ՀՀԿ-Ի ՄՈՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող հանրապետական կուսակցությունը պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: ՀՀԿ-ականներն արդեն մասնավոր զրույցներում քչփչում են, թե իբր այն աննախադեպ է լինելու: Իրականում առավել հավանական է, որ առաջիկա համագումարը լինի նախորդի կրկնությունը` մի փոքր «պլպլացրած» տարբերակով:

ՀՀԿ-ում այլեւս ավանդույթ է դառնում համագումարից առաջ նոր կառավարություն ձեւավորելը: Բանն այն է, որ ՀՀԿ-ի վերջին` 15-րդ համագումարը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 24-ին: Դրանից ընդամենը մեկուկես ամիս առաջ` ապրիլի 3-ին, հրաժարական էր ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ապրիլի 13-ին նրան փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը: Այնուհետեւ մայիսի 19-ին խորհրդարանին էր ներկայացվել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որը խորհրդարանի կողմից հաստատվել էր մայիսի 22-ին` ՀՀԿ-ի համագումարից ընդամենը երկու օր առաջ: Այս անգամ էլ, ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ` սեպտեմբերի 8-ին, հրաժարական ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը, եւ սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ: Մինչեւ հոկտեմբերի 3-ը պետք է նոր կառավարություն ձեւավորվի, իսկ դրանից հետո քսանօրյա ժամկետում էլ` մինչեւ հոկտեմբերի 23-ը, նոր կառավարությունը խորհրդարարանին պետք է ներկայացնի ծրագիրը, որը հինգօրյա ժամկետում պետք է ընդունվի կամ մերժվի: Հասկանալի է, որ նոր կառավարության ծրագրի չհաստատվելու տարբերակը գրեթե անհնար է: Ուստի կարելի է ակնկալել, որ ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոր կառավարության ծրագրի հաստատումից մոտ երեք շաբաթ անց: Այսինքն՝ ինչպես 2014-ի մայիսին, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը կարող է նոր կառավարության կազմավորումով պայմանավորված ինչ-որ խոստումներ հնչեցնել` գիտակցելով, որ առնվազն մի քանի ամիս պետք է լինելու, որպեսզի հնչած խոստումների փուչ լինելու հարցում մարդիկ փաստացի համոզվեն:
Օրինակ՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում Սերժ Սարգսյանն այսպիսի խոստում էր տվել. «Առաջիկա տարիները լինելու են խիստ կարեւոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի եւ կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք եւ դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում»: Այս խոսքերին հաջորդած երկուսուկես տարիներին Հայաստանի տնտեսությունը հետեւողականորեն քայքայվեց, պետական պարտքը մեկ միլիարդով ավելացավ, շուրջ 100 հազար մարդ արտագաղթեց Հայաստանից եւ այսպես շարունակ: Կարելի է կարծել, որ հենց այս «աշխատանքը եւ արդյունքն» է նա նկատի ունեցել իր ելույթում:
Նախորդ կառավարության ծրագրի մասին էլ Սերժ Սարգսյանը 2014-ի մայիսին ասել էր. «Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ արդար աշխատանքը խրախուսելուն»: Թե ինչ եղավ հետո, բոլորի աչքի առաջ է: Անցած երկուսուկես տարիներին Հայաստանում տեղի չի ունեցել գեթ մեկ իրադարձություն, որը այսօր կարելի է մատնանշել եւ ասել, որ այսպիսի դրական բան է տեղի ունեցել: Բայց կասկած չունենք, որ ՀՀԿ-ի առաջիկա համագումարում եւս Սերժ Սարգսյանը նույնատիպ ինչ-որ խոստում կտա, այս անգամ էլ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հետ կապված:
Սերժ Սարգսյանի՝ վերը նշված ելույթից եւս մեկ հատված մեջ բերենք. «Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում եւ ունի մեր բոլորի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությունը»: Հատկապես գործարարների, աշխատավորների եւ գյուղացիների վրա ՀՀԿ-ի աջակցությունը վայելող կառավարության գործունեության ազդեցությունը, կարծում ենք, բոլորի համար ակնհայտ է. մարդիկ գնալով ավելի են աղքատանում, իսկ երկրից հեռանալու մասին մտորողների թիվն էլ հաստատուն աճում է:
Սակայն, կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի նախորդ ելույթի գոհարը հետեւյալ միտքը կարող է լինել. «Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման եւ մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում»: Այս խոսքերի պատասխանը տվել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր վիճակում է գտնվում:
Մի խոսքով, տեսնենք՝ այս անգամ Սերժ Սարգսյանը ինչ սին խոստումներով է հանդես գալու:
Հ.Գ. ՀՀԿ-ի գալիք համագումարը նախորդից կտարբերվի թերեւս միայն նրանով, որ նախկինում նախագահությունում նստածներից մի քանիսը, եթե անգամ կրկին իրենց տեղերում բազմեն, ապա այլեւս որպես պաշտոնաթողներ են ներկայացած լինելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՏԵՂԱԿԱԼԻՑ  ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ էկոնոմիկայի, առաջիկայում արդեն Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարար է նշանակվելու ներկայումս ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը: Ըստ լուրերի` քաղաքական որոշումը կայացված է, եւ մնում է Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիրը ստորագրի: «Ժողովուրդ»-ը Սուրեն Կարայանից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր նշանակման մասին լուրերը: Ի պատասխան` վերջինս ասաց.«Եկեք դեպքերից առաջ չընկնենք, խնդրում եմ, եւս մի քանի օր սպասեք, ես պետական գործիչ եմ, որտեղ նշանակեն, այնտեղ էլ կաշխատեմ»: Այսինքն` պարոն Կարայանը չցանկացավ ժամանակից առաջ ընկնել եւ հաստատել այն, ինչն արդեն որոշված է: Ի վերջո, քանի դեռ հրամանագիրը չի ստորագրվել, հնարավոր է, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվի, եւ նշանակումը տեղի չունենա: Ուստի, նման զգուշավորությունը բնորոշ է Հայաստանի բոլոր ապագա պաշտոնյաներին:

 

 

ԱՍՈՒՄ Է` ՉԵՆ ՄԻՋՆՈՐԴԵԼ
Ինչպես հայտնի է՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այս ընթացքում հասցրել է նշանակել չորս նոր նախարարների, իսկ երկուսն էլ վերանշանակվել են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նախկին կառավարության հատուկենտ «երջանիկներից» է լինելու, ով կվերանշանակվի իր պաշտոնում: Բանն այն է, որ ինչպես եւ սպասվում էր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրա համար «միջնորդել» է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գաբրիել Ղազարյանը, անդրադառնալով իր վերանշանակման ուշացմանը, ասաց. «Դե, կորոշեն»: Մեր այն հարցին, թե ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանն իր վերանշանակման համար դիմել է Սերժ Սարգսյանին, նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, թե նման բան չի եղել:
Հավելենք, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն հրաժեշտ է տվել իր պաշտոնին:

 

 

ՇԱՀՎԵՐԴՅԱՆԱՊԱՏՈՒՄ՝ ԱՅԳԵՀԱՏՈՒՄ
ՀՀ Լոռու մարզի Այգեհատ գյուղում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ Այգեհատում հոկտեմբերի 2-ին պետք է տեղի ունենան գյուղապետի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են միանգամից հինգ թեկնածու, եւ բոլորն էլ Շահվերդյաններ: Այսպես, գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել է ՀՀԿ-ական Արշակ Շահվերդյանը, անկուսակցական Բարիս Շահվերդյանը, անկուսակցական, Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս Գագիկ Շահվերդյանը, անկուսակցական Խաչատուր Շահվերդյանը եւ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանը:

 

 

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի. N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է: Բացահայտվել են ժամկետային զինծառայողի նկատմամբ ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի մի շարք դեպքեր, հանցագործությունների տարբեր դրվագներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների, շրջվարչակազմերի ղեկավարների, հանրապետության գյուղոլորտի պատասխանատուների եւ խոշոր հողագործների մասնակցությամբ՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ մշակելու հարցը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր ջերմ հարաբերություններին եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ առկա գործակցությանը: Նորին Սրբությունը խոսել է նաեւ Վրաստանում ապրող հայ համայնքի մասին` մասնավոր իր գնահատանքը փոխանցելով վրաց իշխանություններին` համայնքի նկատմամբ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար: Իր հերթին դեսպան Գ. Սագանելիձեն կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների հետագա զարգացումն ու առավել ամրապնդումը:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Սեպտեմբերի 22-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ: Նա ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Նաեւ անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Հանդիպման ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել վերջերս Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովներում ընդունված որոշումների կիրառմանը: Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել հարմար միջավայր առարկայական բանակցությունների առաջընթացի համար, ինչը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը: Մենք մտքեր ենք փոխանակել այն առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջեւ: Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում նրանց համար ընդունելի ժամանակ: Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»,- ասված է համանախագահների հայտարարությունում:




Լրահոս