«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ յոթ տարի շարունակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար աշխատած Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, աճուրդով կվաճառվի: «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերել 2009 թվականին, եւ այն գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում:
«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը: Նա նաեւ հավելեց, որ ավտոմեքենան սարքին վիճակում է եւ ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար):
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԳ գործող նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանն իր նախորդի ավտոմեքենայից հրաժարվելու քայլով փաստացի ակնարկում է, որ Արմեն Աշոտյանը չհիմնավորված շռայլություն է թույլ տվել, քանի որ նա այդպիսով միանգամից երկու ծառայողական ավտոմեքենա է ունեցել: Հիմա Լ. Մկրտչյանը երթեւեկում է առավել համեստ` «Տոյոտա քեմրի» ծառայողական ավտոմեքենայով:
Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե, ի վերջո, ով կդառնա «Աշոտյանի Տուարեգի» տերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: