«Ժողովուրդ»-ը վերջին փոփոխությունների շուրջ զրուցել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, այլ մարդ չկա՞ր:
-Ինչի՞ չունեինք, էնքան մարդ ունեինք:
-Եթե այդքան մարդ ունեիք, ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանին հրավիրեցիք Մոսկվայից:
-Դա մի տեղ է՝ կամ Կարեն Կարապետյանը պետք է լիներ կամ մեկ ուրիշը:
-Ինչո՞ւ այն «մեկ ուրիշի» վրա կանգ չառաք, այլ կանգ առաք մոսկվաբնակ, անկուսակցական Կարեն Կարապետյանի վրա:
-Վերջին հաշվով դա մի տեղ է, եւ այդ տեղի համար նստում, մտածում ես, գտնում ես՝ առաջիկայում ինչ պետք է կարողանաս կատարես, ընտրում ես Կարեն Կարապետյանին: Դա չի նշանակում, որ մեր երկիրը մարդիկ չունի, որպեսզի պետական ապարատներում աշխատի, պարզապես Հանրապետականը գտավ, որ դա ճիշտ ճանապարհն է:
-Իսկ եթե այս անգամ էլ նա մի քանի ամիս անց այլ՝ ավելի եկամտաբեր աշխատանքի առաջարկ ստանա եւ թողնի հեռանա, մի տեսակ ամոթ չի լինի՞:
-Մի ուրիշ վարչապետ կլինի: Բայց ինքն այն տղան չի, որ թողնի գնա, որովհետեւ նա միշտ էլ Հայաստանում է ապրում, Հայաստանում կարողացել է միշտ էլ պաշտոններ ձեռք բերել, աշխատել, այդպես չի, որ մարդիկ պետք է թողնեն ու գնան: Նա կաշխատի:
-Առաջիկայում արդարադատության նախարարությունը խորհրդարանին է ներկայացնելու մի շարք օրինագծեր: Առաջինը վերաբերելու է ապօրինի հարստացման քրեականացմանը: Ձեզ դա չի մտահոգո՞ւմ:
-Օրինակ՝ եթե պատգամավորներին է վերաբերվում, բոլորը ինչ ունեն, չունեն, հանձնել են թղթին, ներկայացրել են համապատասխան մարմնին:
-Այո՛, ներկայացրել են, բայց որտեղի՞ց նրանց այդքան փող, ի՞նչ ճանապարհով են հարստացել, քրեականացնելուց հետո ամեն ինչ այլ է դառնում, պետք է հիմնավորեն՝ որտեղից են այդ միլիոնները ծագել:
-Ոնց, մարդիկ բիզնես են անում, ծաղկում են:
-Բայց պատգամավորը բիզնես անելու իրավունք չունի: Էլ չասած, որ շատ գործարար պատգամավորներ հայտարարում են, որ իրենք սնանկացման շեմին են:
-Կա մեծ բիզնես, կա փոքր բիզնես, հաջողված կա, մեկը կարողանում է, մեկը ավելի նվաստ սովորություններ ունի, եթե տենց խնդիրներ կա, իրավապահ մարմիններ կան, կարող են բռնել:
-Տեսակետ կա, որ նախարարությունների անունները փոփոխության ենթարկելով եւ չընդունելով ՀՀԿ-ի առաջարկները, նաեւ կառավարության մի շարք հնաբնակների նոր կառավարությունում չներգրավելով՝ Կարեն Կարապետյանը իր ազդեցությունն է ցույց տալիս: Հիմա էլ հերթը հասել է մարզպետներին: Չնայած Սյունիքի մարզպետը սպանության հայտնի գործից հետո վերանշանակվեց պաշտոնում եւ անարգել շարունակեց իր աշխատանքը՝ ներգրավվելով նորանոր աղմկոտ պատմություններում, այժմ տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանը պատրաստվում է Սուրիկ Խաչատրյանին ազատել աշխատանքից՝ այդպիսով նաեւ ցույց տալով, որ ոչ ոք չկարողացավ նրան զրկել մարզպետի պաշտոնից, իսկ, ահա, ինքը այդ քայլը կանի:
-Ասեմ հետեւյալը, ամբողջ կառավարությունը աշխատում է այն թեզերի հիման վրա, որ ստեղծել է Հանրապետական կուսակցությունը, իսկ Կարեն Կարապետյանը կարող է ցանկացած մարզպետի, նախարարի, չգիտեմ, մեկի, մյուսի իր պահանջները ներկայացնել դրական ձեւով եւ հասնել արդյունքի:
-Հիմա նորանշանակ վարչապետը Սյունիքի մարզպետի պահանջները ներկայացնելու է դրական ձեւո՞վ, թե՞ նրան ազատելու է աշխատանքից:
-Բայց ես չգիտեմ, որ Սուրիկ Խաչատրյանը կամ որեւէ մեկը գնում է, եթե ուզենամ, կիմանամ, եթե իմանամ էլ, Ձեզ այս պահին չեմ ասի, որովհետեւ խնդիրը պետք է լինի նոր խոսենք այդ մասին:
-Կայացավ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը: Սակայն տարօրինակն այն է, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ արվել է, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
-Դա ուշ չի ներկայացվել, որովհետեւ առաջին ընթերցումը նախորդ նստաշրջանում է եղել, դրանից հետո՝ մոտավորապաես 24-ից 30-ը, քննարկումներ են եղել, եւ հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ հայտարարեց, որ քննարկումներին մասնակցեք: Ընդդիմությունից հիմնականում մարդիկ չեն մասնակցել եւ առավել եւս քննարկման ժամանակ էլ չցանկացան միջամտել, որպեսզի հասկանան՝ ինչ է փոխվել:
Քնար Մանուկյան