«Ընդդիմադիրների» պայքարը անձերի դեմ էր. ով ում շահերն է սպասարկում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ներկայիս ընդդիմադիր ուժերը սպասարկում են իշխանության այս կամ այն թեւի շահերը, որ հիմա չկա իրական, գաղափարական ընդդիմություն, մի բան, որն առկա էր 90-ականներին: Այդպես էր արդյոք: Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ նոստալգիկ պնդումները եւս չեն համապատասխանում իրականությանը:

1996 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Հետընտրական հանրահավաքները ավարտվեցին ԱԺ «գրավումով», խորհրդարանի նախագահության անդամների եւ պաշտոնյաների ծեծուջարդով: Սեպտեմբերի 26-ին կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ հրավիրվեց` ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրակարգով, պատճառը ցուցարարներին նման գործողությունների հրահրելն էր:

Արդյունքում Հայաստանի Ազգային ժողովը որոշում կայացրեց պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին, Ներսես Զեյնալվանդյանին զրկել անձեռնմխելիությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն հետագայում անհայտ պատճառներով քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե հայտնի իրադարձություններից հետո ինչ ճանապարհ են անցել այդ ժամանակ անձեռնմխելիությունից զրկված վերոնշյալ քաղաքական գործիչները եւ ինչով են զբաղված հիմա:

Arshak Sadoyan

Արշակ Սադոյանը 1999-2003 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք), ընտրվել է «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով` լինելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2001թ. հիմնել եւ մինչ օրս ղեկավարում է ԱԺԴ կուսակցությունը: 2009 թվականի մարտին ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ ՀՀ հանրային խորհրդի անդամ է։

avagyan_12

Սեյրան Ավագյանը 1990-2003թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի առաջին, երկրորդ, երրորդ գումարումների պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական, ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 2003-2007 թթ. Ս. Ավագյանն աշխատել է որպես ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահին կից մշակույթի խորհրդի նախագահ: Նա 2007թ. նոյեմբերից ՀՀՎՊ խորհրդի անդամ է: Հանդիսանում է ՀԺԱՄ կուսակցության նախագահ:

Ruben-Hakobyan

Ռուբեն Հակոբյանը 1999-2000 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր` ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2000-2008 թթ. ծավալել է դիվանագիտական գործունեություն` Սանկտ Պետերբուրգում զբաղեցնելով ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը: 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։

2013 թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել է հրաժարական։ 2015թ. սեպտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։

paruyr-hayrikyan

Պարույր Հայրիկյանը 1990-98 թթ. ՀՀ խորհրդարանի անդամ էր, 1998-99 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական եւ սահմանադրական բարեփոխումների, 1998-2002 թթ.՝ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ 2013 թ. հունվարին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրություններից երեք շաբաթ առաջ փողոցում մահափորձի ենթարկվեց, ինչից հետո ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։

ՀՀ դատարանը մահափորձի կազմակերպման մեջ մեղավոր ճանաչեց նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին եւ նրան դատապարտեց 14 տարվա ազատազրկման։ 2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայրիկյանը ստացավ ընտրողների 1,23% ձայները։

shavarsh-qocharyan

Շավարշ Քոչարյանը 1995-1999 թթ. եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ազգային Ժողովրդավարական միության» (ԱԺՄ) խմբակցության քարտուղար։ 1999-2003 թթ. զբաղեցրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

1999-2003 թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության, իսկ 2003-ից ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի եւ սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։ 2008 թ. օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2011 թվականին պարգեւատրվել է ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ Մխիթար Գոշի մեդալով։ Իսկ 2015 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Vazgen-Manukyan-Re

Վազգեն Մանուկյանը 1995-2007 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2009 թվականի մարտից՝ Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի նախագահ։ 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: 2007-ին չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այսօր նա ԱԺՄ նախագահն է, ղեկավարում է Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը:

davit vardanyan

ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր, 2000-2003 թ.թ. պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի անունը ժամանակին կապվում էր պետական գույքի մասնավորեցման մութ պատմությունների հետ: Պաշտոնը լքելուց հետո նա հեռացավ քաղաքականությունից:

Ուսումնասիրելով վերոնշյալ քաղաքական գործիչների ծավալած գործունեությունը սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո` պարզվում է, որ շատերի ընդդիմադիր պայքարը դրսեւորվել է ոչ թե համակարգի դեմ, այլ պայմանավորված է եղել կոնկրետ անձով: Իշխանափոխությունից հետո քաղաքական թատերաբեմում հայտնվեցին այլ անձինք նույն գաղափարներով, սակայն այդ ընդդիմադիր գործիչներից շատերը նույն պոռթկումով չընդվզեցին նրանց դեմ:

Վահագն Հակոբյան




Լրահոս