Տարեցների միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2798- ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են 100 և բարձր տարիքի երևանցիների բնակարաններ:
Ավանդույթի համաձայն, քաղաքապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել են մեր տարեց համաքաղաքացիներին` տարեցների միջազգային օրվա և Երևանի ծննդյան հերթական տարեդարձի առիթներով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ: Շենգավիթ վարչական շրջանում տնայցերին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը: Տարեց երևանցիները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության և հոգատարության համար ու հատկանշել, որ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են ոչ միայն տոնական օրերին:
Մայրաքաղաքում բնակվող 100 և բարձր տարիք ունեցող երևանցիները 19-ն են: