Ես հասկացա, որ փորձում են գողության դեմ պայքարել, ոչ թե գողերի. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ավիատոմսերի գնումների ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որպեսզի վերացնեն պրիմիտիվ գողությունը.«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչեւ այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որն ուղղակի ֆանտազիայի ժանրից է»,- ասել էր նա: Թե ում նկատի ուներ Կ. Կարապետյանը եւ արդյոք խոսելով պրիմիտիվ գողության վերացման մասին՝ այդպիսով նա չէր ակնարկում, որ այսուհետ գողությունը պետք է կատարել ոչ պրիմիտիվ ձեւերով. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ /Թունելի Հակոբ/

-Պարո՛ն Հակոբյան, ում նկատի ուներ Կ. Կարապետյանը պրիմիտիվ գողության մասին խոսելով, ո՞վ է գողը:

-Ասենք՝ Կարեն Կարապետյանը խոսք է ասել, եւ ես որոշեմ, թե ում է ասում:

-Փաստ է մեկ բան, որ վարչապետը կառավարությունում պրիմիտիվ գողեր է հայտնաբերել, չիմանանք, թե ում նկատի ուներ:

-Չունեմ տեսակետ: Խնդիրը ներկայացվել էր, որպեսզի հեշտացվի, կամ ճանապարհները, որոնք տանում են կառավարության կողմից ընդունված սկզբունքների խախտմանը, դրա դեմն առնվի: Իսկ թե ում նկատի ուներ կամ ինչ նպատակ ուներ, Կ. Կարապետյանի ասածը չեմ կարող մեկնաբանել, ինքը կարող է ասել:

-Ամեն դեպքում, կառավարության անդամների գերակշիռ մասը Ձեր կուսակից ընկերներն են, նրանց մեջ պրիմիտիվ գողություն անողներ կա՞ն:

-Պրիմիտիվ գողեր կան, թե չէ, եթե հարցը այդպես է, ուղղակի չգիտեմ:

-Ըստ Ձեզ՝ կարող է նորանշանակ վարչապետը, խոսելով պրիմիտիվ գողության մասին, ակնարկում է, որ գողանալուց պետք է կարգին գողանալ:

-Այս հարցը պետք է տալ այլ ատյաններում, ոչ թե ինձ: Ես հասկացա, որ փորձում են գողության դեմ պայքարել, ոչ թե գողերի:

-Դե, բայց եթե պրիմիտիվ գողությունը կա, ուրեմն գողերն էլ կան:

-Չէ, գողությունը լինում է տարբեր տեսակի, եղավ: /Ծիծաղելով մտնում է իր աշխատասենյակ/:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս