Հայ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։
60 տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ՝ Սիմա՝ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդություն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա՝ («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009թ. Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Սվետլանա Գրիգորյանը վախճանվել է 2014 թվականի մայիսի 12-ին։