ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ «ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ» ՉԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված ավիափոխադրման ծառայություններին վերաբերող նախագիծը ընդունելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը նիստին ներկա պաշտոնյաներին հանձնարարեց իրենց համակարգերում վերացնել «պրիմիտիվ գողությունը» եւ ամեն ինչ կարգի բերել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի եւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ:

-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորը՝ «պրիմիտիվ գողությունը» վերացնելու վերաբերյալ, ուղղված է եղել կառավարության նիստերին մասնակցող բոլոր պաշտոնյաներին: Որքանո՞վ եք ընդունում այն որպես Ձեզ հասցեագրված հորդոր:
Հարություն Սարգսյան- Ես ընդհանրապես իմ վրա որեւիցե բան չվերցրեցի, որովհետեւ դա իմը չէ: Ես ընդհանրապես գողություն չեմ արել իմ կյանքում: Մարզպետարանի աշխատողները՝ նույնպես:
Հովսեփ Սիմոնյան- Վարչապետի այդ հորդորներն ու հայտարարությունները ես ինձ հասցեագրված չեմ համարում: Ի՞նչ խնդիր կա: Թող այդ հորդորները այն մարդիկ իրենց հասցեագրված համարեն, որոնք որ դա անում են. գողանում են: Ես ի՞նչ կարող եմ ասել:
-Դուք կարո՞ղ եք պաշտոնապես հայտարարել, որ «պրիմիտիվ գողություն» չեք անում:
Հարություն Սարգսյան -Այո՛, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ գողություն չեմ արել ու չեմ անում:
Հովսեփ Սիմոնյան-Ուզում եք ասել, որ պրիմիտիվ գողություն չեմ անում, բայց ավելի լո՞ւրջ գողություն եմ անում (ծիծաղում է-Ս.Հ.): Ընդհանրապես ես գողություն չեմ անում, գողությունից էլ շատ հեռու անձնավորություն եմ: Ես իմ հայրենիքն էլ, աշխատանքն էլ շատ սիրում եմ:
-ՀՀ վարչապետը նախաձեռնել է նաեւ կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություններ, ինչը ենթադրում է նաեւ մարզպետներին տրված մի շարք լիազորությունների վերանայում: Հնարավո՞ր է, որ կրճատված լիազորությունների դեպքում չցանկանաք մարզպետ լինել:
Հարություն Սարգսյան-Ես չգիտեմ, թե ինչ լիազորությունների կրճատման մասին է խոսքը: Ընդհանրապես տեղյակ չեմ լիազորությունների կրճատման վերաբերյալ որեւէ բանի մասին: Կարծում եմ, որ մարզպետների լիազորությունների կրճատում, որպես այդպիսին, չի լինի: Հակառակը՝ հնարավոր է, որ այլ լիազորություններ ավելացնեն, որ աշխատանքն ավելի արդյունավետ լինի:
Հովսեփ Սիմոնյան- Ես չեմ, որ որոշում եմ մարզպետ լինել կամ չլինել: Ես կուսակցական եմ, եւ հետեւաբար կուսակցությունը պետք է որոշի: Եթե կուսակցությունը որոշի, որ մարզպետ չլինեմ, ապա ես հենց հիմա էլ պատրաստ եմ թողնել այդ պաշտոնը: Այս պահին դժվարանում եմ հստակ որեւէ բան ասել:
-Ընդհանրապես հանդիպե՞լ եք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ձեր հետագա ճակատագիրը ճշտե՞լ եք:
Հարություն Սարգսյան- Մեր հետագա ճակատագրի մասին միայն Աստված գիտի: Բայց մենք աշխատում ենք ու մեր լիազորություններն ենք կատարում:
Հովսեփ Սիմոնյան- Ո՛չ, դեռ չեմ հանդիպել: Երբ վարչապետը որոշի հանդպել, կհրավիրի մեզ, մենք էլ կգնանք, կհանդիպենք:
-Երեկ ՀՀ կառավարությունում մարզպետների մասնակցությամբ պետք է տեղի ունենար 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Մարզպետներից մի քանիսը ականջալուր լինելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորներին, այս ընթացքում կառավարության աշխատակազմին են ներկայացրել թվեր, թե իրենց հատկացված պետական միջոցներից որքան գումար են «խնայել»: Եւ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ոչ թե խրախուսել խնայողություն արած չինովնիկներին, այլ կրճատել մարզպետարաններին տրվող գումարները՝ թողնելով խնայվածի չափ: Ասել է թե՝ տեղավորվեք նախորդ տարվա «թվերի մեջ»: Դուք բյուջետային միջոցները խնայե՞լ եք, թե՞ այն ամբողջությամբ եք ծախսել:
Հարություն Սարգսյան- Ես չգիտեմ, թե մյուս մարզպետարաններում ինչպես է կարգը, բայց մեր մասով գնումների գործընթացը կազմակերպվում է օրենքի տառին համապատասխան եւ սահմանված կարգով: Հիմնականում անցած տարվա գնումների փաստացի ծախսային մասով պլանավորվում է նաեւ 2017 թվականի բյուջեն: Մեզ մոտ երբեք ուռճացված թվեր չեն եղել: Բյուջեի քննարկմանը մասնակցելու եմ, բայց այդ տեղեկության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել:
Հովսեփ Սիմոնյան- Այս տարվա մրցույթների արդյունքում, իհարկե, եղել են տնտեսումներ: Բնականաբար, մրցույթի արդյունքում որ ընկերությունը էժան գին է առաջարկել, իր հետ էլ պայմանագիր ենք կնքել: Իհարկե, հաճելի կլինի, որ շատ ծառայություններ ավելի էժան լինեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս