Լոռու մարզի Ազնվաձոր համայնքն այս տարի էլ չի գազաֆիկացվի, ինչը բնակչության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել: 600 բնակիչ ունեցող համայնքը գտնվում է Վանաձորից շուրջ 10 կմ հեռավորության վրա:
Գյուղը երբեւէ գազաֆիկացված չի եղել, ամեն տարի բնակիչները հույսով սպասում են, թե ձմռանը կկարողանան գազով տաքացնել բնակարանները, մինչդեռ տարիներն անցնում են, բայց ազնվաձորցին այդպես էլ չի կարողանում օգտվել կապույտ վառելիքից: Ազնվաձորի գյուղապետ Նարեկ Հովսեփյանն ասում է, թե համայնքի գազաֆիկացման ծրագիրը պետական միջոցներով պետք է իրականացվի, այն նախատեսված է 2017-2018թթ-ին:
Համայնքի դպրոցում սովորոմ է 40 աշակերտ: Ձմռանը դպրոցը ջեռուցվում է էլեկտրականությամբ: Մանկապարտեզ գյուղում չկա, մինչդեռ մանկապարտեզային տարիքի 40 երեխա կա, որոնց ծնողները չեն կարողանում աշխատանքի ընդունվել, քանի որ երեխաներին խնամող չկա. «Մանկապարտեզի կարիքն իսկապես զգացվում է, բայց համայնքի բյուջեով մանկապարտեզ պահել պարզապես անհնար է»,-ասում է համայնքի ղեկավարը: Ըստ նրա՝ իրենք փորձում են մանկապարտեզի համար շենք գնել, իսկ պահպանման եւ մյուս գումարների խնդիրներն էլ հավանաբար որեւէ ծրագրով կլուծվեն:
Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող գյուղի թերեւս կարեւորագույն խնդիրը կապույտ վառելիքի բացակայությունն է ու խմելու ջրով գյուղի ամբողջական ապահովումը: Թաղամասեր կան, որտեղ խմելու ջրագիծ չի գործում:
Ազնվաձորում, ինչպես մարզի 88 այլ համայնքներում, հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող գյուղապետն ու դպրոցի ուսուցչուհին: Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է կրկին որոշել համայնքի ղեկավար դառնալ: Նա ասաց, որ կիսատ գործեր կան, որոնք ինքը ցանկանում է ավարտին հասցնել: Նշենք, որ Ազնվաձորի բյուջեն 9 մլն դրամ է: Գյուղապետարանն ունի 4 աշխատակից:
Լիլիթ Ավետիսյան
Վանաձոր