Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանն Աֆղաստանից վարձկանների օգտագործեց. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթ ունեցավ հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։

Բացելով հանդիպումը, որին ներկա էին Սթենֆորդի համալսարանի դասախոսներ, գիտաշխատողներ և ուսանողներ, ինստիտուտի տնօրեն դեսպան Մայքլ Մակֆոլը նշեց, որ մեծ պատիվ է համալսարանական նորամուտից հետո դասախոսությունների շարքը սկսել՝ հյուրընկալելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ առաջին ձեռքից տեղեկանալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

Իր ներածական խոսքում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Տիկնայք և պարոնայք,

Մեկ տարի առաջ Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հայտնի գիտական հանդեսում լույս տեսավ իմ հոդվածը՝ «Լեռնային Ղարաբաղ. արդյոք տեսանելի է կարգավորումը» խորագրով:

Այդ հոդվածում ես ընդգծել էի, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի ձերբազատվել այն պատրանքից, թե ռազմական ուժի միջոցով կարող է միակողմանի առավելություններ ստանալ: Պահանջվեց ընդամենը մեկ տարի այդ իրականության ցայտուն ապացույցներին ականատես դառնալու համար:

Այս ապրիլին Ադրբեջանը նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ, որն ուղեկցվեց նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչպիսիք են՝ քաղաքացիական բնակավայրերի առանց խտրականության գնդակոծումը, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումը, դիակների խոշտանգումը: Բոլոր կողմերից հարյուրավոր զոհերի հանգեցրած նմանօրինակ գործողությունները, բնականաբար, լրջորեն խաթարել են բանակցային գործընթացը:

Այսօր Ձեզ եմ ներկայացնելու ապրիլյան սրացման հետևանքով այս երկար հակամարտության գործընթացում ստեղծված բավականին բարդ իրավիճակը:
Ցանկանում եմ հակիրճ ներկայացնել հակամարտության էությունը նրանց համար, ովքեր այդքան էլ տեղեկացված չեն դրա մասին, իսկ այնուհետ կանդրադառնամ բուն խնդրին` որոնք են կարգավորման հեռանկարները:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական շրջաններից մեկն է, որը մշտապես բնակեցված լինելով մեծամասամբ հայերով, 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից կամայականորեն բռնակցվել էր Ադրբեջանին:
70 տարի անց` Խորհրդային Միության կազմալուծման նախաշեմին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, այդ ժամանակ գործող օրենսդրությանն ու միջազգային նորմերին համահունչ, քվեարկեց անկախ պետականության օգտին:

Տարիներ անց Կոսովոյի գործով Արդարադատության միջազգային դատարանն արձանագրելու էր, որ միջազգային ընդհանուր իրավունքն անկախության հռչակման համար կիրառելի արգելքներ չի պարունակում:

Այնուհանդերձ, հակառակ միջազգային իրավունքին, դրա նորմերին ու սկզբունքներին, որոնք նախ և առաջ պահանջում են զերծ մնալ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից` Ադրբեջանը փորձեց բռնի ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումները: Դա սկսվեց 80-ականների վերջին – 90-ականների սկզբին ադրբեջանական Սումգայիթ, Կիրովաբադ քաղաքներում և մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերով:

Շատերը սպանվեցին, հարյուր հազարավորներ արտաքսվեցին իրենց տներից: Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների ականավոր պաշտպան Անդրեյ Սախարովը «New York Times» պարբերականի էջերում հայկական ջարդերը որակեց որպես հայերի դեմ նոր ցեղասպանության վտանգ:

Ադրբեջանն այնուհետև անցավ Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակման՝ իրագործելով նոր ոճիրներ:

1991 թ.-ի մայիսին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևով դատապարտվում էին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ անմեղ հայ երեխաների, կանանց և տղամարդկանց դեմ հարձակումները: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևում նշվում էր, որ Միացյալ Նահանգները սատարում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ձգտումները: Նմանատիպ բանաձև ընդունվեց նաև Եվրոպական Խորհրդարանի կողմից:

Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործեց Աֆղաստանից վարձկանների, որոնք սերտ կապեր ունեին տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այս հանգամանքը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների, այդ թվում «Washington Post»-ի կողմից: Ադրբեջանի կողմից հայ բնակչության դեմ բռնի, առանց խտրականության ուժի կիրառումը, իրականացված ջարդերն ու էթնիկ զտումները ևս մեկ անգամ փաստեցին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը արդարացի է և կենսական:

Հակամարտության թեժ փուլն ավարտվեց 1994թ.-ի մայիսին, երբ Ադրբեջանը, ռազմի դաշտում պարտություններ կրելով, ստիպված էր հրադադար հայցել և կրակի դադարեցման համաձայնագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: 1994 թ. հուլիսին և 1995թ. փետրվարին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ նոր, եռակողմ համաձայնագրեր ստորագրվեցին: Այս երեք համաձայնագրերն անժամկետ են և մինչ այժմ ուժի մեջ են։ 1994 թ.-ի հուլիսին կնքված փաստաթղթում ամրագրված է, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի մինչ մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս համաձայնագրերը: Բաքուն, բանակցային գործընթացում լրջորեն ներգրավվելու փոխարեն, ջանքերը կենտրոնացրել է իր ռազմական կարողությունների հզորացման վրա` պատրանք ունենալով, զենքի սպառնալիքի հիման վրա բանակցություններ վարել: Սա զենքի սպառնալիքի ներքո տարվող բանակցությունների հստակ օրինակ է: 2015 թ.-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 4.8 միլիարդ դոլար` 30 անգամ ավելի, քան 2003թ.-ին, երբ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց իր հորը:

Մենք զգուշացրել էինք. եթե զենքն առկա է, ապա այն այնպայման կրակելու է: Եվ այդ զենքը բազմիցս է կրակել, ամենավերջին օրինակը, ինչպես նշեցի, այս տարվա ապրիլին էր:

Հայաստանը միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ միասին, ջանքեր է գործադրում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար: Այս ձևաչափում կողմերը մի քանի անգամ մոտ են եղել կարգավորմանը, բայց վերջին պահին, Ադրբեջանը, որպես կանոն, հետքայլ է կատարել` խափանելով գործընթացը: Դա տեղի ունեցավ 2001 թ.-ին՝ Ֆրանսիայի նախագահ Շիրակի ակտիվ ներգրավվածությամբ բանակցված Փարիզյան սկզբունքների դեպքում, երբ նախագահ Հեյդար Ալիևը հետքայլ կատարեց: Մյուս օրինակը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ակտիվ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններն էին, երբ 2011 թ.-ի Կազանի գագաթաժողովին որդի Ալիևը կրկին հետքայլ կատարեց: Սրանք միայն երկուսն են օրինակների երկար շարքում։

Ինչպես տեսնում եք, երբևէ չի եղել խնդիրը լուծելու միջազգային բարձր մակարդակի շահագրգռվածության պակաս: Ավելին, 2009 թ.-ից սկսած ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 5 հայտարարություններով: Նրանք առաջարկել են մեկ ամբողջություն հանդիսացող հիմնարար սկզբունքների փաթեթ, որը ապագա համապարփակ կարգավորման հիմք կարող է հանդիսանալ: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ընդունել է այն` որպես բանակցությունների հիմք:

Եռանախագահ երկրների նախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Տվյալ առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, քանի որ բանակցող կողմերից մեկը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ընդառաջ գնալ այս առաջարկին և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տապալել խաղաղ կարգավորման գործընթացը: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները:

Ադրբեջանի ղեկավարությունը, որը որդեգրել է այլատյացության, ագրեսիվ հակահայկական դիրքորոշում, հաճախ կիրառում է հետևյալ նշանաբանը. «Աշխարհի հայերը մեր համար մեկ թշնամին են»: Պատմությանը հայտնի են էթնիկ ատելության նմանատիպ օրինակներ, ներառյալ ոչ այդքան վաղ անցյալում: Ադրբեջանի դպրոցների 11-րդ դասարանի համար նախատեսված պատմության դասագրքերում նշվում է, որ հայերը թյուրք ժողովուրդների գենետիկ թշնամիներն են: Եվ հենց նմանօրինակ քարոզչության ներքո դաստիարակված սերունդն է ապրիլյան քառօրյա ագրեսիայի ժամանակ իրագործել զազրելի ոճրագործություններ: Եվ հենց այդ սերունդն է ականատես եղել Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպայի հերոսացմանը: Հետագայում մարդասպանը հանձնվել էր Ադրբեջանին, որտեղ վերջինս հռչակվել էր հերոս և երիտասարդության համար ընդօրինակման խորհրդանիշ:

Ադրբեջանում ոչնչացվել է հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների մեծ մասը, ներառյալ միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցները՝ Ջուղայի գերեզմանատան հազարավոր խաչքարեր: Բաքվի իշխանությունները մի քանի անգամ մերժել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների՝ տվյալ վայր այցելելու թույլտվությունը: Ադրբեջանցի ականավոր վիպագիրը ենթարկվել է հալածանքների և ճնշումների Ադրբեջանում հայերի ջարդերի մասին գրելու և հաշտեցման կոչով հանդես գալու պատճառով:

Քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր շփումներ են ունեցել ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ճաղերի ետևում են հայտնվել որպես հայ լրտեսներ: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ոչ միայն լռեցնել անկախ ձայները երկրի ներսում, բայց նաև արտաքին հարթակում: Ավելի քան հարյուր լրագրող է ներառվել Ադրբեջանի, այսպես կոչված, սև ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելու կամ վերջինիս մասին գրելու պատճառով: Հիրավի, ինչպես գրել է «Վաշինգթոն Փոսթը», Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն փորձում է կործանել անհատական կյանքեր, այլև բանտարկել ազատության բուն գաղափարը: Եվ սա անակնկալ չէ մի երկրի համար, որը դասվում է աշխարհի ամենագրաքննվող տաս երկրների շարքին:

Եթե առկա է հակամարտության կարգավորման ապացուցված որևէ բաղադրատոմս, ապա դրա առանցքը պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը: Վստահության ամրապնդումը մեկ այլ կարևոր հարթակ է, որը նույնպես մեծապես խրախուսվում է միջազգային միջնորդների կողմից, հատկապես ապրիլյան զարգացումներից հետո: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման նպատակով պետք է ստեղծվեն ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ:

Սա էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ մայիսին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վիեննայում կազմակերպված և հունիսին ՌԴ նախագահի կողմից Սանկտ Պետերբուրգում հյուրընկալած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, որը կարող է նաև լինել կանխարգելման մեխանիզմ, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում, որն իրականացնում է հրադադարի դիտարկումներ:

Այս առաջարկությունները նոր չեն, դրանք եռանախագահների կողմից բազմիցս վերահաստատվել են: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը համաձայնություն են տվել դրանց, սակայն Ադրբեջանը մերժել է:

Հատկանշական է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և անդամ Էլիոտ Էնգելն ավելի քան 80 կոնգրեսականների հետ միասին հավանության են արժանացրել վերոնշյալ առաջարկությունները և վստահության ձևավորման այլ միջոցները: Նրանք կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել շփման գծի երկայնքով հստակ ագրեսիվ գործողությունները: Անշուշտ, պատասխանատվության պետք է ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը հրաժարվում է վստահության ձևավորման միջոցներից, որը մերժում է միջնորդների առաջարկությունները: Հակառակ պարագայում, անպատժելիության մթնոլորտը կխրախուսի ապակառուցողական քաղաքականության շարունակականությունը: Բաքուն միջնորդներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին, մեղադրում է իսլամաֆոբիայի և Ադրբեջանի դեմ դավադրության մեջ։ Ադրբեջանական կողմը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ:

Տիկնայք և պարոնայք,
240 տարի առաջ Անկախության հռչակագրով հիմնադրելով անկախ Միացյալ Նահանգներ՝ այս հզոր երկրի հիմնադիր հայրերն ապացուցել են, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից: Դա այն է, ինչին ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ժողովրդավարական ուղիով իրենց կյանքը տնօրինելու ազատություն՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա: Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում որպես նպատակ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով»:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։




Լրահոս