Ով էր ասում կախարդական փայտիկ չկա. էժան մաքսատուրք ունեցող «սկոչը» պահեստ մտնելուց հետո դարձել է հենց նոր «քոլից պոկված» լոլի՞կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ անցած տարեվերջին Ռուսաստանը հայտարարեց թուրքական ապրանքների ներմուծումն իր երկիր արգելելու մասին, Հայաստանի՝ հատկապես իշխանական շրջանակներում մեծ ոգեւորություն տիրեց: Իշխանության ներկայացուցիչները համոզված էին, որ այդ սանկցիաների արդյունքում դեպի Ռուսաստան հայկական բանջարեղենի արտահանումը շեշտակի կավելանա:

Սակայն հայկական արտադրության բանջարեղենը ոչ միայն չարտահանվեց Ռուսաստան, այլ նաեւ թուրքական լոլիկի ներկրման արդյունքում տեղական արտադրողներն այս տարվա ապրիլին, մայիսին եւ հունիսին լուրջ վնասներ կրեցին:

Ներկրված էժան լոլիկի պատճառով տեղական ջերմոցները չէին կարողանում իրենց արտադրանքը շահույթով իրացնել: Ապրիլ- մայիսին գյուղացիները համառորեն բողոքում էին, թե իրենց բերքը չեն կարողանում շահութաբեր գնով վաճառել, քանի որ թուրքական պոմիդոր է ներկրվել Հայաստան եւ էժան գնով վաճառվում է:

Սակայն այստեղ մի անհասկանալի իրավիճակ է ձեւավորվում: Բանն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ներկրվել 156 տոննա 600 կիլոգրամ պոմիդոր: Կհարցնեք՝ հետո՞ ինչ, բացատրենք` ստացվում է, որ մի քանի տասնյակ տոննա պոմիդորի ներկրումը կարող է Հայաստանի շուկան տակնուվրա անել եւ պոմիդորի գինը միանգամից 200 դրամով էժանացնել:

Ու սա այն դեպքում, երբ հազարավոր տոննաների արտահանումը մեր շուկայի վրա չի ազդում: Այո, այո, ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 30 հազար 246 տոննա լոլիկ: Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրությունից էլ պարզվում է, որ այդ լոլիկի 30 հազար 28 տոննան արտահանվել է Ռուսաստան, եւս 200 տոննա էլ արտահանվել է Բելառուս:

Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է ընդամենը 723,8 տոննա, իսկ ողջ տարվա ընթացքում 1 հազար 129,7 տոննա: Ստացվում է, որ միայն կես տարվա արդյունքներով պոմիդորի արտահանումն անցած տարվա համեմատ երեսուն անգամ աճել է:
Պոմիդորի արտահանման տվյալները առավել պատկերավոր դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացված է, թե ինչպիսին է այս տարվա յոթ ամիսներին Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ լոլիկի արտահանման դինամիկան (վերը նշված 200 տոննայից բացի՝ մնացած ողջ լոլիկը գնացել է ՌԴ).
ժամկետը աճը

1 ամիս 1208տ ….…
2 ամիս 6416տ 5208տ
3 ամիս 13 348տ 6932տ
4 ամիս 20 366տ 7018տ
5 ամիս 27 877տ 7511տ
6 ամիս 30 227տ 2350տ
7 ամիս 30 369տ 142տ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ընդհանուր արտադրվել է 82 հազար 900 տոննա բանջարեղեն: Հատուկ պաշտոնական վիճակագիրների համար հիշեցնենք, որ բանջարեղեն են նաեւ տաքդեղը, վարունգը, սմբուկը եւ այսպես շարունակ: Ուստի, եթե Հայաստանում վեց ամսում արտադրված ընդհանուր բանջարեղենի մոտ 40 տոկոսը արտահանվել է, որն էլ եղել է կոնկրետ միայն լոլիկ, ապա այդ ամիսներին Հայաստանում պոմիդորը միայն խոշորացույցով պետք է գտնեինք` հատը հազար դրամով: Սակայն բոլորս հիշում ենք, որ նման իրավիճակ Հայաստանում երբեւէ չի եղել: Լոլիկի պակասություն մեր շուկայում երբեւէ չի եղել:
Հիշո՞ւմ եք` այս տարվա գարնանը լուրեր տարածվեցին, որ թուրքական լոլիկը ներկրվում է Հայաստան, այնուհետեւ հայկականի անվան տակ արտահանվում Ռուսաստան: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, պաշտոնապես այս տարի Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ լոլիկ:

Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է ապացուցեն, թե ինչպես է մեկ տարում լոլիկի արտադրության ծավալները երեսուն անգամ ավելացել Հայաստանում, կամ էլ պետք է պարզաբանեն, թե այդ ինչ լոլիկ է հայկականի անվան տակ արտահանվել Ռուսաստան: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ ուրիշ այլ երկիր «հայկական» նորահայտ լոլիկից չի արտահանվել: Ռուսական եւ այլ երկրների շուկաները մեկ տարբերություն են ունեցել` ՌԴ-ն իր շուկան թուրքական ապրանքների համար փակել էր: Հասկանալի է, չէ, որ եթե այդ լոլիկը իսկապես հայկական է եղել, ապա մեր արտադրողները չէին կարող միայն ՌԴ շուկայով բավարարվել:

Ավելին, եթե եկող տարի այդ նույն ծավալներով պոմիդոր չարտահանվի, Հայաստանից, ապա ինչպես են բացատրելու՝ հսկայածավալ լոլիկն ուր կորավ: Ի վերջո, եթե Հայաստանում կարողացել են ողջ երկրի պահանջարկն ապահովելով հանդերձ՝ ամսական 7 հազար տոննա լոլիկ արտահանել, նման ծավալները մեկ ակնթարթում չեն կարող անհետանալ: Չնայած, ով գիտի, պաշտոնական վիճակագիրները կարող են ասել, որ ինչպես մեկ ակնթարթում այն հայտնվել է, նույն կերպ էլ անհետացել է: Իսկ այն փաստը, որ Ռուսաստանը թուրքական ապրանքների վրայից արգելքը հանել է, այս խնդրի հետ կապ չունի:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե իրենք ինչպես են հավաստիանում, որ արտահանվող լոլիկը հայկական արտադրության է եւ ոչ թե, ասենք, թուրքական, որը հայկականի անվան տակ է ներկայացվում: «Արտահանվող լոլիկի մաքսային ձեւակերպումների ընթացքում մաքսային հայտարարագրին կից ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող միակ փաստաթուղթը բուսասանիտարական հավաստագիրն է, որն էլ տեղեկություններ է պարունակում սննդամթերքի ծագման երկրի վերաբերյալ: Ձեւակերպման ընթացքում ապրանքի ծագման երկրից կախված առանձնահատկությունները բացակայում են, ինչի արդյունքում ծագման երկրի հավաստագիր չի պահանջվում»,- պատասխանեցին ՊԵԿ-ից:

Մյուս կողմից էլ, ինչպես վերը նշել ենք, պաշտոնապես Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ լոլիկ: Ստացվում է, որ թուրքականը հայկականի կարող էր վերածվել միայն մեկ դեպքում, եթե այն այլ ապրանքի անվան տակ է ներկրվել Հայաստան: Ասենք, էժան մաքսատուրք ունեցող «սկոչը» պահեստ մտնելուց հետո դարձել է հենց նոր «քոլից պոկված» լոլիկ: Նման բան, իհարկե, հնարավոր է, եթե գոյություն ունենա կախարդական փայտիկ:

Բայց ինչպես հայտնի է՝ ՀՀ ներկա եւ նախորդ վարչապետները կախարդական փայտիկ չունեն եւ այդ մասին արդեն խոստովանել են: Նրանց ենթակաները եւս դժվար թե ունենան: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում կախարդական փայտիկի առկայության կամ բացակայության մասին որեւէ հստակեցում չկա: Միգուցե նա ունի՞:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս