Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

Սա մեծ տոն է, որը մարմնավորում է Աբխազիայի ժողովրդի հերոսությունը, արիությունը, անձնվիրությունը եւ ազատ ապրելու ու ինքնիշխան պետություն կառուցելու անկոտրում կամքը:

Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, եւ մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգելի Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի կապակցությամբ:

Խաղաղություն, բարգավաճում, բարօրություն եւ նոր հաջողություններ՝ Աբխազիայի Հանրապետությանը»:




Լրահոս