Կարեն Կարապետյանը ծածուկ այցելել է ՊՆ. ի՞նչ հարցեր է քննարկել Սեյրան Օհանյանի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին եւ մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի եւ վարչապետի հանդիպումը եւս բավական երկար է տեւել: Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով եւ հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի: Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է:

Արդյոք Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել, որպեսզի Սեյրան Օհանյանին անձամբ հավաստիացնի, որ ինքը նրա դեմ ոչինչ չունի, եւ որ նրա վերանշանակման հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշելու: Ամեն դեպքում, առաջիկա օրերին, երբ, ի վերջո, տեղի կունենա պաշտպանության նախարարի նշանակումը, Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցելության պատճառը, թերեւս, հասկանալի կդառնա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանեց, թե այդ այցի մասին տեղեկություն չունի: «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,- պատասխանեց Շուշան Սարդարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս