Օտարազգի երգիչների խնդրանքը Սիլվա Հակոբյանին. ինչ անակնկալներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիլվա Հակոբյանի երկրպագուները չեն դադարում հետաքրքրվել նրա գործունեությամբ եւ պահանջներ ներկայացնել: Սոցցանցերում նրանցից շատերը գրում են, որ սպասում են Սիլվայի նոր տեսահոլովակին եւ նրա երեւանյան մենահամերգին:

Ընթերցողներին հիշեցնենք, որ երգչուհու հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաեւ նրա պրոդյուսերն է, ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ մենահամերգով հանդես գալու գաղափարն արդեն «եռում է», եւ, հավանաբար, 2016-ին իրենք կզբաղվեն դրա իրականացմամբ: Այժմ արդեն Հ. Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ այս տարի չեն հասցնի մենահամերգի հետ կապված նպատակը կյանքի կոչել. «Միանշանակ, մտածում ենք այդ ուղղությամբ, բայց երեւի թե դրանով կզբաղվենք հաջորդ տարի»:

Պրոդյուսերի խոսքով` երգչուհին 30-ից ավել չհրապարակված երգեր ունի, եւ մտածում է դրանցից երկուսի (հեղ.` Մանե Հակոբյան) հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մասին. «Պարզապես անընդհատ ճամփորդում ենք, համերգային շրջագայությունների մեջ ենք, ուստի չենք հասցնում դրանով զբաղվել:

Երգերից մեկը, օրինակ, մեղեդային բնույթ եւ սիրային թեմատիկա ունի, այն կոչվում է «Սիրո աստղ», իսկ, ահա, մյուսը ավելի ռիթմիկ գործ է, կոչվում է «Գնանք պարելու». դրա միջոցով Սիլվան կոչ կանի բարձր պահել տրամադրությունն ու միանալ իրեն»:
Հ. Հակոբյանը նշեց նաեւ, որ հոկտեմբերից նոյեմբեր Սիլվան բացակայելու է երկրից. նա Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարբեր քաղաքներում հանդես է գալու շուրջ 30 համերգներով:

Այն, որ Սիլվան մշտապես պլագիատի զոհ է դառնում, արդեն գաղտնիք չէ. արտերկրի մի շարք կատարողներ հաճախ գողանում են նրա երգերը: Բայց այս ամենից զատ, պարզվում է, մի շարք օտարազգի երգիչներ պարբերաբար կապ են հաստատում Սիլվայի հետ եւ խնդրում, որ հեղինակային իրավունքները պաշտպանելով հանդերձ` կատարեն նրա երգերը` իրենց հարազատ լեզվով: Հ. Հակոբյանի խոսքով` Սիլվային այդ հարցով հասցրել են դիմել երգիչներ Հունաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Բուլղարիայից եւ մի շարք այլ երկրներից: Երգչուհին էլ սիրով տվել է իր համաձայնությունը:

Սիլվայի երկրպագուներին հուզող հարցերից մեկն էլ վերաբերում է նրա եւ իտալացի հայտնի երգիչ Պատրիցիո Բուանեի դուետին (Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր նրանց կատարմամբ «Ով սիրուն, սիրուն» երգը իսպաներենով): Շատերին հետաքրքրում է` երբ է իրենց կողմից սիրված այդ կատարումը ներկայացվելու տեսահոլովակի տեսքով. «Նման ծրագրեր արդեն կան, բայց թե կոնկրետ երբ կիրականացվեն, դեռ չեմ կարող ասել: Միայն կնշեմ, որ նպատակ ունենք Բուանեին հրավիրելու ձմռանը կայանալիք «Տաշի շոու»-ին, եւ եթե դա ստացվի, Սիլվան ու Պատրիցիոն շոուի ընթաքում հանդես կգան իրենց դուետով»,-եզրափակեց պրոդյուսերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս