղղեք այն հարցերը, որոնք ինձ են վերաբերում:
-Բայց չէ՞ որ խոսքը հենց Ձեր մասին է, Ձեր վերանշանակման:
-Եթե Դուք խոսակցություններով եք առաջնորդվում, ես շատ ուրախ եմ:
-Եթե խոսակցություններով առաջնորդվեինք, ապա Ձեզանից չէինք փորձի լուրի իսկությունը ճշտել:
-Ճշտեք այն մարդկանցից, ովքեր Ձեզ նման բան են ասել:
Ըստ էության, Հասմիկ Պողոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն էլ, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ուշանում իր վերանշանակումը, ժպտաց: Նրա տրամադրությունից կարելի էր ենթադրել, որ նորանշանակ վարչապետի հետ իր «հարցերը լուծված են»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 
8 ԱՄԻՍ Է՝ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) աշխատակիցները «Ժողովրդին» բողոքեցին, որ իրենք 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Ընկերության աշխատողները պատմեցին, որ իրենց պարտականությունները բարեխիղճ ձեւով կատարել են, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր են մատակարարել, սակայն մնացել են առանց վարձատրության: Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների աշխատավարձերի գումարները գոյանում են 2 աղբյուրից՝ պետական բյուջեի հատկացումներից եւ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիների մուծած վարձավճարներից: Ընկերության աշխատողները ոռոգման ջրի վարձերը հավաքագրում են: Նրանց ասելով՝ ոռոգման վարձերի գումարների ամենամեծ հավաքագրումը լինում է տարեվերջին, երբ գյուղացիները իրենց աճեցրած բերքի իրացումն ավարտած են լինում: Ոռոգման ընկերության աշխատակիցների ներկայացմամբ՝ պետական բյուջեից Նոյեմբերյանի ՋՕԸ-ին անհրաժեշտ ֆինանսական հատկացումները չեն արվել, ինչի պատճառով իրենք անմխիթար վիճակում են հայտնվել:

 

 

ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԹԱԼԱՆԵԼ Է
Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 13-ի սահմաններում, տեղեկանալով, որ Վարդան Մեջլումյանն իր ընտանքի անդամների հետ մասնակցում է եղբոր հարսանյաց արարողությանը, օգտվելով այդ հանգամանքից, տան դուռը հրելով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Վարդան Մեջլումյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 հասցեում գտնվող տուն, գաղտնի հափշտակել 1 միլիոն 20 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր: Մ. Հովհաննիսյանը դրանից 4 օր հետո՝ 2015թ. հունիսի 7-ին մուտք է գործել Վարդան Մեջլումյանի եղբորը՝ Վաչե Մեջլումյանին պատկանող, Դիլիջանի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 տան առաջին հարկում գտնվող պահեստարան հանդիսացող ավտոտնակ եւ հափշտակել ընդհանուր 10 հազար դրամ արժողությամբ տարբեր տեսակի տնտեսական եւ մթերային ապրանքներ: Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 34-176 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 




Լրահոս