Կառուցվածքային փոփոխությունները ոչինչ չեն տա Հայաստանին. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշակի փոփոխություններ մտցրեց կառավարության կառուցվածքում, նաեւ որոշ գերատեսչությունների անվանումներում:

Ըստ այդմ, վերացվելու է քաղաքաշինության նախարարությունը. այն կդառնա կոմիտե, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Վերացվող քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծվի ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Ի դեպ, որպես առանձին կոմիտե կառանձնացվի նաեւ տուրիզմի ոլորտը: Նաեւ վերանվանվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, այն դարձել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

Դրանում ներառվելու է նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեն, որն այժմ գյուղնախարարության ենթակայության տակ է: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը էկոնոմիկայի նախարարությունից կփոխանցվի տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Նույն նախարարության համակարգմանը կանցնի նաեւ ավիացիայի ոլորտը:

«Ժողովուրդ»-ը այս կառուցվածքային փոփոխությունների շուրջ զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, արդեն երկու շաբաթ է, ինչ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է: Ինչպե՞ս կգնահատեք նրա քայլերը:

-Առանձնապես ոգեւորիչ նորություններ չկան: Բացի այն հանգամանքից, որ կառավարության նոր նշանակված անդամները հանրությանը ավելի քիչ հայտնի են: Տնտեսական քաղաքականության հետ կապված որեւէ նոր բան չեմ լսել, բացի այն, որ վարչապետը արձանագրեց, որ ՀՀ-ի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Այդ մասին մենք բոլորս տեղյակ էինք, եւ չնայած սրան՝ իշխանությունները ամիսներ առաջ մեզ ներկայացնում էին, որ Հայաստանի տնտեսությունը բավականին լավ վիճակում է գտնվում: Հետագայում ինքը՝ Կարեն Կարապետյանը, պետք է անդրադառնա, թե իր ձեւավորած կառավարության քայլերը ինչ փոփոխություններ մտցրեցին ՀՀ-ի տնտեսության մեջ:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք: Նոր ձեւավորվող կառավարությունը ի՞նչ առաջընթաց կապահովի ՀՀ-ի տնտեսության մեջ:

-Ընդհանուր առմամբ ես ինչ-որ ակնկալիքներ չունեմ, որովհետեւ ՀՀ-ի խնդիրը կառավարությունների փոփոխության մեջ չէ: ՀՀ-ի առջեւ կանգնած խնդիրը քաղաքական ուղղության փոփոխությունն է: Արդյոք կառավարությունը չի շարունակելու նույն ձեւով իշխանության մոտ կամ մեջ գտնվող մարդկանց բիզնես շահերը սպասարկել, որն էլ քաղաքական նպատակ է հետապնդում՝ հետագայում այդ ամենը օգտագործելով ընտրությունների ժամանակ: Արդյոք մրցակցային պայմաններ կստեղծվեն կամ կապահովվեն ՀՀ-ում: Սա կարեւոր խնդիր է, որի հետ կապված այսօր նոր բան դեռեւս չեմ նկատել: Ինչ-որ նոր մտքեր կամ գաղափարներ այս շրջանակներում չեն հնչել:

-Իսկ կառավարության նոր անդամների նշանակումները, կառուցվածքային փոփոխությունները…

-Կառուցվածքային փոփոխությունները եւ անվանափոփոխությունները Հայաստանին ոչինչ չեն տա: Ես չեմ ուզում խորանալ գնահատականներ տալու մեջ, որովհետեւ այնտեղ ջրային տնտեսության պետական կոմիտեն մի նախարարությունից մյուսին ենթարկացնելու մասով հակասական մեկնաբանություններ կան: Իրականում դա պետական արդյունավետության, տնտեսության զարգացման հետ որեւէ առչություն չունի: Շատ կարեւոր կլիներ այն, որ ներկայացվեր, թե ինչպես են պատկերացնում պետական մասնակցությունը տնտեսական կյանքում եւ ինչ ձեւերով է դա լինելու: Երբ նայում ենք կառավարության այս փոփոխություններին, նկատում ենք, որ դրանք նախկինի կրկնություններն են: Իսկ այդ փոփոխությունների բացատրությունները ինձ համար հիմնավոր չեն: Մինչդեռ բոլորը սպասում էին, որ ամբողջ պետական ապարատը իր աշխատանքի ոճը կփոխի:

-Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարար միջավայրում Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում մեծ ոգեւորություն է առաջացրել: Շատ գործարարներ հույսեր են կապում նրա հետ: Ի՞նչ եք կարծում՝ արդարացվա՞ծ են նրանց հույսերը:

-Ընդհանրապես, եթե բիզնես շրջանակներում ոգեւորություն կա, ապա դա լավ նշան է: Բայց ես կասեմ, որ այդ աստիճանի ոգեւորություն չկա, ուղղակի բոլորը սպասում են: Ինչ-որ փոփոխությունների արդյունքում երկու-երեք պաշտոնյայի հրաժարականը բավարար չէ, որ ՀՀ-ի բիզնես միջավայրը փոխվի: Բովանդակային առումով ես ավելի շատ տեսնում եմ ցուցադրականություն: Այդ բիզնես շրջանակների ոգեւորությունը, որ Դուք նշում եք, կարծում եմ, որ նոր նշանակված անձանցով է նաեւ պայմանավորված: Բոլորը բիզնեսից եկած են: Բայց այստեղ հարց է առաջանում՝ նախ իրենք ինչքանով են պատրաստ փոփոխություն անել: Ամեն դեպքում, այդ մարդկանց գնահատականներ տալը կախված է իրենց քայլերից, թե ինչքանով է իրենց իրավունք վերապահված իրենց բնագավառում մենաշնորհները վերացնել, մրցակցային ազատ պայմաններ ստեղծել: Արդյոք իրենք իրենց նախկին պաշտոններում չէին օգտվում այդ հնարավորություններից՝ նույն մենաշնորհային դիրքից, իշխանության հովանավորությունից: Քանի որ իրականում այն կառույցներից, որտեղից որ իրենք եկել են, ունեցել են այդ հնարավորությունները:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս