Բռնության և սպառնալիքների ազդեցության ներքո «գործը ձեռքից խլել են». ինչպես գործարարը կորցրեց բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը գտնվում է մեռնող վիճակում: Մեղմ ասած, ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի բարելավման կարիք ունի:

Այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ փոքր ու միջին բիզնեսի գործարարների մեծ մասը մտահոգված է առեւտրի ոլորտով: Բնակչության թվի անկումը եւ գնողունակության նվազումը անհաջողությունների հիմնական պատճառն են, բայց ոչ միակը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քաղաքացիական գործ` քաղաքացի Խաչիկ Ավագյանի հայցի հիման վրա: Այսպես՝ սույն անձը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր իրավունքները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատասխանող կողմը «ԱԿՕԴ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Խաչիկ Ավագյանին:
Դատարանը մերժել է հայցը, իսկ դատական «քաշքշուկները» տեւել են ավելի քան 10 տարի:

Գնալով գործի հետքերով՝ «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Բանն այն է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության հիմնադիրներից մեկը Խաչիկ Ավագյանն է: ՍՊԸ-ն ստեղծվել է 2006 թվականին Գենադի Դոլուխանյանի հետ համատեղ: Որոշ ժամանակ եկամտաբեր գործելուց հետո խնդիրներ են առաջացել:

Մասնավորապես, Խաչիկ Ավագյանը բռնության եւ սպառնալիքների ազդեցության ներքո կորցրել է իր մասնաբաժինը: Ասել է, թե «գործը ձեռքից խլել են»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տուժած գործարարը հայտնեց, որ Գենադի Դոլուխանյանը համաձայնել է հարկայինի՝ Շահումյանի բաժնի պետ Արմեն Հունանյանի հետ ապօրինի գործարքներ կնքել, մասնավորապես, պետությանը հասանելիք գումարները չտրամադրել, իսկ ինքը հրաժարվել է կատարել հարկայինի աշխատակցի նույն պահանջը: Արդյունքում իր նկատմամբ ճնշումներ են սկսվել, որպեսզի վերը հիշատակված անձանց՝ «փայ մտնելու գործը» չտապալվի:

Խաչիկ Ավագյանը հայտնեց, որ Դոլուխանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հարվածել է իր գլխին, արդյունքում նա երկար ժամանակ բուժում է ստացել հիվանդանոցում: Հետագայում նա նույնիսկ իր աշխատասենյակ մտնելու հնարավորություն չի ունեցել, մշտապես խոչընդոտների եւ արգելքների առաջ է կանգնել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը բազմիցս դիմել է իրավապահներին, սակայն իր հաղորդմանն առանց պատճառաբանության ընթացք չի տրվել: Խ. Ավագյանի խոսքով՝ ինքն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ չկարողացավ շարունակել զրույցը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ավելի ուշ՝ մոտ մեկ տարի առաջ, Ավագյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանին հաջողվել է հասնել նրան, որ հաղորդմանն ընթացք տրվի: Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ նաեւ փաստաբանից:
Վերջինսի փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2014-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որը անձանց կամ պետությանը վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ նշանակվել էր դատահաշվաբանական փորձաքննություն, որի եզրակացությունն իրեն չէր բավարարել, եւ իրենք դիմել են կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջով: Այն բավարարվել է, սակայն եզրակացություն դեռեւս չկա: Այս հանգամանքը, մեր զրուցակցի գնահատմամբ, մտահոգիչ է, քանի որ գործն ավելի քան մեկ տարի է՝ քննվում է, իսկ սայլը տեղից դեռ չի շարժվել:

Այս ողջ ընթացքում, փաստաբանի խոսքով, պարբերաբար քննիչներ են փոխվել, եւ գործը ձեռքից ձեռք է անցել: Իսկ առավել մտահոգիչը, ըստ Երեմ Սարգսյանի, այն է, որ չկա որպես մեղադրյալ ներգրավված անձ, թեպետեւ հայտնի է անձը, ով պետք է որպես այդպիսին ներգրավվի գործի մեջ. «Այս հապաղումը վնաս է պատճառում առաջին հերթին տուժողի շահերին»,- նկատում է Ե. Սարգսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Խաչիկ Ավագյանը դժգոհ է հարուցված գործի հատկանիշներից, եւ իրենք միջնորդություն են ներկայացրել այն մասին, որ կատարվածում կան նաեւ բազմաթիվ այլ բնույթի հատկանիշներ, այդ թվում՝ յուրացման: Այս միջնորդությանը եւս ընթացք չի տրվել:

ՀՀ քննչական կոմիտեից հարուցված քրեական գործի հետ կապված պաշտոնական տեղեկություն ստանալ չհաջողվեց, չկարողացանք կապ հաստատել Արմեն Հունանյանի հետ:

Իսկ, ահա, տուժած գործարար Խաչիկ Ավագյանի գործընկեր Գենադի Դոլուխանյանը «Ժողովուրդ»-ի հարցը լսելուն պես հայտարարեց. «Ով ինչ ասել է, իր գործն է»: Մեր ճշտող հարցին՝ ինքն ընդունո՞ւմ է, որ բռնության ոււ սպառնալիքների ազդեցության տակ խլել է գործընկերոջ մասնաբաժինը, պատասխանեց. «Էս թեմայի շուրջ ինձ այլեւս չանհանգստացնեք»:

Թե ինչու է քննությունը դանդաղ ընթանում, եւ ինչու մեղադրյալ չի ներգրավվում, դժվար չէ կռահել: Իսկ թե ինչու է գործարարը միայնակ ու անպաշտպան մնում այն պարագայում, երբ կառավարությունը՝ իր բոլոր եկած-գնացած ղեկավարների գլխավորությամբ, հայտարարում է, որ պետք է ամեն գնով առաջ մղել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների գործը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս