Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,
հոկտեմբերի 1-ին առաջադեմ աշխարհը 1990 թվականից ի վեր նշում է որպես Տարեցների միջազգային օր: Իմ խորին համոզմամբ, սակայն, հայկական իրականության մեջ տարվա յուրաքանչյուր օրն է մեր սիրելի մեծերինը:
Պարզապես այս օրը լրացուցիչ տոնականություն ենք հաղորդում մեր վերաբերմունքին և առիթն օգտագործում ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր արժանիորեն վաստակել են երջանիկ ու անհոգ ծերության իրավունքը: Այս օրը նաև առիթ է մեկ անգամ անդրադառնալու տարեցների խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:
Մեր տարեցները, նրանց հուզող խնդիրները միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանի կողմից իրականացվող համաքաղաքային, սոցիալական կամ այլ ծրագիր չկա, որտեղ առանձնակի ուշադրություն չհատկացվի տարեցներին: Մեր թիմն անում է հնարավորը, որ ավագ սերունդն իրեն զգա մեր սիրելի մայրաքաղաքի լիարժեք ու ակտիվ քաղաքացի և, թեկուզ տարիների փորձից եկող խորհուրդներով, իր մասնակցությունը բերի Արևի քաղաք Երևանի զարգացմանը:
Սիրելի տարեցներ,
այսօր վստահաբար շատ շնորհավորանքներ կստանաք: Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ ուզում եմ, որ երկար տարիների առողջ ու անհոգ կյանք ունենաք և վստահ լինեք, որ մեր սերունդը սիրում ու գնահատում է ձեզ ու միշտ ձեր կողքին է»: