Մեր թիվ մեկ թիրախը իշխանությունն է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը սեպտեմբերի 18-ի ընտրություններում արդեն իսկ հասցրել է գրանցել իր առաջին հաղթանակը. Նոր Կյանք համայնքում ընտրվեց կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը: Իսկ թե ինչպես են պատրաստվում հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող ընտրություններին, փորձեցինք պարզել Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արթուր Համբարձումյանից:
-Պարո՛ն Համբարձումյան, ինչո՞ւ պետք է գյումրեցին իր ձայնը տա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ո՞րն է Ձեր հիմնավորումը:

-Այդ հարցին ամենաճիշտը կպատասխանի գյումրեցին, ով ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նոր դուրս է եկել ընտրախցիկից:Մենք ներկայացրել ենք մեզ, ներկայացրել ենք մեր ծրագիրը: Մենք ունենք ծրագիր, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների ծրագրից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ ընդգրկված մարդիկ ունեն կենսագրություն: Ես միշտ մարդկանց ասել եմ` դուք պետք է նեղություն տաք ձեզ, ուսումնասիրեք ծրագիրը եւ ծանոթանաք այն մարդկանց հետ, ովքեր ներկայացրել են այդ ծրագիրը:

-Դուք, որպես կուսակցության ցուցակում առաջին համարը զբաղեցնող թեկնածու, ի՞նչ ծրագրեր ունեք, եւ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:

-Մենք տասը պարտավորություն ենք ստանձնում, որոնք պետք է կատարենք առաջիկա երկու տարիների ընթացքում: Ես նաեւ պարտավորվել եմ, այսինքն՝ սա նաեւ տասնմեկերորդ պարտավորությունն է, որ այդ ծրագրերից որեւիցե մեկի չկատարման դեպքում հրաժարական կտամ քաղաքապետի պաշտոնից:

-Ըստ Ձեզ՝ այս ընտրություններում ո՞րն է հաղթանակի գրավականը:

-Մենք ասում ենք, որ սա քաղաքական ընտրություն է, ժողովուրդը պետք է կատարի քաղաքական ընտրություն, իշխանություններն ասում են, որ ո՛չ, սա քաղաքական ընտրություն չէ, սա թաղային ինչ-որ իրադարձություն է, եւ ես կարծում եմ, որ քաղաքական ընտրության արդյունքում մենք պետք է հաղթենք: Մարդիկ փոփոխություններ են ուզում, նոր դեմքեր են ուզում, ուզում են, որ իշխանությունը կաշկանդված չլինի ո՛չ կառավարությունից, ո՛չ քաղաքային կլաններից: Մենք կաշկանդվածություն չունենք ո՛չ այնտեղից, ո՛չ այլ տեղից: Այս հանգամանքը էականորեն տարբերում է մեզ մնացած ուժերից:

Ո՞ր քաղաքական ուժին եք համարում Ձեզ արժանի մրցակից:

-Բարդ հարց եք տալիս: Հետագա շահարկումներից խուսափելու համար Ձեր հարցին պատասխանելուց զերծ կմնամ:Մեր թիվ մեկ թիրախը իշխանությունն է: Մենք պետք է հաղթենք իշխանություններին:

Վահագն Հակոբյան




Լրահոս