Նախօրեին ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը «ՀՀ հարկային օրենսգիրք», ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր, որին հետեւեց քվեարկությունը: Նշենք, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախօրեին` նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ, եւ ստացվում է, որ օրենսդիրները ֆիզիկապես չէին կարող մանրակրկիտ ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը: Եվ չնայած այդ հանգամանքին՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների 79 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ինչպես միշտ, եղան նաեւ նիստից բացակայողներ: 18 պատգամավորներ չէին ներկայացել արտահերթ նիստին:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու էին այդքան կարեւոր օրենքի նախագծի քվեարկության ժամանակ պատգամավորները բացակայում:
Մինչ քվեարկության անցնելը, իրենց ընդդիմություն հռչակած խմբակցություններն ու հակաիշխանական գործիչներն արտահայտեցին իրենց «հակակրանքը» այդ նախագծի շուրջ: ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում ընդգծեց դահլիճի դատարկ լինելու փաստը: Նա վստահություն հայտնեց, որ շատ պատգամավորներ անգամ չեն հասցրել ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը: Պատգամավորը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի այս նախագծին:
Քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ նախագծի ընդունման արդյունքում ուղղակիորեն կործանվելու է փոքր եւ միջին ձեռներեցությունը, եւ հորդորեց նախագիծը չդնել քվեարկության. «Չի կարելի նման անփույթ տեսքով ընդունել եւ սահմանել խաղի կանոն, որն ուղղակի կործանարար է լինելու Հայաստանում մնացած մեկ-երկու տնտեսվարողների համար»,- ասաց Զոհրաբյանը: «Երկրում վիճակ փոխելու համար անհրաժեշտ է թեթեւացնել հարկային բեռը եւ ճնշումները, ավելացնել մարդկանց եկամուտները»,- նկատեց Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում գնահատմամբ՝ այս մոտեցումը բացակայում է օրենքի նախագծում:
Այնուամենայնիվ, չնայած հնչած մտահոգություններին եւ քվեարկության ժամանակ առաջացած տեխնիկական խնդիրներին՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց:
Քվեարկության ժամանակ, ինչպես միշտ, եղան բացակա պատգամավորների երկու տեսակ` իրական բացականեր եւ բացակա-ներկաներ: «Ժողովուրդ»-ը իրական բացականերից փորձեց պարզել նիստին չներկայանալու պատճառները: Պարզվեց` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը չներկայանալու համար նախապես գրավոր դիմում է գրել ԱԺ նախագահին: Պատգամավորն ուներ անձնական պատճառներ: Իսկ հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի օրենքի նախագծի առնչությամբ, Ստեփանյանը նշեց. «Կային բաներ, որոնք ես վտանգավոր էի համարում, նախորդ անգամ էլ ես դեմ էի քվեարկել»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ միեւնույն ժամանակ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը եւս բացակայողների թվում էր: Նրա բացակայության մասին «Ժողովուրդ»-ը կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանից տեղեկացավ. «Հիմա մենք Գյումրիում եւ Վանաձորում քարոզարշավով ենք զբաղված, այսօր Գյումրիում մեծ հավաք ունեցանք, հետո երթ անցկացրինք Գյումրիի փողոցներում, պարոն Օսկանյանը, բնականաբար, մասնակցում էր այդ միջոցառումներին»:
Բացակա պատգամավոր, Արթիկի քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանը այս օրերին նույնպես զբաղված է քարոզչությամբ, հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ, նիստին ներկայանալու ժամանակ չունի:
Անկախ քննարկվող հարցերի կարեւորությունից՝ հայտնի է, որ ԱԺ նիստերից մշտապես բացակայում է Գագիկ Ծառուկյանը: Գործարար պատգամավորը, ում առավել քան պետք է հետաքրքրեր օրենքի այս նախագիծը, չէր ներկայացել նաեւ ԱԺ այս նիստին: Նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում պատգամավորի բացակայությունն այսպես պատճառաբանեց.«Պարոն Ծառուկյանի բացակայությունները մշտապես պայմանավորված են լինում որպես ՀԱՕԿ-ի նախագահ իր պարտականությունների իրականացմամբ: Այդ մասին համապատասխան գրություններ ուղարկվում են ԱԺ»:
Հայտնի է, որ մշտապես բացակայողների շարքում է նաեւ Աշոտ Աղաբաբյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում, պատճառաբանում է, որ օրենսդրական բոլոր փոփոխությունները մեր տնտեսությունը քայքայում են. «Մարդիկ միշտ մտածում են՝ բյուջեն ինչպես շատ լցնեն, եւ ամեն գնով բյուջեն լցնելը հանգեցնում է կատաստրոֆայի: Գամ, ինչ-որ կնոպկա սեղմեմ, որ հետո պատասխանատվության տա՞կ ընկնեմ»,-ընդգծեց պատգամավորը:
Իսկ, ահա, հարկային օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը ակտիվորեն բարձրաձայնած Գուրգեն Արսենյանի բացակայությունը պայմանավորված է եղել նրա առողջական խնդիրներով: Մեզ հետ զրույցում Արսենյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն հայտնել է իր տեսակետը, եթե ներկա լիներ, դեմ էր քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս ներկա չէր նիստին: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ գտնվում է Մոլդովայում:
Նիստին ներկա չէին նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրանց պատճառաբանությունները լսել մեզ չհաջողվեց:
Միակ ձեռնպահ քվեարկածը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանն էր: «Դեմ, թե կողմ չկողմնորոշվեցի, դրա համար ձեռնպահ քվեարկեցի»,-ասաց պատգամավորը:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ նախօրոք հանրապետական բոլոր պատգամավորներին նախագահականից հրահանգ է տրվել պարտադիր ներկայանալու եւ կողմ քվեարկելու: Նախօրեին նախագծի քննարկման ժամանակ նիստերի դահլիճն ուղղակի «դատարկ էր», իսկ, ահա, երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀԿ-ից գրեթե բոլորը մեկ մարդու պես ներկայացել էին` իրենց առջեւ դրված առաջադրանքը կատարելու:
Ինչ վերաբերում է բացակա պատգամավորների երկրորդ՝ բացակա-ներկա տեսակին, փաստացի նիստից բացակայում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սեյրան Սարոյանը եւ Մհեր Սեդրակյանը: Բայց, ինչպես հաճախ է պատահում, պարզվեց` նրանք եւս քվեարկել են:
Վահագն Հակոբյան