Արտագաղթի ծանր հետևանքը` հացի արտադրության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 8 ամիսներին Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները նվազել են:

Մասնագետները հացի արտադրության ծավալների նվազման այս միտումը պայմանավորում են արտագաղթի աճով: Այսինքն՝ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է, ինչի արդյունքում էլ նվազել են հացի իրացման, ապա՝ արտադրության ծավալները:

Այսպես՝ հացի արտադրության ծավալները այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկին նվազել են՝ 2.3 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա 8 ամիսների ընթացքում արտադրվել է 186 հազար 900 տոննա, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 191 հազար 300 տոննա հաց: Սրընթաց նվազում են նաեւ ալյուրի արտադրության ծավալները. այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 104 հազար 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 122 հազար 400 տոննա ալյուր: Այսպես՝ վերոնշյալ ժամանակահատվածում, պաշտոնական վիճակագրության համաձայն, ալյուրի արտադրության ծավալները 14.4 տոկոսով նվազել են: Իսկ ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը, մասնագետների համոզմամբ, պատրաստի ալյուրի ներկրումն է:

Նկատենք նաեւ, որ այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3.2 տոկոսով ավելացել են մակարոնեղենի արտադրության ծավալները: Այսինքն՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1 մլն 948 հազար 500 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 888 հազար 300 տոննա մակարոն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս