ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ խախտումներ է հայտնաբերել «Հավիցա» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ ընկերությունը, օգտագործելով ԵՏՄ-ից ներկրումների պարզեցված ընթացակարգերը, ներմուծել է մեծ քանակությամբ հավկիթ եւ տեղականի անվան տակ փորձել է իրացնել շուկայականից անհամեմատ ցածր գներով: Ըստ ՊԵԿ-ի՝ «Հավիցա» ընկերությունը անարդար մրցակցային միջավայր է ձեւավորել տեղական արտադրության ոլորտում:

Նշենք, որ «Հավիցա» ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի, հիմնադրվել է այս տարվա ապրիլի 29-ին: Թեեւ հիմնադիրը Արարատ Գրիգորյանն է, բայց սեփականատերը Արմենակ Խաչատրյանն է: Ի դեպ, նրան է պատկանում նաեւ «Բաղրամյանի թռչնաֆաբրիկան»: Իսկ Արարատ Գրիգորյանը Ա. Խաչատրյանի քրոջ ամուսինն է: Տեղեկացնենք, որ «Բաղրամյանի թռչնաֆաբրիկան» փակվել է, արտադրությունը կասեցվել է, իսկ 26 թռչնանոցների դռները կողպվել են: Այժմ միայն «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է աշխատում, օրը 30 ձու է արտադրում (սա նույնպես պատկանում է Ա. Խաչատրյանին):
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արմենակ Խաչատրյանը արտադրությունը պահելու համար հսկայական պարտքեր է կուտակել, եւ 2014 թվականի վերջին, երբ դոլարի գինը բարձրացավ, ընկերությունը մեծ վնասներ կրեց եւ հայտնվեց էլ ավելի վատթար ֆինանսական վիճակում: Կուտակած պարտքերը մարելու նպատակով էլ Խաչատրյանը այս տարվա ապրիլին հիմնադրել է «Հավիցա» ընկերությունը, որը ՌԴ-ից հավկիթ է սկսել ներկրել:
Սակայն վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ներքին շուկայում ավելի էժան գնով եւ առանց մակնշման ՌԴ-ից ներկրված հավկիթ է վաճառվում, ինչն էլ ազդում է տեղական հավկիթի վաճառքի ծավալների վրա: Այս տեղեկությանը հաջորդեց ԳՆ ՍԱՊԾ հայտարարությունն այն մասին, թե սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է, որ Ռուսաստանից ներկրվող ձվի խմբաքանակի մի մասը՝ 400 արկղ /144 հազար ձու/, մակնշված չէ:
ՊԵԿ հայտարարության համաձայն՝ «Հավիցա»-ն հարկային մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել հավկիթի իրացման գնի վերաբերյալ, որը փաստացի վաճառել է հանրապետության տարբեր մարզերում՝ առանց հարկային հաշիվների դուրսգրման, ընդհանրապես առանց նշագրման կամ կեղծ նշագրմամբ: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը այս տարվա օգոստոս-սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է ներմուծել 1 մլն 902 հատ հավկիթ, 39 հազար 990 կգ հավի միս եւ 269 հազար 450 կգ ցորեն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք պահեստավորվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում, սակայն ՊԵԿ աշխատակիցները ընկերության պահեստում օգոստոսի 25-ին հավկիթի եւ ցորենի մնացորդ չեն գտել: Ապա պարզվել է, որ օգոստոսի 26-ից ընկերությունը դուրս է գրել հարկային հաշիվներ «Նոր Զովք» ՍՊԸ-ի անվամբ, համաձայն որոնց մեկ իրացված հավկիթի գինը կազմել է 27 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ՊԵԿ-ը պարզել է նաեւ, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանց առաքված հավկիթները նշագրված են եղել «ԳԹՖ» նշագրումով` որպես «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրանք: Եւ ներկրված 269 հազար 450 կգ ցորենից 43 հազար 600 կգ-ը (1 կգ-ը` 90 դրամով) սեպտեմբերի 15-ին իբրեւ վաճառվել է «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին, այնինչ՝ ՊԵԿ-ի կողմից պարզվել է, որ այդ կազմակերպությունն իրականում չի գործում, հետեւաբար նշված քանակի ցորեն չի ստացել:
Իսկ, ահա, «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում: Այն հիմնադրվել է 1995 թվականի սեպտեմբերի 15-ին եւ ընկերության նկատմամբ սահմանափակումներ կիրառված չկան: Ավելին՝ այն ըստ Ա. Խաչատրյանի՝ աշխատում է: Գուցե՞ ՊԵԿ աշխատակիցները այդքան էլ ուշադիր չեն ուսումնասիրել:
ՊԵԿ-ը այժմ խիստ զբաղված է, քանի որ այս կառույցը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում «Հավիցա» ընկերության կողմից ներկրված ցորենի մնացած մասի` 225 հազար 850 կգ-ի ճակատագիրը պարզելու համար: ՊԵԿ-ի «Հավիցա» ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակած հայտարարությունից թվում է, թե մեր հանրապետությունում այլ՝ ավելի կարեւոր եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ չկան: Բոլորը իրենց գործը թողած՝ ընկել են ընկերության հետեւից եւ փորձում են ապացուցել, որ նշված ընկերությունը առանց մակնշման ռուսական հավկիթ է ներկրում: Իսկ որտեղ էր ՊԵԿ-ը այն ժամանակ, երբ այլ երկրներից մեծ քանակությամբ կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, ինչու չէ նաեւ հավկիթ էին ներկրում եւ այդպես խոչընդոտում տեղական արտադրողներին:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հավիցա» ընկերության տնօրեն Արեն Գասպարյանի հետ, ով անդրադառնալով ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը՝ ասաց. «Ինչ-որ ասվել է ՊԵԿ-ի կողմից, 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը: Բայց հիմա ո՞վ կարող է ՊԵԿ-ի դեմ պայքարել: Իսկ հավկիթը ներմուծել ենք, որպեսզի կարողանանք դուրս գալ այդ իրավիճակից, հետեւաբար վերագործարկենք ֆաբրիկաները: Իհարկե, դեպք եղել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով 400 արկղ հավկիթը մակնշված չի եղել: Բայց դա ՍԱՊԾ-ի կողմից արձանագրվել է, եւ այն մենք վաճառել ենք հրուշակեղենի արտադրամասերին, այն նույնիսկ շուկա չի մտել»:
Իսկ, ահա, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միությունը նախապես զգուշացրել է Արմենակ Խաչատրյանին՝ այլ երկրից ձու չներկրել: «Մենք իրեն խնդրեցինք, որ չբերի, որովհետեւ սա նախադեպ կդառնա մյուսների համար, կսկսեն բերել, ինչի արդյունքում տեղական արտադրությունը ուղղակի կմեռնի»,- փոխանցեց թռչնաբույծը:
Հ.Գ. Տեսակետ կա, որ Արմենակ Խաչատրյանը, բարձրաձայնելով իր ֆինանսական խնդիրների մասին, մտադիր է իր պարտատերերին ցույց տալ, որ ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, եւ հետեւաբար ինքը չի կարող հետ վերադարձնել այն գումարները, որոնք ներդրվել են ընկերության համար: Ի դեպ, օրեր առաջ Ա. Խաչատրյանը հայտարարեց, որ դառնում է տնտեսական ընդդիմություն: Ավելին՝ նա նույնիսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ժամանակ տվեց իրեն աջակցելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Հոկտեմբերի երկուսին Լոռու մարզի Քարաբերդ գյուղում եւս համայնքի ղեկավար են ընտրելու: Սկզբում առաջադրվել էին երկու թեկնածու՝ գործող գյուղապետ Յուրիկ Շավելյանն ու անկուսակցական Մյասնիկ Բաղրամյանը, ով, սակայն, օրեր անց ինքնաբացարկ ներկայացրեց: Քարաբերդ համայնքում խնդիրներ շատ կան, գյուղում չկա դպրոց ու մանկապարտեզ, չկա բուժմիավորում, խանութ, գյուղը Վանաձորին կապող երթուղի: Համայնքը անգամ գյուղապետարանի շենք չունի: Աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի սեփական վագոն-տնակում:
Քարաբերդի ղեկավար Յուրի Շավելյանն ասում է, որ գյուղապետ չեն ուզում դառնալ, քանի որ համայնքում միայն ու միայն խնդիրներ են, ուրիշ ոչինչ.«Այ ցավդ տանեմ, ես եմ արդեն զզվել էս պաշտոնից, ինչ մնաց թե ուրիշներն ուզենան գյուղապետ դառնալ, էնա տեսնում են էլի, թե ինչպես ենք կազմակերպում»,-ասում է 1990թ-ից համայնքի ղեկավար աշխատած Շավելյանը՝ հավաստիացնելով, որ հերթական անգամ առաջադրվել է գյուղացիների պահանջով:
148 բնակիչ ունի համայնքը, գյուղում աշակերտների ու երիտասարդների չես հանդիպի: Դպրոցի ու մանկապատեզի բացակայության պատճառով երիտասարդ ընտանիքները բնակարան են գնել Վանաձորում ու հեռացել գյուղից: Քարաբերդում այսօր միայն ծերերն են մնացել:
26 տարի համայնքը ղեկավարած ՀՀԿ-ական գյուղապետը չի հիշում, թե պետական ինչ ծրագրեր են իրականացվել համայնքում, քանի որ այդպիսիք պարզապես չեն եղել: Միայն այս տարի մի քանի օրից Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի նորոգման հետ կնորոգվի նաեւ համայնք տանող ճանապարհը:
Գյուղը գազաֆիկացված չէ, չնայած կարիքը բնակչությունը շատ է զգում, վստահեցնում է գյուղապետը.«Խմելու ջրագիծ էլ չունենք, գյուղում բնական աղբյուրներ կան մի քանի հատ, դրանցից էլ բնակչությունը օգտվում է: Խանութի ու բուժմիավորման բացակայությունը եւս լուրջ է. բնակչությունը գրանցվել է Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում: Այդտեղ են սպասարկվում»:
Վագոն տնակը, որը որպես գյուղապետարան է ծառայում, համայնքի ղեկավարի սեփականությունն է: Այն վաճառելու դեպքում Քարաբերդը պարզապես գյուղապետարան չի ունենա:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
30-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ ՄԱԶԻՑ Է ԿԱԽՎԱԾ

Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Փափախչյանը, ով երկու մանկահասակ երեխաների հայր է, երիկամների փոխպատվաստման կարիք ունի: Մայրը պատրաստ է ու կարող է միակ որդուն տալ իր երիկամը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողանում կազմակերպել վիրահատությունը:

Մեզ հետ զրույցում Վահեի մայրը՝ տիկին Ամալյան, պատմեց, որ 2 տարի առաջ ինքը եւ որդին համապատասխան բոլոր հետազոտություններն անցել են, պարզվել է, որ ինքը կարող է դոնոր դառնալ. «Ես դիմեցի առողջապահության նախարարություն, նախարարը խոստացավ, որ վիրահատութան համար 6000 դոլլար գումար կտա, բայց միայն անալիզների համար 1 միլիոն երկու հարյուր հազար դրամ գումար է անհրաժեշտ, որը մեր ընտանիքը չունի»,-ասաց տիկին Ամալիան:
Իսկ այս ընթացքում 30-ամյա Վահեի վիճակը գնալով ավելի է վատանում: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել է 5 տարի առաջ: Այս տարիների ընթացքում Վահեն դիալեզ է ստացել, սակայն այլեւս անհնար է առանց ավելի լուրջ միջամտության. միակ տարբերակը երիկամի փոխպատվաստումն է. «5 տարի առաջ մյուս տղաս մահացավ երիկամների անբավարարությունից: Բժիշկներն ասում էին, որ Վահեի առողջական խնդիրները ստրեսի հետեւանք են: Հիմա աղաչում եմ, որ ինձ օգնեն, գոնե փրկեմ էս մի տղայիս կյանքը, էն մեկինը չկարողացա, գոնե էս մեկինը փրկեմ… »,- լացակումած աղերսում է Վահեի մայրը: Նշենք, որ Փափախչյանների ընտանիքն ապրում է Վահեի՝ հաշմանդամության 2-րդ կարգի համար տրվող 28.000 դրամ թոշակով ու երեխաների՝ 19.000 դրամ նպաստով:
Վահե Փափախչյանին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել Հայբիզնեսբանկում բացված 110011435730100 հաշվեհամարին, կամ զանգահարել Վահեի մայրիկին՝ 093 70 37 72 եւ 077 58 53 17 հեռախոսահամարներին:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս