Սեպտեմբերի 24-ին Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին բերման էին ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք` ասելով, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Սակայն մինչ այդ ոստիկանները Հովհաննիսյանին հեռախոսով տեղեկացրել էին, որ անհրաժեշտ է հանդիպել` պարզելու 2015 թ. սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ ոստիկանություն ներկայացված նրա հաղորդման մանրամասները: «Ժողովուրդ»-ը կատարվածի մասին զրուցել է Հմայակ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ո՞րն էր Ձեզ ձերբակալելու նպատակը:
-Խայտառակ դեպք է դա: Ես եթե մանրամասնեմ, պարզ երեւում է, որ նպատակ ունեին կտրող-ծակող իր ավելացնել իմ մոտ եղած իրերին: Բանը հասավ նրան, որ գուցե ընդհարում լիներ: Սակայն մինչ այդ ես զանգահարել էի Աշոտ Մանուչարյանին եւ խնդրել նրան տեղյակ պահել Արցախում դիրքերը պահող, քաղաքագետների միության վաստակը արժեւորող մեր ընկերներին, որ ես այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Եվ միայն նրանց միջամտությամբ այդ ծրագիրը խափանվեց: Անգամ ֆիզիկական ընդհարման էր հասնում: Որեւէ ծանուցում չեմ ստացել իմ հետախուզման մեջ լինելու մասին: Ես ապրում եմ մի շենքում, որի բակում շաբաթը մեկ անգամ հավաքվում է ոստիկանությունը, ես միշտ անցնում եմ նրանց կողքով: Նրանք կարող էին մոտենալ ինձ եւ ասել, որ հետախուզման մեջ ես, հետեւի՛ր ինձ: Սա խայտառակ երեւույթ է:
-Լավ, իսկ ինչի՞ հետեւանքով առաջացավ ընդհարումը, որի մասին խոսում եք:
-Նրանք ասում էին՝ քեզ մոտ եղած պարագաները պետք է վերցնենք: Թող իրավաբանները ասեն, թե դա ինչ է նշանակում: Ասեցի՝ սրանք իմ իրերն են, որտեղ որեւէ վտանգավոր բան չկա: Ասում են՝ չէ, հիմա մենք դա կվերցնենք, հետո կվերադարձնենք: Ինձ մոտ եղել է միայն գումար, բանալիներ, կրակայրիչ, հեռախոս: Ես էլ ասացի՝ դուք վերցնելու եք, հետո ավելացնեք մի դանակ, ասեք՝ սա էլ է եղել քո իրերի մեջ, եւ ես ոչինչ դրանից հետո չէի կարող ապացուցել, որից հետո ինձ ձերբակալելու էին: Սա էր ծրագիրը:
-Այդ ժամանակ Ձեզ ասացի՞ն, թե որն էր Ձեր նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը:
-Հետախուզում են հայտարարել եւ բերման ենթարկել նրա համար, որ ես դատական վճիռը չեմ կատարում: Դատարանի վճիռն էլ աբսուրդ է: Ես պատգամավորության թեկնածու էի, «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ բակում մոտեցել եմ կանանց եւ նրանց անպատվել եմ: Տեսանյութը կա, որտեղ պարզ երեւում է, որ դա տեղի է ունեցել քաղաքագետների միության շքամուտքի դիմաց, երբ արգելափակվել է իմ մուտքը իմ նախընտրական շտաբ: Հետագայում պարզվեց, որ գործը վերահսկող դատախազը Արտաշես Գեղամյանի որդին է:
զրուցեց Վահագն Հակոբյանը