«ՄՏԱԾՈՒՄ ԵՆ` ԽՆԴՑՆՈՂ, ՋՐԻԿ ՏՂԵՐՔ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ կես տարի առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Թատրոն 32»-ում օր օրի նոր սցենարներ են գրվում, որոնք, սակայն, այդպես էլ մնում են թղթի վրա: Դրանք կյանքի կոչելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, իսկ մասնավոր միջոցներով դա ապահովելը բավական դժվար է: Թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ իրավիճակը չի փոխվել, ավելին` սրվել է: Մենք պարզել ենք` ինչ խնդիրների առջեւ է այսօր կանգնած «Թատրոն 32»-ը, եւ արդյոք այն փակման վտանգի տակ է:

-Վահա՛գն, Ձեր թատրոնում առաջիկայում նոր ներկայացում կլինի՞:
-Նոյեմբերին հանդիսատեսի դատին կհանձնենք իմ ու Ռաֆայել Երանոսյանի` սթենդ-ափ ժանրի հումորային շոու-ներկայացումը: Մենք հանդես կգանք ոչ թե դուետով, այլ առանձին-առանձին: Իսկ հիմա թատրոնում ակտիվություն չկա. ֆինանսական ծանր իրավիճակ է: Մենք էլ համապատասխան միջոցներ ենք փնտրում: Սա պետական թատրոն չէ, այլ մասնավոր, ինքնաֆինանսավորվող կառույց: Նմանատիպ թատրոն պահելու համար անհրաժեշտ է դիմել գովազդի օգնությանը, իսկ դա թանկ հաճույք է: Ներկայացումների տոմսերից ստացված գումարն էլ հազիվ հերիքում է դերասանների աշխատավարձերին ու կոմունալ վճարումներին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կրճատումների ես դիմում. եթե առաջին ներկայացման շրջանակում ընդգրկված էր 16-17 դերասան, հիմա ամեն բան մնացել է երկու հոգու` իմ ու Ռաֆայելի ուսերին:
-Երբ հիմնում էիք թատրոնը, պատկերացնո՞ւմ էիք, որ նման խնդրի առջեւ կկանգնեք, թե՞ այլ սպասելիքներ ունեիք:
-Այդ խնդիրը միշտ էլ կա, բայց հարկավոր է պայքարել` դրան դեմ-հանդիման չկանգնելու համար: Արվեստն է մեր գործը, մեր խաչը: Մենք չենք կարող թողնել այն ու ասել` դե լավ, հիմա էլ փուռ կբացենք կամ ավտոլվացման կետ: «Թատրոն 32»-ը մենք կայացրինք սեփական ուժերով, ընկերական հիմունքների վրա, բայց այդ ամենը շարունակվել չէր կարող. գալիս է մի պահ, որ ով աշխատում է, պետք է վարձատրվի: Հիմա ավելի լավ է՝ կանգ առնենք, հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, քան վատ որակի, էժան ներկայացում բեմադրենք: Մենք մեզ նման բան թույլ չենք տա, հատկապես այն պարագայում, երբ գիտենք, թե ինչ հնարավորություններ ու ներուժ ունենք:
-Քաղաքական դեմքերի դիմե՞լ եք, հովանավորներ փնտրե՞լ եք: Գուցե այդ առումով պետք է մի քիչ ակտիվանա՞ք:
-Ոչ մեկի դուռը չենք ծեծել: Ով սիրում է այն ամենը, ինչ մենք անում ենք, նա էլ կարող է հովանավոր կանգնել դրան: Ցավն այն է, որ մենք հումորիստ ենք, իսկ մեզ լուրջ չեն ընդունում, մտածում են` խնդցնող, ջրիկ տղերք ենք: Եթե օբյեկտատեր լինեինք, գուցե կարգին մարդ համարվեինք…
-Վահա՛գն, «Թատրոն 32»-ի ամենատիպական կողմը ո՞րն է: Կա՞ ընդհանուր մի գիծ, որ բոլոր ներկայացումների միջով անցնում է:
-Մեր հումորը: Լուրջ ներկայացումների մեջ էլ հումորի տարրեր կան: Մենք ցանկանում ենք լինել 21-րդ դարի թատրոն: Բայց դրա համար անհրաժեշտ է զինվել տեխնիկայով եւ ունենալ այս դարի մտածելակերպով ու հնարավորություններով դերասաններ: Եթե, օրինակ, տանը 3D ֆիլմ ես դիտում, չես կարող գնալ թատրոն ու մութ, անհրապույր ներկայացում դիտել:
-Այլ երկրների փորձն ուսումնասիրե՞լ եք, մասնավոր թատրոն պահելու երաշխիքները որո՞նք են:
-Ոչ, ինչ-որ զուգահեռներ չեմ կարող տանել, բայց կարող եմ ասել, որ որակյալ արտադրանք տալուն զուգահեռ պետք է դիմել կոմերցիայի օգնությանը, այսինքն` ճիշտ չափաբաժնով «չարչիությանը»:
-«Թատրոն 32»-ին այսօր փակվելու վտանգ սպառնո՞ւմ է:
-Չէ, դա չի կարելի: Չեք պատկերացնի` որքան ջանք ու եռանդ ենք դրել` թատրոնի կայացման գործում: Փակել այն` կնշանակի համակերպվել դժվարությունների հետ ու պարտվել: Թատրոնը զենք է, որը մի օր անպայման կկրակի:

 

 

 
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԷԿՐԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞

«Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: Հատկապես դստեր ծնունդից հետո նա ամբողջովին նվիրվել է ընտանիքին: «Ժողովուրդ»-ը պարզել է` ինչով է այժմ զբաղված հաղորդավարուհին եւ «Մի՛ վախեցիր», «Արտիստը» ֆիլմերի հերոսուհին, արդյոք նա կվերադառնա ասպարեզ:

«Երբեմն մասնակցում եմ fashion week-երի եւ ցուցադրությունների, հանդես եմ գալիս որպես մոդել, սակայն դա իմ հոբբին է. այսինքն` մասնակցում եմ այն միջոցառումներին, որոնք իմ սրտով են եւ որոնք ինձ հաճույք են պատճառում: Օրինակ` իմ մասնակցությամբ վերջին ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվում էին դիզայներ Վահան Խաչատրյանի գործերը, Ստրասբուրգում էր, մայիսին: Դրանից առաջ հանդես եմ եկել Փարիզում եւ Կիեւում` նույն դիզայների գործերի ցուցադրությունների շրջանակում»,-պատմեց Լուսինեն:
Նա նաեւ նշեց, որ հեռուստատեսությունում աշխատելու, որպես հաղորդավարուհի հանդես գալու մտքեր ու հեռանկարներ ունի, սակայն դեռեւս չցանկացավ փակագծեր բացել, քանի որ պլանները հստակեցված չեն:
Մեր այն դիտարկմանը, թե նախկինում Լուսինե Թովմասյանը համարվում էր բիզնես-լեդի, այնինչ՝ այժմ չենք կարող նրան նույն բնութագիրը տալ, գեղեցկուհին պատասխանեց. «Իհարկե, հիմա շատ բան է փոխվել. իմ ուսերից մեծ հոգս է ընկել: Հիմա ես ունեմ ամուսին, որը հոգում է իմ բոլոր կարիքները: Բացի այդ` պետք է ասեմ, որ մինչեւ օրս չեմ տեսել մի ոլորտ, որտեղ կարելի է գումար ներդնել: Եթե տեսնեմ, կանեմ դա»:
Իսկ հարցին, թե արդյոք ընտանեկան կյանքը երբեւէ ստիպել է Լուսինեին մերժել կարեւոր աշխատանքային առաջարկներ, վերջինս պատասխանեց. «Նման խնդիր չկա, եթե ես ուզում եմ աշխատանքի, հետագայի պլանների հետ կապված մի բան անել, ամուսինս միշտ կանգնում է կողքիս ու աջակցում ինձ»:
Մենք հետաքրքրվեցինք` արդյոք Լուսինեն կհամաձայնի, որ իր դուստրը մասնակցի, օրինակ, մանկական գեղեցկության մրցույթների, թե՞ կփորձի նրան հեռու պահել այդ ոլորտից. «Այդ հարցում պետք է նրա ցանկությունը առաջնային լինի, իսկ ես կփորձեմ աջակցել դստերս»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք Լուսինեն մտածում է էլի բալիկներ ունենալու մասին, վերջինս պատասխանեց. «Իհարկե, երկրորդ երեխան կուզենամ ունենալ, սակայն նման ծրագիր դեռ չունեմ: Բայց ինձ չեմ պատկերացնում երկուսից ավել երեխաների մայրիկի դերում»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՔԵՅՆԸ` ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔՈՒՄ
Արդեն երկու օր է, ինչ հանրահայտ դերասան Մայքլ Քեյնի հայաստանյան այցը բուռն կերպով քննարկվում է համացանցում: Նա այդ մասին Twitter-ում գրել էր. «Ողջույն գեղեցիկ Հայաստանից»: Դրանից հետո հոլիվուդյան աստղը մեկնել էր Լոնդոն:
Այժմ հայտնի է դարձել, որ Քեյնը հայաստանյան այցի շրջանակում հասցրել է ընթրել «Դոլմամա» ռեստորանում: Նա եղել է նաեւ Գեղարդում եւ Հովհաննավանքում, որտեղ էլ վայելել է «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյան) կատարումները. «Նախապես տեղյակ չէինք իր այցի մասին…Իհարկե, առիթը բացառիկ էր եւ անհավատալի: Մենք կատարեցինք երկու շարական Ս. Մեսրոպ Մաշտոցի հեղինակությամբ, ինչպես նաեւ ժողովրդական երկու երգ` Կոմիտասի եւ Էդգար Հովհաննիսյանի մշակումներով: Մայքլ Քեյնը ամեն բան նկարում էր, ամեն վայրկյանն արձանագրում: Իր հիացական արձագանքից կարող ենք ենթադրել, որ բարձր գնահատեց մեր մշակույթը»,-News.am style-ի հետ զրույցում նշել է խմբավար Անահիտ Պապայանը:

 

 

ԴՈՎԼԱԹՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նշանավոր դաշնակահար Դենիս Մացուեւը Պսկովում իր ելույթով կբացի գրող Սերգեյ Դովլաթովի հիշատակին նվիրված «Արգելոց» փառատոնը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Երաժիշտի ռոյալը կտեղադրեն Վելիկայա գետի ափին: Հայ-հրեական ծագումով գրող, լրագրող Դովլաթովին նվիրված եռօրյա միջոցառումներից ամեն մեկն այս կամ այն չափով կհիշեցնի Պուշկինի արգելոցում Դովլաթովի անցկացրած ժամանակի մասին, որը թեեւ ոչ երկար, բայց բեղմնավոր է եղել նրա համար:
Հավելենք, որ սեպտեմերի 24-ին Պուշկինյան լեռներում կկայանան գրական երեկոներ` մի շարք մտավորականների մասնակցությամբ: Պսկովում կանցկացվեն բազմաթիվ ցուցահանդեսներ եւ ներկայացումների ու կինոնկարների ցուցադրություններ:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Ուկրաինայի քաղաքացիները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում խնդրագիր են տեղադրել, որով պահանջում են հեռուստատեսային ծրագրերի ցանկ վերադարձնել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: «Շուտով 2017 թվականն է… Ինչո՞ւ պետք է կորցնենք հիանալի ամանորյա պատմությունը: Դրանից բացի` մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռեք»,- ասված է խնդրագրում:




Լրահոս