Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ:
Նախ հիշեցնենք, որ դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը, ըստ այդ տեղեկությունների` նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, նա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Իսկ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում:
Եվ այսպես՝ դեպքից ավելի քան քսան օր անց «Ժողովուրդ» օրաթերթը զոհված զինծառայողի հորից՝ Ալիկ Ղանդիլյանից տեղեկացավ, որ քննիչն իրեն հայտնել է քրեական գործի հարուցման մասին: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
Արման Ղանդիլյանը տեղեկացրեց նաեւ, որ մեղադրյալի կարգավիճակում է որդու ծառայակից Հայկ Սեյրանյանը, ով կալանավորված է. «Մեղադրանքում ասվում է, որ Հայկ Իգորի Սեյրանյանը, ով ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող թիվ N մարտական դիրքում որպես դիտորդ է եղել, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ուշադրությունը շեղելով՝ թուլացրել է աչալրջությունը եւ դիտորդի պարտականությունները կատարել է ոչ առույգ, որի հետեւանքով չի տեսել մյուս դիտորդ, ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող շարքային Արման Ղանդիլյանին դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս: Եվ քիչ անց նկատելով նշված խրամաբջջի հողաթմբի վրա Ա. Ղանդիլյանի գլխի սիլուետը՝ առանց նշանաբառ պահանջելու՝ նախապես լիցքավորված, իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Ղանդիլյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ձախ այտի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ մահացու վիրավորում»:
Ա. Ղանդիլյանը հիշեցնում է, որ դեպքից հետո ինքը հայտարարել էր, որ որդին, ով ինն ամիս դիրքեր է բարձրացել, չէր կարող չտիրապետել մարտական կանոններին եւ մոռանալ նշանաբառը կամ այլ պահանջներ: Միեւնույն ժամանակ, զինծառայողի հայրը նկատում է, որ իրավապահների ներկայացրած այս եզրակացությունը իրեն հիմք չի տալիս վստահ լինել, որ որդու մահվան պատճառներն իրականում այլ չեն եղել:
Իր տարակուսանքը մեր զրուցակիցը բացատրեց հետեւյալ հանգամանքով. դեպքից մի քանի օր առաջ Արմանը զանգահարել է հորը եւ հայտնել. «Ինձ ասաց «կապտյորկայից» իրերը գողացել են, իսկ այդ գողությունից մի քանի օր առաջ էլ գրպանից գումար են գողացել: Ես այս բոլորը գրավոր կերպով ներկայացնելու եմ քննչական կոմիտեին, թող ամեն ինչ հաշվի առնեն: Ու կասկածներ ունեմ, որ սրա հետեւանքով միջանձնային լարվածություն է սկսվել, դրա պատճառով որդուս «արտահերթ» դիրքեր են բարձրացրել: Ու Արմանը հաճախ էր ասում՝ հանգստի ժամ չունենք»:
Տաթեւ Հարությունյան