ԴԱՏԱՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԶԳԱ ԽՍՏԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տվյալներով՝ 2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ կրկին 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:

Եվ այս տարվա օգոստոսի 18-ին ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել ՄԻԵԴ¬ի վճիռների համար: Հանձնարարականի ընթացքի եւ արդյունքների մասին դեռեւս տեղեկություններ չկան:
Եվ վերջին շրջանում բուռն քննադատությունների տեղիք է տվել այն հանգամանքը, որ դատավորների սխալ վճիռների ծանր բեռը ստիպված է կրել ՀՀ քաղաքացին:
Որքա՞ն պետք է այսպես շարունակվի, եւ արդյո՞ք պատճառը օրենքի բացն է:
Այս եւ մի քանի այլ հարցերի պատասխաններ «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ԱԺ Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից:
-Պարո՛ն Սահակյան, արդյո՞ք խնդիրը օրենսդրական բացի մեջ է: Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշումների կայացումն ավելի հաճախակի դարձել:
-Խնդիրը բավականին լուրջ եւ խորքային է: Եթե ասենք՝ միայն դատավորների վճիռների մեջ բացթողում կա, սխալված կլինենք: Արդարության վերականգնման գործում դատարանները բավականին մեծ գործ ունեն անելու մեր երկրում: Սրա մասին ես միշտ բարձրաձայնել եմ, խոսել եմ: Դատական համակարգը պետք է էապես փոխվի: Բայց այս խնդիրը բավականին լուրջ է, եւ կարելի է դիատարկել ե՛ւ օրենսդրական տարբեր փոփոխությունների խնդիրը, ե՛ւ բացերի խնդիրը, ե՛ւ դատավորների անկախության սկզբունքը գոյություն ունի: Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք պետք է սրան անդրադառնանք մի փոքր այլ կերպ: Ինչու ասացի դատավորների անկախության. քանի որ եթե պատասխանատվություն սահմանվի կայացրած վճիռների վրա, մի փոքր ավելի հեռու եւ այլ տեղ է տանում:
Կարծում եմ՝ մենք պետք է ամբողջ միջազգային փորձը եւ պրակտիկան հաշվի առնենք եւ կարողանանք այդ նախադեպային մոդելները կիրառել: Այստեղ Վճռաբեկ դատարանը պետք է լուրջ դերակատարում ունենա, որպեսզի ապահովի օրենսդրության օրինականությունը կիրառելու լիազորությունները: Ասել է, թե լսել երկու կողմերին, նրանց մեկնաբանությունները, ապացույցները:
-Ո՞րն է պատճառը, որ մինչ օրս չունենք այդ արդյունքը:
-Այստեղ պետք է հաշվի առնել, որ երեւույթը նոր է:
-Այդ խնդրի լրջությունը նո՞ր հասկացանաք, պարո՛ն Սահակյան:
-Բանն այն է, որ նախկինում դժվար էր դիմել միջազգային կառույցների: Հասարակությունը զարգացել է, ավելի թափանցիկ է դարձել, եւ մարդիկ իրենց իրավունքները պաշտպանում են մինչեւ վերջ:
-Ես ճի՞շտ հասկացա՝ մտավախությունը խորացավ այն ժամանակ, երբ գիտակցեցինք, որ ավելի՞ խորքային է դառնում խնդիրը…
-Երբ դու գիտես, որ դա ճիշտ է, եւ իրականացնում ես, դու հասկանում ես, որ բողոքարկման վերջին ատյանը Սահմանադրական դատարանն է, եւ նույնիսկ երբ կային հետեւանքներ, դրանք որոշակի գումարների վերադարձման խնդիր չէին առաջացնում: Եվ հիմա կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ գնահատում են՝ եթե սխալ վճիռ է կայացվել, ապա հաշվարկում են, որ այդ սխալի արդյունքում քաղաքացին պաշտպանվելու համար որքան նյութական ծախս է կրել, ինչպես նաեւ հոգեւոր եւ բարոյական:
-Հիշո՞ւմ եք՝ դեռեւս նախորդ տարի մենք ականատես եղանք, որ արդարադատության խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ կայացրեց: Արդյո՞ք այստեղ եւս բաց կա, ինչի հետեւանքով եւս ունենք ստեղծված պատկերը:
-Սա շատ նուրբ հարց է: Այստեղ պե՛տք է դրվեն որոշակի մեխանիզմներ: Միանշանակ պատասխանատվության բեռ եւս կա: Այսինքն՝ վճիռները պետք է լինեն ավելի ընդհանուր, միջազգային օրենքներին համապատասխան: Պետք է սրան ձգտենք:
-Ե՞րբ պետք է սկսենք:
-Մենք չպետք է սկսենք: Նրա՛նք պետք է սկսեն՝ անընդհատ սովորելով, ուսումնասիրելով, փոխվելով, կարդալով, ինչու չէ, նաեւ պատասխանատվության աստիճան իրենց վրա կրելով: Դա կլինի, օրինակ, առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելը կամ այլ նախաձեռնություններ: Ինչո՞ւ եմ սա նշում, քանի որ կարծիք կար, որ դատավորի սխալ վճռի արդյունքում գումարները, որոնք պետությունն է վճարում, պետք է դատավորներից գանձվի: Սա մի փոքր ավելի երկար մտածելու առիթ է տալիս, սրա հետ ես մի փոքր համամիտ չեմ: Իսկ որոշակի պատժամիջոցներ, խստացնող միջոցներ պետք է սրա դեմ կիրառվի: Եվ այդ խստացնող միջոցները դատավորը պետք է զգա անմիջապես իր մաշկի վրա:
-Դուք ի՞նչ այլընտրանքային տարբերակ կառաջարկեք, եթե ոչ գումար գանձելը:
-Ես այս պահին դժվարանում եմ առաջարկել: Այս առումով ես որեւէ լուրջ ուսումնասիրություն չեմ արել: Առիթի դեպքում կարելի է անդրադառնալ, կամ ավելի ճիշտ՝ ժամանակն է, որպեսզի դրան անդրադառնանք: Եթե հիշում եք, բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դատական համակարգի ներկայացուցչին այդ հարցադրումն իջեցվել է՝ ինչպե՞ս է լինում, որ տարբեր դատավորներ ունենում են տարբեր չափի գործեր եւ այլն: Սա ազդում է արդարադատության սկզբունքների եւ ընկալումներ վրա: Այս խնդիրներին ես Ազգային ժողովում անդրադարձել եմ: Սակայն կոնկրետ այս հարցի շուրջ որեւէ լուրջ ուսումնասիրություն չեմ արել: Սակայն կարծում եմ՝ արդեն ժամանակն է: Այս բարեփոխումների արդյունքում, երբ համապատասխան նոր օրենքները բերվեն, դրանց շրջանակներում ուսումնասիրենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, թե ովքեր են նոր ձեւավորվող Կառավարության առաջին անդամները: Վահան Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանին փոխարինեց Վարդան Արամյանը, ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարն Իգնատի Առաքելյանն է, իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակվեց Աշոտ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց այդ գերատեսչությունների պաշտոնական էջերից եւ մամուլի ծառայություններից հետաքրքրվել, թե ինչպես է անցել նորանշանակ նախարարների առաջին աշխատանքային օրը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն հասցրել է պաշտոնական հանդիպում ունենալ: Նորանշանակ նախարարը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին: Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մյուս ճյուղերի զարգացման գործում` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա: Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ ունեցել է նաեւ նախարարության աշխատակազմի հետ, տեղի են ունեցել համատեղ քննարկումներ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Անահիտ Առաքելյանը նշեց. «Նախարարը փորձում է ոլորտներում տիրող իրավիճակին ծանոթանալ, աշխատակազմից յուրաքանչյուրին տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման մասին զեկուցվում է նախարարին»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման առաջին օրերի մասին որեւէ տեղեկատվություն չկա: «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ փորձեց տեղեկություն ստանալ նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանից: Ի պատասխան մեր հարցման` Սմբատյանն ընդամենն ասաց. «Բնականոն աշխատանքային օր է ունեցել: Որեւէ այլ տեղեկություն այս պահին Ձեզ չեմ կարող տրամադրել: Աշխատանքային հանդիպումներ էլ է ունեցել, սակայն այս մասին հետագայում կխոսենք»: Ստացվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին օրերը հույժ գաղտնի են պահվում:
ՀՀ ֆինանսների, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների կայքէջերը եւս «դատարկ են». նորանշանակ նախարարների աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ չկան: ՉԷին պատասխանում անգամ այդ նախարարությունների լրատվության բաժինների հեռախոսահամարները: Սակայն հանուն արդարության՝ նշենք, որ մեր տեղեկություններով՝ ֆինանսների նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին օրերը հագեցած են ՀՀ 2017 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներով:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՕՐԻՆԱԽԱԽՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ
Գործարար Վարդանյանների ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ ՍՊԸ»-ն հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել գլիցերին եւ երկու ամիս ժամկետով պահպանման համար տրամադրվել է «Ալյանս Տերմինալ» մաքսատան պահեստին: Ավելի ուշ պարզվել է, որ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Գեւորգյանը սահմանված ժամկետում չի ապահովել ծանրաքարշ տեղափոխած երթեւկության վճարը, ինչի արդյունքում նրա հանդեպ կազմվել է վարչական խախտման արձանագրություն: Ըստ այդմ՝ պետական եկամուտների կոմիտեն ընկերության տնօրենի պաշտոնակատարին տուգանել է 20 հազար դրամի չափով:

 

 

ԽԱԽՏՈՒՄՈՎ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնել է գրենական պիտույքներ եւ գրասենյակային նյութեր: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել ՏԿԶՆ -ի գնման գործընթացին: Բանն այն է, որ hրավերի «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգով սահմանված համանման համարվող տնտեսական գործունեության տեսակը չի համապատասխանել «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 69-րդ կետով սահմանված պահանջներին, իսկ ներկայացված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

 

 

ՉՀԱՍՑՐԵՑ ԳՆԱ-ԳԱ
Պարզվում է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նոր նախարար Աշոտ Մանուկյանը եթե մի հինգ օր ուշ նշանակվեր, ապա նրա նախորդը` Լեւոն Յոլյանը, կհասցներ երեք օր` սեպտեմբերի 26-ից 28-ը, անց կացնել Վիեննայում: Բանն այն է, որ այդ այցելության գործուղման որոշումը դեռեւս սեպտեմբերի 8-ին է ստորագրվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: Սակայն Յոլյանի բախտը չբերեց, եւ Հովիկ Աբրահամյանի վերջին «նվերը» նա այդպես էլ չհասցրեց վայելել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ՝ նախկին նախարարի փոխարեն Վիեննա պետք է մեկնի նորանշանակ նախարարը ` Աշոտ Մանուկյանը:

 

 

ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն նոր մամուլի քարտուղար ունի: Երեք օր առաջ նշանակված նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Առաքելյանը: Վերջինս մինչ այս «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մամուլի պատասխանատուն էր:




Լրահոս